ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մոտ ժամանակներս ծրագրում է Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնել։ Այս մասին ասվում է սպառնալիքների մասին նախազգուշացման մեջ, որը տարածել է Պետդեպը։
«Արժանահավատ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այնպիսի ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են ԴԱԻՇ-ն ու «Ալ-Քաիդան» և նրանց կողմնակիցները, մոտ ժամանակներս ահաբեկչություններ են պատրաստում Եվրոպայում»,- ասվում է փաստաթղթում։ Ընդ որում, խոցելի են մնում բոլոր եվրոպական երկրները։
Առաջին հերթին ահաբեկչական դրսևորումներ են հնարավոր խոշոր մարզական միջոցառումների ժամանակ, թատրոններում, բաց շուկաներում, ավիածառայություններում, տրանսպորտային համակարգերում և հասարակական վայրերում։
Պետդեպը պարզաբանում է, որ դա կապված է Սիրիայից ու Իրաքից ԴԱԻՇ-ին միացած եվրոպական պետությունների քաղաքացիների Եվրոպա դարձի հետ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ահաբեկչություններ կարող են կատարվել նաև այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։