Տաքսու մեջ շատ ցուրտ էր, նույնիսկ «փեջերը» չէին օգնում, էլ չեմ ասում, որ դրսում իսկական սառնամանիք էր: Ինձ զարմացրեց կանգառում կանգնած աղջիկը` կարճ շրջազգեստով: Պետք է ասել, որ աղջիկը ինչքան ուժ ուներ գեշ էր: Մեքենան արագ էր շարժվում, բայց ամեն դեպքում նկատեցի՝ չնայած սառնամանիքին՝ կարճ հագած աղջիկներ բավավականին շատ կային` կուչ եկած ու ցրտից կուզիկացած: Մտքովս անցավ, ախր ի՞նչն է ստիպում նրանց գնալ այդպիսի «զոհողության»: Միգուցե չունե՞ն այլ հագուստ կամ շոգո՞ւմ են, միգուցե ուզում են ավելի հմայի՞չ երևալ… Միգուցե դա ինչ-որ ենթագիտակցական ինքնապատժման մեխանի՞զմ է, որը չի ուսումնասիրել Ֆրեյդը` կապված Եվայի նախասկզբնական մեղքի հետ: Ես ինքս կարծում եմ՝ դա մեր ժամանակների հիվանդությունն է: Նմանատիպ հակատրամաբանական վարք կարելի է տեսնել ամենուր` մեր ժամանակներում խառնվել են տրամաբանականը և աբսուրդը:
Մեր ժամանակներում էպոսը դառնում է առավել իրատեսական քաղաքական ծրագիր…
Մեր ժամանակներում քահանան չի հավատում աշխարհի վերջին, իսկ քաղաքական գործիչը համոզված է դրանում:
Մեր ժամանակներում մարդիկ հավատում են մայաների գուշակած աշխարհի վերջին, բայց չեն հավատում Ձմեռ պապիկին, ազատ ընտրություններին, Հայաստանի ֆուտբոլային հավաքականին…
Ընդ որում Հայաստանում աշխարհի վերջը ավելի ուրախ անցավ, քան Նոր տարին :)
Խելառ ժամանակներ, խելառ ժամանակներ…
Մեր ժամանակներում ամենահայտնի ֆրանսիացին դառնում է ռուսաստանցի, իսկ ամենահայտնի հայը դեռևս ֆրանսիացի է:
Մեր ժամանակներում մի քանի դիմակավոր կանայք եկեղեցում զռզռալով դառնում են ավելի «ազդեցիկ» և հերոսներ, քան մարդիկ, ովքեր չեզոքացրել են Չեռնոբիլյան ատոմակայանի վթարը կամ փրկել են 20 խեղդվողի կյանք Երևանյան լճից:
Մեր ժամանակներում «իրավապաշտպանները» և գրանտամյոտները վայնասուն են բարձրացնում, երբ «իրենց մարդուն» նեղացնում են, բայց ծպտուն չեն հանում, երբ 100-ից ավել հայեր են խոշտանգվում ու սպանվում Սիրիայում «դեմոկրատական ուժերի» կողմից:
Մեր ժամանակներում «Давай, до свидания!» երգը ավելի հայտնի է, քան Բեթհովենի կամ Կոմիտասի ստեղծագործությունները…
Մեր ժամանակներում ամենահայտնի ժամանակակից հայ դերասանուհին Անժելա Սարգսյանն է…
Մեր ժամանակներում Հայաստանում ֆինանսավորում են ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը, բայց չեն աջակցում հիվանդ երեխաների բուժման համար վիրահատություններին:
Մեր ժամանակներում հեռուստամրցույթի ժյուրիի անդամները ավելի վատ են երգում մրցույթից դուրս մնացած մասնակիցներից…
Մեր ժամանակներում պատահական խելագարը կարող է հավատացնել հասարակայությանը, որ տիեզերագնաց, աստղագետ կամ հանճար է, այնինչ իսկական աստղագետները չեն կարողանում հավատացնել, որ այլմոլորակայիններ չկան:
Մեր ժամանակներում հայ ժամանակակից գրողները տպագրվում են իրենց սեփական սեռական օրգանների մասին պոեմներ, իսկ հայ դասականների գործերը այրվում են վառարաններում` տաքանալու համար:
Մեր ժամանակներում դասախոսը և շտապ օգնության բժիշկը միասին վերցրած ավելի քիչ գումար են աշխատում, քան միջին մատուցողը…
Մեր ժամանակներում շախմատի փոխարեն ինտելեկտուալ խաղ է դառնում Angry Birds-ը:
Ամբողջ աշխարհն է գժվել… ու մենք էլ խառնվում ենք ամբոխներին խելագարված և զոմբիացած, ձևացնում և նմանակում ենք բոլորին: Գոյատևման համար ստիպված ենք ձևացնել, թե մենք էլ ենք այֆոնացված և նոկիամոլ, հավատացյալ և աթեիստ, ֆեյսբուքասեր ու ռաբիզ, սերիալական ինքնասպան ու DICOVERY-ի ֆանատ, հումակեր ու խաշակեր, հայասեր ու պարտքատեր… մի խոսքով` ինչպես բոլորս: Ամենաաբսուրդը այն է՝ երբ փորձում ենք մնալ ինչպիսինը կանք, ապա շատ ավելի միանման ենք դառնում` ինչպես «Մատրիցա» ֆիլմի Ջոն Սմիթները: Այս ամենի ֆոնին սառնամանիքին թեթև հագնված աղջիկները թվում են շատ համահունչ ու համոզիչ… Միգուցե մյուսներն են չափից շատ տաք հագնված:
Շնորհավոր հին նոր տարին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10200369152890093
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել