Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ,չորրորդ, հինգերորդ մասերին, ինչպես նաև և վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:
Հոդվածաշարի այս մասն առավել գործնական նշանակության է: Այս մասում կքննարկենք, թե ինչպիսի գործոններ և հանգամանքներ են անհրաժեշտ հաշվի առնել խաղաղ անհնազանդության պայքարի ռազմավարություն և մարտավարություն մշակելու համար: Նախորդ մասերում արդեն անդրադարձանք արդյունավետ քաղաքական գործընթաց նախաձեռնելիս մանրամասն մշակված ռազմավարություն, դրանից բխող մարտավարություն և գործողությունների համալիր ծրագիր մշակելու անհրաժեշտությանը: Այս մասում կքննարկենք նմանատիպ ռազմավարություն մշակելու մանրամասները:
Նախորդ մասում նկարագրված հիմնական ռազմավարության և դրանից բխող մանրակրկիտ գործողությունների համալիր ծրագիր մշակելու համար անհրաժեշտ է ստեղծված օբյեկտիվ իրականության և արդյունավետ գործողությունների տարբերակների ստույգ գնահատում: Նմանատիպ վերլուծության արդյունքում է հնարավոր միայն մշակել արդյունավետ հիմնական ռազմավարություն և դրանից բխող լոկալ քարոզչական ռազմավարություններ և մարտավարություններ: Սակայն մինչև վերոգրյալին հասնելը հարկավոր է հստակ տարբերակել հիմնական ռազմավարության, առանձին քարոզչական ռազմավարությունների և մարտավարությունների տարբերությունը: Չնայած այս 3 հասկացությունները միմյանց հետ սերտորեն կապված են, այնուամենայնիվ, դրանք տարբեր գործընթացներ են: Ուստի, մինչև խաղաղ անհնազանդության շարժում նախագծելը խորհուրդ է տրվում առավել մանրամասն ուսումնասիրել նախորդ մասում վերոգրյալ հասկացությունները նկարագրող հատվածը:
Խաղաղ անհնազանդության ընդհանուր ռազմավարությունը մշակելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օբյեկտիվ իրականությունից բխող մի շարք առանցքային խնդիրների: Ստորև մենք կսահմանենք մի շարք գործոններ, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում խաղաղ անհնազանդության նախագծման բոլոր մակարդակներում: Խաղաղ անհնազանդության շարժման ընդհանուր ռազմավարությունը մշակելիս անհրաժեշտ է խորքային պատկերացումներ ունենալ նախատեսվող գործընթացի մասին: Նմանատիպ շարժում նախագծողները պետք է հաշվի առնեն սպասվող շարժման վրա ազդեցություն ունեցող ֆիզիկական, պետական, պատմական, մշակութային, հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և միջազգային գործոնները: Հարկավոր է խորապես գիտակցել նախատեսվելիք շարժման կարևորությունն ու նպատակները: Պետք է մանրամասն հիմնավորել շարժման նպատակներն ու դրանց կարևորությունը հանրային շահի տեսանկյունից: Ընդհանուր ռազմավարությունը մշակելիս հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանուն ժողովրդավարացման պայքարը ենթադրում է հնարավորինս թափանցիկ գործընթաց և հնարավորինս պարզ հաշվետվողականություն շարժման շարքերում ներգրավված մարդկանց նկատմամբ: Հաճախակի հանդիպող պոպուլիստական ձևակերպումներն ու կոչերը պետք է բացառել շարժման հռետորաբանությունը որոշելիս և միշտ պետք է հիշել, որ խաղաղ անհնազանդության շարժումը երբեք չի հանգեցնում պետական կառավարման ճգնաժամի, այլ հակառակը, այն ուղղված է հնարավոր կառավարման ճգնաժամից խուսափելուն:
Խաղաղ անհնազանդության հիմնական ռազմավարություն մշակողները պետք է պատասխանեն մի շարք հարցերի.
- Որո՞նք են իրենց հռչակած նպատակներին հասնելու հիմնական խոչընդոտները:
- Ինչպիսի՞ գործոններ կարող են նպաստել իրենց նպատակների իրագործմանը:
- Որո՞նք են հակառակորդի հիմնական ուժեղ կողմերը:
- Որո՞նք են հակառակորդի խոցելի կողմերը:
- Որքանո՞վ են իրենց մոտ առկա ուժի աղբյուրները բավարար իրենց նպատակների իրականացման տեսանկյունից:
- Որքանո՞վ է հասարակությունը հետաքրքրված իրենց կողմից նախաձեռնվող գործընթացով:
- Որո՞նք են իրենց թերություններն ու ուժեղ կողմերը:
- Ո՞րն է նախատեսվող գործընթացում անուղղակիորեն ներգրավված երրորդ ուժերի կարգավիճակը, որոնք արդեն աջակցել են կամ կարող են աջակցել շարժմանը կամ հակառակորդին:
Վերոգրյալ հարցերին հանգամանորեն պատասխանելու դեպքում խաղաղ անհնազանդության շարժման ռազմավարություն մշակողները կկարողանան հնարավորինս արդյունավետ քաղաքական գործընթաց սկսել: Բացի վերոգրյալ հարցերին պատասխանելը՝ անհրաժեշտ է մանրամասն քննարկել նաև դրանից բխող պայքարի միջոցները: Հարկավոր է քննարկել պայքարի հնարավոր բոլոր այլընտրանքային տարբերակները: Վերջնական պայքարի ձևի ընտրությունը կատարելիս ռազմավարություն մշակողները պետք է համոզված լինեն, որ պայքարի ընտրված ձևն իրենց հնարավորությունների շրջանակներում է, պայքարի ընտրված ձևի թիրախները հակառակորդի թույլ կողմերն են, այլ ոչ թե հակառակը: Պետք է համոզվել նաև թե, որքանով իրենց ընտրած պայքարի ձևը կապահովի պայքարի՝ առանց կողմնակի միջամտության ընթացքն ու ելքը, ո՞րը կլինի հաղթանակի ճանապարհին իրենց ընտրած պայքարի ձևի արդյունքը, արդյո՞ք պայքարի իրենց ընտրած ձևը ապահովում է դրան մասնակցողների կողմից կորուստների նվազագույն շեմը և, վերջում, պարտադիր պետք է հաշվի առնել, թե հաղթանակի դեպքում իրենց ընտրած պայքարի ձևն ինչպիսի ազդեցություն կունենա հետագա ժողովրդավարացման վրա:
Խաղաղ անհնազանդության շարժման հիմնական գաղափարական հենքը շարժման արդյունավետ ավարտից հետո կայուն ժողովրդավարական համակարգի ստեղծումն է: Հետևաբար, ռազմավարություն մշակողները պարտավոր են մինչև շարժման մեկնարկը նախագծել շարժման արդյունավետ ավարտին հաջորդող տևական ժողովրդավարացման ծրագիր: Ռազմավարության այդ հատվածը պետք է ապահովի ժողովրդավարացման գործընթացն ըստ դրա մասնագիտական սահմանման և պետք է չեզոքացնի նոր ոչ ժողովրդավարական իշխանության ձևավորման հավանականությունը: Ժողովրդավարացման գործընթացին նպաստելու, իսկ այնուհետև հարատև ժողովրդավարական համակարգ կառուցելու նպատակներն իրականություն դարձնելու համար պայքարի ընտրված միջոցները պետք է նպաստեն հասարակության շրջանում ուժի արդյունավետ վերաբաշխմանը: Նախորդ մասերում արդեն անդրադարձել ենք արդյունավետ խաղաղ անհնազանդության շարժումում իրականացնելու նախապայմաններին, որոնցից մեկը քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ սոցիալական խմբերի առկայությունն էր: Հարկավոր է հիշել այս կարևոր դրույթի մասին և ռազմավարություն մշակելիս հետագա ժողովրդավարացման համատեքստում նկատի ունենալ շարժման նմանատիպ անկախ սոցիալական խմբերի ձևավորման կարևորության մասին: Նմանատիպ խմբերի առաջացումն իրենից երկարաժամկետ գործընթաց և հետևողական աշխատանք է ներկայացնում, որն էլ ամբողջությամբ նկարագրում է խաղաղ անհնազանդության տրամաբանությունը:
Ռազմավարությունը մշակելիս անհրաժեշտ է գնահատել, թե ինչպիսին կլինեն ներքին դիմադրության շարժմանն աջակցող արտաքին ուժերի միջամտությունը: Իրականում, ցանկացած ժողովրդավարացմանն ուղղված շարժում պետք է միշտ հույսն իր վրա դնի, այսինքն՝ ներքին դիմադրության օջախը միշտ պետք է հիմնական ուժի կարգավիճակում լինի և չպետք է թույլ տալ, որպեսզի ներքին դիմադրության շարժումն օգտագործվի այլ երկրների կամ միջազգային կառույցների կողմից: Սակայն այս ամենը չի նշանակում, որ խաղաղ անհնազանդության ռազմավարություն մշակողները պետք է անտեսեն կամ մերժեն իրենց նպատակների իրականացմանն առանց նախապայմանների օժանդակելու ցանկություն ունեցող միջազգային կառույցների առաջարկները: Այդ օգնությունը կարող է լինել միջազգային դիտորդական կազմակերպությունների դատապարտող զեկույցների, իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտող զեկույցների, ժողովրդավարության հիմնախնդիրներով զբաղվող միջազգային կառույցների և պետությունների կողմից իրականացվող պատժամիջոցների տեսքով:
Հիմնական ռազմավարության մշակումը
Այժմ անդրադառնանք հիմնական ռազմավարության մշակման առանձնահատկություններին: Ռազմավարություն մշակողները ելնելով իրավիճակի գնահատումից, միջոցների ընտրությունից և արտաքին օգնության ձևաչափի հստակեցումից պետք է պատկերացնեն, թե ինչ ուղով կարելի է հնարավորինս արդյունավետ ուղղորդել խաղաղ անհնազանդության պայքարը: Հիմնական ռազմավարությունը մշակելիս հարակավոր է հաշվի առնել մի քանի կարևոր դրույթներ. ինչպե՞ս հնարավորինս արդյունավետ սկսել երկարաժամկետ պայքարը, ինչպե՞ս մոտիվացնել քաղաքական գործընթացների նկատմամբ վստահությունը կորցրած հասարակության հնարավորինս լայն շերտերի, ինչպիսի՞ միջոցներով հնարավոր կլինի բարձրացնել այդ մոտիվացված մարդկանց ինքնավստահությունը, ինչպիսի՞ միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել շարժմանը ներգրավված բնակչության համագործակցության մերժման (բոյկոտ) և խաղաղ անհնազանդություն կիրառելու ունակությունները, որո՞նք կարող են լինել հասարակության կողմից իրավիճակի թելադրողը դառնալուն ուղղված քարոզարշավների խնդիրները, արդյո՞ք հասարկության շրջանում գոյություն ունեն քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ սոցիալական խմբեր, եթե ոչ, ապա ինչպիսի՞ միջոցներով և ժամանակահատվածում է հնարավոր ձևավորել նման սոցիալական խմբեր, ին՞չ կառույցվածքային մարմիններ պետք է ձևավորել, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետորեն իրականացնել նպատակները, ինչպիսի՞ խորհրդանիշն առավել արդյունավետ կհամախմբի հասարակությանը, ինչպե՞ս միաժամանակ կազմակերպել անհնազանդության լայնածավալ գործողություններ և պահպանել մարդկանց շարքերում կարգապահությունը, ինչպիսի՞ միջոցառումները շարժման մասնակիցներին նվազագույնս զերծ կպահեն իրենց առօյայից շեղվելուց, ինչպե՞ս կարելի է վերապատրաստել կամ ուսուցանել շարժման մասնակիցներին, ի՞նչ ռեսուրսներ կպահանջվեն շարժման ընթացքում, ինչպե՞ս շարժման ընթացքում հնարավորինս չխախտել հասարակական կարգը, շարժման հաջողության հասնելուց հետո ի՞նչ միջոցներով պետք է ապահովվի ժողովրդավարացման կայուն ընթացքը:
Հարկավոր է հաշվի առնել, որ վերոթվարկված հարցերը բոլոր տեսակի խաղաղ անհնազանդություններին վերաբերող հարցեր են, սակայն չպետք է կարծել, որ ցանկացած երկրի համար մշակված խաղաղ անհնազանդության շարժման հիմնական ռազմավարությունը կիրառելի է բոլորի պարագայում: Անհնար է մշակել այնպիսի ընդհանուր ռազմավարություն, որը ընդհանրական բնույթ կկրի բոլոր տեսակի անհնազանդության շարժումների համար: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են կոնկրետ ժամանակահատվածում ստեղծված կոնրետ օբյեկտիվ իրականության հետ և, հետևաբար, պահանջում են յուրօրինակ մոտեցում:
Խոսելով հիմնական ռազմավարության հրապարակայնությունից հարկ է հստակեցնել, որ այսպես, թե այնպես այն հայտնի կդառնա բոլորին՝ այդ թվում նաև հակառակ քաղաքական բեռին: Ուստի, ընդհանուր ռազմավարությունը պետք է այնքան իրատեսական հիմքերի վրա լինի, որպեսզի այն հրապարակային դառնալու պարագայում ոգևորի իրատեսական հաշվարկներով առաջնորդվող վերլուծաբաններին, հուզական մոտեցումներ ունեցող շարժման ակտիվիստներին և զգաստացնող բնույթ ունենա հակառակորդի համար: Հիմնական ռազմավարությունը մշակողները պետք է նկատի ունենան նաև այն պարտադիր պայմանը, որ խաղաղ անհնազանդության ընթացքում հիմնական ռազմավարությունից շեղվելը շարժումը կտանի անխուսափելի պարտության: Միայն արտակարգ դեպքերում շարժումը կարող է հեռանալ սկզբնական հիմնական ռազմավարությունից, այն էլ այն դեպքում, երբ կա փաստարկված ապացույցների փաթեթ համաձայն որի՝ օբյեկտիվ իրականության փոփոխության պատճառով մշակված հիմնական ռազմավարությունը հարկավոր է վերափոխել: Անգամ նմանատիպ պարագայում հիմնական ռազմավարության փոփոխությունը պետք ենթարկվի վերոնշյալ հիմնական ռազմավարության մշակմանն անհրաժեշտ պարտադիր հարցադրումներին և չափորոշիչներին:
Շարունակելի …
Նարեկ Սամսոնյան