![](/static/news/b/2013/01/34789.jpg)
![](https://1.bp.blogspot.com/--3X0WlAxFTo/UPB_vV39RKI/AAAAAAAANlI/Wz5rqorbP7Q/s200/%D5%8F%D5%88%D5%90%D5%94+%D4%B1%D5%86%D4%B3%D4%B5%D5%82.jpg)
Անգեղա Տորքը՝ Հայկյան սերնդից, հայոց բարձրաբերձ լեռների հսկան, երբեք նման չէր հասարակ մարդու: Նա վիթխարի էր և շատ ահարկու: Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով՝ ճաճանչավորված արևի լույսով: Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝ բարդ-բարդ կուտակված աչքերի վրա: Կուրծքը կասես թեմի լանջ է լեռան, մեջքը՝ սարաժայռ, կռները՝ գերան - մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծ և վագր նրան տեսնելիս՝ սովոր շան նման մոտ էին գալիս. կարծում էին, թե նա էլ է գազան և նա է իրենց զորավոր արքան:
Նա չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով անում էր անհետ: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ ուժին էր դիմում:
Սև ծովի կողմից օտար թշնամիք թալանում էին ծովեզրյա գյուղեր: Միշտգալիս էին անթիվ նավերով, այն էլ աշկարա, օրը ցերեկով. կողոպտում էինբազմաթիվ գյուղեր և գերի տանում հայոց աղջիկներ:
![](https://1.bp.blogspot.com/-JYT3oNkFjAc/UPB_u36EEdI/AAAAAAAANlM/dVtvG2G0UAE/s400/%D5%8F%D5%88%D5%90%D5%94+%D4%B1%D5%86%D4%B3%D4%B5%D5%82+(2).jpg)
Տորքի անունը շատ հռչակվեցավ, մինչև արքայի ականջը հասավ: Մեծ թագավորը կանչում է Տորքին, որ պարգևներ տա և նայի դեմքին: Երբ Տորքը հասավ արքայի պալատ, արքայի վրա ազդեց մեծ զարմանք: Թագավորն ասաց.
- Ապրե՜ս, ապրե՜ս, Տո՜րք, դու մի անհատ չես լոկ, այլ մի ամբողջ զորք:
Պահեց պալատում ու պատիվ տվեց: Լսել էր արքան, որ հսկա մարդիկ չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ: Եվ Տորքի խելքը նա փորձել ուզեց:
- Ինչպե՞ս ես կարծում,- մի օր հարցրեց,- ո՞րն է գերազանց՝ ո՞ւժը, թե՞ խելքը:
- Երկուսն էլ լավ են,- քաջ Տորքը ասաց,- փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք, ոչ էլ ուժեղը կլինի անխելք: Բայց ի՞նչ է խելքը - ոչ ոք չգիտե. անխելքի համար խելոքն անմիտ է: ՈՒրիշ է խելքը գլխապահության և ուրիշ՝ խելքը հափշտակության. դա ամենքն ունեն՝ թե՜ մարդ, թե՜ գազան, թե՜ խելոք լինի, թե՜ անմիտ, անբան: Բայց կա մի այլ խելք՝ խելք արարչության, որ արարում է, ստեղծում, շենացնում: Սա է ճշմարիտ խելքն իմ կարծիքով, և մարդը գազանից վեհ է սրանով:
Զարմացավ արքան, այլև հիացավ, երբ հսկա Տորքից այս բանն իմացավ: Նա առաջարկեց մնալ պալատում, բայց Տորքը խնդրեց հեռացման հրաման: Արքան թույլատրեց, և Տորքը գնաց՝ լեռներում շնչելու բուրմունքը գարնան:
Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից ազատման չէր գտնում մի ելք: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում, գիշերը լուսնից արցունք էր քամում:
Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ ու մոտը եկավ:
- Ասա ինձ, եղբա՜յր,- Աստղիկը ասաց,- ինչո՞ւ չես խաղում գազանների հետ, քար չես շպրտում մի սարից մյուս սար: Ինչո՞ւ ես թախծում, անհույս հառաչում. ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
Եվ Տորքը ասաց.
- Ո՛վ, վեհդ, Դիցուհի՜, մի օձ, մի ծաղիկ կամ մի անշունչ քար չեմ տեսել ես դեռ, որ սեր չունենա: Երկինք ու Երկիր, թե՜ ցամաք, թե՜ ծով , բոլորը մեկտեղ շնչում են սիրով: Լոկ ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ այս աշխարհում ո՞վ կսիրի ինձ: Եվ կգտնվի՞ այնպիսի մի կին, որ ուզի դառնալ Տորքին ամուսին:
Աստղիկը ժպտաց և ասաց նրան.
- Մի՜ հուսահատվիր, պատանի հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ Հայկանուշը կույս: Եվ դու կտեսնես նրան երազում: Իսկ առավոտյան արևի լույսով, արևի ճամփով կգնաս առաջ, կհասնես այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Այնտեղ կգտնես սրտիդ դիցուհուն:
Աստղիկը ասաց ու անհետացավ: Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի, ինչպես նոր ծագած կարմիր արևիկ: Եվ նա երազում հաստատ խոսք տվեց և խոստանալով մի պայման դրեց. «Եթե գաս,- ասաց,- կռվես ու հաղթես, դու ինձ կստանաս, կառնես կտանես»:
Տորքը արթնացավ: Եվ սրտի սերը իր վառ կայծերով փռվեց երեսին վարդի թերթերով: Սիրտն ալեկոծվեց, հոգին բոցկլտաց: Եվ այնուհետև երազներ պես-պես աչքերի առաջ հեքիաթ էին հյուսում: Խելագար սիրտը գետնից անջատվում, սիրո թևերով երկինք էր ճախրում:
![](https://4.bp.blogspot.com/-fdZBKsEkaCI/UPB_uWD6mDI/AAAAAAAANk0/yd-2fsXRdtA/s400/%D4%BE%D5%88%D5%8E%D4%BB%D5%86%D4%B1%D5%90+(4).jpg)
Չքնաղ օրիորդը Տորքին մոտեցավ և իբր ինքն իրեն, նա այսպես ասաց.
- Ո՞վ պետք է լինի, արդյոք, այս հսկան, սա չէ՞ դյուցազուն Տորքը Անգեղա: Էլ ուրիշ ո՞վ կարա հանդգնել իմ բերդի դուռը այսպես խորտակել:
Տորքը որ լսեց, խռով մանուկի պես իբր ինքն իրեն պատասխան տվեց.
- Երբ ճանաչում է Անգեղա Տորքին, դուռն ինչո՞ւ փակեց նրա երեսին: Սա մի խաղ խաղալ միայն ուզեցավ և հետևանքը իր աչքով տեսավ: Տորքն ահա կերթա, դուռը կշտկի և ինչպես առաջ էր, այնպես կկողպի:
Եվ Տորքը գնաց դուռը լավ կոփեց, սուր եղունգներով հղկեց ու կոկեց: Երբ նորից եկավ իր տեղը նստեց, Հայկանուշը նրան մեղմ աչքով նայեց:
- Ինչո՞ւ ես նստել,- ասաց,- չոր քարին, պետք է լավ պատվել քեզ պես ճարտարին: Ճանապարհորդ ես, քաղցած կլինես: Թե՞ հաց ուտելու ախորժակ չունես:
- Քաղցած եմ, այո, բայց շատ եմ քաղցած,- հոգոց հանելով հսկա Տորքն ասաց,- ի՞նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ, ի՞նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ: Իմ հացն ու ջուրը, գիտե՞ս որն է այն - քո սերն է, հոգի՜ս, քո սերն է միայն: Մի նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ. այս կոպտության մեջ կա քնքուշ մի սիրտ, որ քեզ գլխովին իր մեջ կամփոփի և կպաշտպանի, կհովանավորի:
Հայկանուշն ասաց.
- Դու կպաշտպանես ինձ փորձանքներից, բայց ո՞վ կազատի ինձ քո ճիրաններից:
Եվ Տորքը ասաց.
- Արարչի կամքով Աստղիկ Դիցուհին ինքն է մեր սրտերն իրար միացրել, ինքն է երազում մեզ պսակել: Արարչի կամքն է, որ դու կին լինես Անգեղա Տորքին, և Տորքը անհուն սիրով քեզ սիրի:
![](https://3.bp.blogspot.com/-oa3C8UXGKsA/UPB_tOlSvII/AAAAAAAANko/rhaoGFDMDys/s320/%D4%B6%D5%88%D5%90%D4%B1%D4%B2%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF.jpg)
Որքան կրակը վառվում է, այրվում, այնքան տաքցողը հեռու է կանգնում: Տորքն ինչպես սոխակ դայլայլում անվերջ, իսկ Հայկանուշը լուռ է վագրի պես. խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝ իբրև մի սուր զենք, պահում է ձեռին:
Եվ ասում է նա Տորքին վերջապես.
- Աղջիկ ուզելը չի լինի այդպես: Դու շատ ուժով ես, դա ես լավ գիտեմ, բայց ինչ էլ լինես, պիտ մենամարտենք:
- Սիրուն Հայկանո՜ւշ,- ասում է հսկան,- արի մի անիր դու ինձ խելքահան: Խոստովանում եմ ես ինձ պարտված, ես քո գերին եմ, քեզնից տապալված: Դուքո փոխարեն ցույց տուր հարյուրին, թեկուզ հազարին. պահանջիր՝ շարժեմ լեռըիր տեղից, ապա պոկոտեմ անտառը ամբողջ, վարարած գետի ընթացքը փոխեմ, սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ, բայց քեզ, Հայկանո՜ւշ, չեմ կարող դիպչել:
- Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա: Դրանով իմ անվանը պատիվ կբերես և նոր միայն ինձ կառնես կտանես:
Գնաց մեր հսկան հսկա գերելու. հսկաների հետ մենամարտելու և Հայկանուշի կամքի համաձայն՝ քսան մահապարտ հսկա բերելու: Գնաց շատ ու քիչ և վերջը հասավ լեռներին անանց, ուր հսկաների տոհմն էր ծվարած: Եվ հսկաները, որ տեսան հյուրին, մեծ ուրախությամբ նրան ներս կանչեցին, մեծ պատիվներով նրան պատվեցին ու չհարցրին, թե՝ «ո՞վ ես կամ ի՞նչ»:
![](https://1.bp.blogspot.com/-_z1mDhf-mBg/UPB_rCcqCXI/AAAAAAAANkQ/B1kt9KBCOB4/s400/%D4%B1%D5%8D%D5%8F%D5%82%D4%BB%D4%BF+(1).jpg)
Չորս օրից հետո Տորքն այսպես ասաց.
- Սիրելի եղբա՜րք, չորս օր է անցել, բայց դուք իմ մասին բան չեք իմացել, թե ինչ պատճառով և ինչից ստիպված թափառում եմ ես սար ու ձոր ընկած: Դուք ինձ ցույց տվիք սեր, ուրախություն, քաջերին վայել հյուրասիրություն: Ձեզ մոտ եմ եկել ես մի խնդրանքով: Աղջիկ եմ ընտրել որպես հարսնացու, ուզում եմ առնել առանց կռվելու: Եկել եմ հիմա ձեր ոտը ընկել. կամ ինձ մորթեցեք ու թաղեք այստեղ, կամ եկեք գնանք ինձ հետ միատեղ, որ առանց կռվի առնենք մի աղջիկ, խաղաղ ու սիրով անենք հարսանիք:
Եվ ասաց տոհմի նահապետը ծեր.
- Վե՜ր կացեք, տղե՜րք, բոլորս գնանք քաղցրությամբ, սիրով, երգով ու պարով և առաջարկենք համառ աղջկան, որ տեղիք չտա մենամարտության: Արայի կամքով, Աստղիկի սիրով նրանց պսակենք և ուրախ հարսնիք այնտեղ մենք սարքենք:
Եվ հսկաները երգով ու պարով, խինդով, ծիծաղով ճանապարհ ընկան:
Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, իր ապարանքից իսկույն դուրս վազեց, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.
- Անգեղա հսկա, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Բերել ես ահա բազում հսկաներ, բայց ոչ թե գերի, այլ հարսանքավոր: Եթե այդպես է, ե՜կ մենամարտենք: Եվ թե հաղթեցիր, հսկաները թող մեր հարսանիքին պատվո հյուր լինեն:
![](https://2.bp.blogspot.com/--Q2EUG6feYI/UPB_t0nxuUI/AAAAAAAANks/TqKlpdZTJUA/s320/%D4%BE%D4%B1%D5%8C.jpg)
Եվ Հայկանուշը գլուխը կախեց, ու շիկնած դեմքին ժպիտը փայլեց.
- Ես համաձայն եմ, ինչպես որ վճռես, կմենամարտեմ, թե հրամայես:
- Ես կհրամայե՜մ,- ասաց ծերունին,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց... սիրո զենքով: Թող սերը լինի ձեր զենքը միակ, սիրեցեք իրար՝մեկդ մյուսից շատ. դու նրան պաշտպան, նա քեզ պահապան - ահա օրենքը սուրբ ամուսնության:
Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին...
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/01/blog-post_5728.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել