Բնիկ հայերեն բառեր, հայերենի այն բառերը, որոնք կազմում են նախնական հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։ Դրանք հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատները կամ արմատական բառերն են, որոնք գրաբարից, միջին հայերենից և հայերենի բարբառներից փոխանցվել են ժամանակակից հայերենին, ինչպես նաև վերոնշյալ արմատներով կամ արմատական բառերով լեզվի զարգացման հին ու նոր շրջաններում կազմված բաղադրությունները։
Հայերեն գրավոր հուշարձաններով ավանդված մոտ 11000 բառարմատներից, ըստ Հրաչյա Աճառյանի տվյալների, հնդեվրոպական ծագում ունեն հայերեն մոտ 930 բառեր։ Բացի դրանցից` Հ. Աճառյանն ու Գ. Ջահուկյանը բնիկ հայերեն բառերին ավելացնում են նաև բարբառներում պահպանված գավառական մի շարք բառեր, որոնցից են` բոթել, բոռալ, լակ, կուլա, նան, շիվ, փիփերդ և այլն։ Այսպիսով, գրավոր հուշարձաններով վկայված ու բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվն անցնում է 1200-ից։
 
Բնիկ հայկական բառերը կարելի է բաժանել իմաստային հետևյալ խմբերի`
Բնությանը, բնական երևույթներին վերաբերող բառեր` ալիք, աղբյուր, ամպ, ամպրոպ, անդունդ, առու, աստղ, արեգ, արեգակ, արև, բալ, բլուր, բուք, գետ, թոն (անձրև), լիկ (ճահիճ), լուսին, լույս, կարկուտ, հեղեղ, հողմ, հով, հուն, ձյուն, մեգ, մոր, մրրիկ, շլոփա (ձյունախառն անձրև), ողողել, պուտ (կաթիլ), սառն, սար, տիղմ, օդ և այլն։
Մարդուն վերաբերող ու մարմնի մասեր նշանակող բառեր` ազդր, ալիք (մազերի), ակ (ակն), ականջ, ամորձիք, այտ, անձ(ն), աչք, աջ, ատամ, արգանդ, արմունկ, արյուն, արտասուք, արտոսր, արու, ափ, բերան, գեղձ, եղունգ, երաստան, երես, ընդերք, թիկն (թիկունք), թուք, լանջ, լեզու, լինդ, լյարդ, ծնոտ, ծունկ, ծունր, կոկորդ, կող, կուլ, հետք, հոգի, հոդ, ձեռք, մարմին, մեզ, մեջք, միս, միտք, մորուք, մուկ(ն) (մկան), նյարդ, շեք, ոլոք, ող(ն), ոսկր, ոտ, որկոր, որովայն, ջիլ, ռունգ(ն), ստինք, սիրտ, սրունք, տող (տողիք), ուլն (վիզ), ունկն, ուս, փամփուշտ, փայծաղ, փին, քամակ, քիմք, քրտինք (քիրտն) և այլն։
Ընտանիք, արյունակցական-ազգակցական, բարեկամական կապեր ցույց տվող բառեր` ադե (մայրիկ), ամուսին, այր, ապի (հայրիկ, եղբայր), արբանյակ, ափու (հայր), գերդաստան, դուստր, եղբայր, երեց, ընկեր, ընտանիք, թոռ, կին, հայր, հանի, հավ, հարս, հորա (յօրայ), մամ (մայր, տատ), մայր, մանչ, մանուկ, մարդ, մորու (մօրու), նան, նանե, նանի (մայր, տատ), ներ, նու, որբ, որդի, սան, սկեսուր, տայգր (տեգր), տալ, ուստր, քենի, քույր։
Հիվանդություններ և այլ երևույթներ նշանակող բառեր` դալուկ, դեղ, ելունդ, երկունք, թանչ, թարախ, թոթով, լորցք, լուս(ն), խեղ, խիթ, խոթ, խույլ (խուլեր), կեղ, հինինալ, հղի, հևալ, մաժել (շփել, տրորել), մռմուռ (ցավ), շիլ, ործ(կ)ալ, պալար (բշտիկ), ջերմ։
Կրոնին, դավանանքին վերաբերող բառեր` անեծք, դիք (հեթանոսական աստվածներ), երդում, թովել, ձոն (մատաղ, նվեր), մաղթել, մեղք, ստեղծել, սուրբ, տոն, քավել։
Կենդանական աշխարհին վերաբերող բառեր`
Ընտանի կենդանիների անուններ և բայեր` ամիկ (մեկ տարեկան այծ), այծ, աքաղաղ, բուծ (գառ), գառ, եզ, էշ, թռչուն, խլշել, խլշացնել (ականջները ցցել), խլվլալ, խլպտալ (շարժվել, թռվռալ, թպրտալ), կով, հավ, ձագ, ձի, ձուկ, մաքի, մարի (էգ), մեղու, մկկալ, մոզի, շուն, որթ, սագ, սկունդ, տավար, ցուլ, ուլ, քոթոթ։
Վայրի կենդանիների ու թռչունների անուններ` աղվես, առյուծ, արծիվ, արջ, բորենի, գայլ, եղն(իկ), ինձ, լուսան, ծիծառ (ծիծեռնակ), կալանչել, կռավել, կռունկ, ոզնի, ոռնալ, ցին, ուրուր։
Սողունների, միջատների և վնասատու այլ կենդանիների անուններ` անիծ, բոռ, բրետ, գորտ, թիթեռ, թրթուր, իժ, լու, կետ (անասնաճանճ), մլակ, մլուկ, մուն, մրջյուն, մղմեղ, մղմող (ցեց), մուկ, սարդ, տիզ, քարբ, օձ։
Երկիր, պետություն, զենք նշանակող բառեր` աղմուկ (կռիվ), ատյան, գերի, թուր, կումբ, մարտ, նետ, սլաք։
Մետաղներ, հանքեր նշանակող բառեր` աղ, ավազ, արծաթ, պալ, քար։
Գյուղատնտեսությանը, երկրագործությանը, անասնապահությանը վերաբերող բառեր`
Բույսերի անուններ` բող, բողիկ, բողկ, բոքի (պոքի), բույս, գաղձ, գարի, գինձ, գեղձ, դաղձ, եղևին (եղևնի), թեղի, կաղին, հացի, մայրի, մորենի, որթ, սիսեռ, սխտոր (խստոր), տատասկ, ցախ,փիփերթ։
Բուսաբանական ընդհանուր բառեր` ած, արմ, արմատ, բողբոջ, թերթ, ծառ, կողր, մոլ, շիվ, ողոր, ոստ, պտուկ, ջով (ծիլ), սերմ, ստեղ։
Գյուղատնտեսական գործիքների անուններ` արոր, բահ, բիր, եղան, թի, լուծ, սամի, սամետի։
Երկրագործական-անասնապահական բառեր` ածու, ածել, աղալ, անդ, այգի, արածել, արդյունք, արտ, ատև, բերրի, բերք, բրել, բտել, բուծել, բույս, բուսնել, բուտ, գեղմ, գոմ, դալար, դեղ (խոտ), դեզ, դիել, դիզել, երի, երբուծ, թառ (թառել), թրիք, թուփ, լակ, լափ, լափել, խաչ, խեչ, խոչ, ծանծ, կավառ (նեղ առու), կոյ, հերկել, հղի, հող, հովիվ, հոտ, հորան (այծի հոտ), ձետ, մալել, մածնել (մածնուլ), ոստին, որձ, որոճալ, պեղել, ստերջ, ստինք, տավար, տարթ (աթար), տիկ, տուտ, փթիր, քակոր, քաղել։
Շինարարությանը, արհեստներին, առևտրին վերաբերող բառեր`
Շինարարություն. անդ (դրանդի), անդաստակ, անկյուն, առագաստ, առաստաղ, ատաղձ, գերան, դուռ, թումբ, խուղ (հյուղ), կամուրջ, կավար (տանիքի տախտակ), մայթ, մույթ, սանդուղք, սյուն, տուն, ցիվ, ցանկ, քիվ։
Արհեստ, առևտուր. աղալ, ասեղ, արծնել, գին, գնել, դակուր, դարբին, դուրգ, երկան, թակ, թարփ, թեքել, թիթեղ, թործ (անկյունաձև տաշած փոս), լաստել, լար, կարթ, կլոր, կճուճ, կոկել, կուլա, հերյուն (մեծ ասեղ, մախաթ), հենք, հեռել (յեռուլ) (եռակցել), հինել, հնոց, հոդել, ձեղկ, ձև, ձուլել, մամուլ, մալանչ (գզած բուրդ), մխել, որս, պուլիկ, սալ, սարել, սարք, ստորի, տորգ, քերել, քրթել, օղ։
Ծովագնացություն. առագաստ, թի, լաստ, նավ։
Արվեստին, կրթությանը վերաբերող բառեր` առած, առակ, առասպել, գեղգեղել, գիր, գրել, երգ, երգել, ընթերցել (ընթեռնուլ), թիվ, ուսանել։
Հագուստեղենին և զարդեղենին վերաբերող բառեր` անկողին, արդ, բարձ, բոկ (բոկոտն), գինդ, զարդ, զգեստ, հագնել (ագանիլ), մերկ, օթոց, օծել։
Ուտելիք և ըմպելիք նշանակող բառեր` ալյուր, աղանձ, արբ (արբենալ), բոկեղ, դալ, դոն (հացի տեսակ), թան, կաթ, կեր, կերակուր, կոգի (կարագ), կորկոտ, կուտ, մածուն, մեղր, չիր, ջուր, ուտել։
Առտնին տնտեսությանը, կենցաղին վերաբերող բառեր` աղորիք, աղալ, աճյուն (մոխիր), աման, այրել, ասր (բուրդ), ավել, արծարծել, բովել, բորբոքել, բոց, բուլ (խմորի գունդ), բուրդ, գդալ (դրգալ), գեղմ, եռալ, եփել, զեղել, թաթավել, լոգանալ, լսել, լվանալ, լուցանել, խայծել, խանձել, խաշել (խարշել), խարել (դաղել), խորովել, կայծ, հալել, հեղել, հինել, հում, մուխ, մրոտ, մրկել, մուր (մուրճ), նայ, նքույր (մաղի տեսակ), շաղել, շաղաղել, պղպջակ, ջեռուցել, սղկել (մանրել), քամել, քերել։
Գույների անուններ` դեղին, դեղձան, մուգ։
Թիվ, չափ նշանակող բառեր` մի, երկու, երեք.... ինսունինը, ամբողջ, ամենայն, ավելի, ատեպ, երկայն, երկար, լայն, թիվ, կրկին, հաղ (հեղ), հոլով, մեն, միայն, քան(ակ)։
Դերանուններ, շաղկապներ, նախդիրներ` ես, դու, նա, սա, դա, նա, մե(ն)ք, սույն, դույն, նույն, այս, այդ, այն, ավասիկ, ավադիկ, ավանիկ, այլ, աստ, անդ, առ (մոտ), արդ (այժմ), արդյոք, բոլոր, եթե, ևս, եմ, զի, իք, չիք, մի, ինչ, յուր, զի, թե, ընդ, ըստ, մյուս, միայն, միթե, նամանավանդ, ով, որ, ոմն, ոք, ոչ, ուր, ուրեմն, ի, ց, քան, իսկ։
Ժամանակ, տեղ, տարածություն, շարժում ցույց տվող բառեր` ամառ, ամիս, առընթեր, արահետ, արդ, արտ (դուրս), գալ, գարուն, գեր (վեր), գիշեր, դեռ, երեկո, երեկ, երթալ, ի վեր, կածան, հածել (յածել), հանուր, հեռի, հեռու, հետ (յետ), հետո (յետո), հուպ, ձմեռ, մերձ, մեջ, մոտ, մինչ, ներ, ներքո, չվել, ամ (տարի), տեղի, տիվ, տևել, ցերեկ, ուղի, օթևանել, օր։
Կյանքի սովորական բառեր` ազազել (լղարել), աղավաղել, աղկաղկ, աղտ, աղքատ, այլ, այց, անձուկ, անուն, անուրջ, առնել (առնուլ), առնել (շինել), ատել, ասել, արգահատել, արգել, արդար, արթուն, արի, արծարծել, արմանալ (զարմանալ), բամբասել, բան, բառ, բառնալ, բարձր, բեկել, բեռ, բերել, բերձ (բարձրաբերձ), բլբլալ, բոթել, բոլոր, բոլոր (կլոր), բոռալ (գոռալ), բութ, գալ, գալարել, գաղտ, գաղել, գաղջ, գան (զզվանք), գանել (զզվել), գարշ, գեղեցիկ, գեջ, գերփել, գիտենալ, գլել, գլորել, գող, գոյ, գործել, գռփել, գտնել, դադարել, դամբան, դամբարան, դառնալ, դեդևել, դի, դիակ, դնել, դնքսել (ծեծել), դուզ, եզր, ելնել, ելուզակ, եկ, եղնել (լինել), եղուկ, երգիծել, երեց, երերալ, երթալ, երկնչել, երևալ, զայրանալ, զանգիտել, զարկ, զգալ, զեղել, զերծ, զմրել, ընթանալ, ընծա, ընկղմել, ընկնել (անկանել), ընտիր, թաթավել, թակել, թանձր, թառամ, թարմ, թարշամ, թավ, թաքնվել (թաքչիլ), թեր, թերի, թմրել, թոնթորալ, թոպել, թնդալ, թնկթնկալ (հեկեկալ), թռչել, իր, իրավ, լալ, լավ, լերկ, լի, լիզել, լիրբ, լլկել, լկել (սառույցը սկսել հալչել), լկստած, լողալ, լոք (տալ ցատկել), լպիրծ, լպիրշ, լսել, լցնել (լնուլ), լուծել (լուծանել), լուռ, լուտալ, լքել, խածել, խայթել, խայտ, խանդ, խնդալ, ծաղր, ծամել, ծեծել, ծեր, ծիծաղ, ծնել, ծպտուն, ծուլ, կալնել (կալուլ), կաղաղ (որջ), կենդանի, կլանել, կլոր, կմշել, կմշտոց, կնդել (խուզել), կողմ, կողինձ (կորիզ), կրծել, կրկիտ (պինդ, ամուր), հագենալ (յագենալ), հայցել, հանգ (յանգ), հառնել (յառնել), հասնել, հաստ, հաստատ, հավելել (յաւելուլ), հարել (յարիլ), հարթել, հարկ, հարմար (յարմար), հարցնել, հեծնել, հեղգ, հեղել (յեղուլ), հեռ, հերթ (կարգ), հին, հյութ (նյութ), հոգ, հոլանի, հոլովել, հոտ, հոտոտել, հուպ (սեղմ), ձաղել, ձիր, ձրի, ճանաչել, ճառագել, մանր, մաշել, մատաղ, մատղաշ, մարել, մգլել (բորբոսնել), մեծ, մեղկ, մեղմ, մեռնել, մլալ, մլմլալ (ծխալ), մնալ, մոգոնել (հորինել), մոլար, մոլի, մոլոր, մոռանալ, մույն, մունջ, ներքև, նստել, նոր, նսեմ, նուրբ, շեղ, ողբալ, ողողել, ողորկ, ողորմել, ողոքել, ողջ, չոր, պապանձվել (պապանձիլ), պինդ, պլոկել, պլպլալ, ջանալ, ջերմ, ջին, ջինջ, ջնել, ջնջել, սաստ, սաստիկ, սեգ, սեռ, սերել, սերունդ, սին, սիրել, սխալ, սկել (ընկղմվել), սնել, սպառնալ, ստանալ, ստեպ, ստիպել, ստույգ, սուտ, սուր, սուրբ, տամուկ, տատանել, տարտամ, տարտղնել (ցրել, ցիրուցան անել), տեսնել, տզկել (թացանալ), տնտղել, տնքալ, տոկալ, տևել, ցայտել ցեղ, ցելել (ցելուլ), ցտել, ցրել, ցուցանել (ցույց տալ), ուծանալ, ունայն, ուտել, ուրանալ, փայլ, փայլել, փանաք(ի) (վատ), փարվել (փարիլ), փեռեկել, փերթ, փլչել (փլանիլ), փողփողել, փորձել, փոքր, փչել, փռալ, փռթկալ, փռթկացնել (հանկարծակի ծիծաղել), փռփռալ (ֆռֆռալ, ծածանվել), փստալ (վրիպել), փրփուր, փութալ, փուստ, փուք, քաղց, քեն, քորել, քսել, քուն, օգնել, օգուտ։
Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1940, էջ 108-112:
Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972, էջ 283-299:
 
Աղբյուրներ
Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, Երևան, 1926։
Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 183-187։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել