Lragir.am-ը գրում է․
Երբեմն շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է որևէ նյութ արագ տարածվում հայկական մեդիայում, մի ուրիշը՝ ոչ։
Դա ոնց որ թե կախված է նրանից, թե նյութն ինչքան է տարածված ռուսական ու… ադրբեջանական մեդիայում։
Վերջին օրինակը «Ֆորբս»-ում տպված «Պուտինի ամենանոր արբանյակ-պետությունը» հոդվածն է։ Հեղինակը՝ ամերիկյան մի նախկին դիվանագետ, Հայաստանը ՆԱՏՕ-ի մեջքը խրված դաշույն է համարում։ Հոդվածը կարևորում է Թուրքիային որպես դաշնակից, բայց ոչ մի թարմ փաստ չի նշում որպես բորբոքվելու առիթ, բացի ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի վերջերս անցկացրած զորավարժությունից։
Իսկ ահա «Ժամանակն է դուրս շպրտել էրդողանյան Թուրքիան ՆԱՏՕ-ից» վերնագրով հոդվածը, որը լույս է տեսել «Հաֆինգթոն փոսթ» ոչ պակաս հեղինակավոր պարբերականում, ռուսական ու ադրբեջական մեդիայում համարյա արձագանք չունեցավ, դա նշանակում է Հայաստանում՝ նույնպես։ Մինչդեռ հոդվածը շատ ավելի խորքային գործընթացներ է քննարկում. Էրդողանի օրոք Թուրքիան դավաճանել է ՆԱՏՕ-ին, հեռացել է աշխարհիկ պետության հայեցակարգից, ազգային նեղ (ու անիրագործելի) խնդիրներ հետապնդելով, «Իսլամական պետության» ահաբեկիչներին հովանավորելով, վտանգավոր դրության մեջ գցել իր դաշնակիցներին։
Ուրիշ խնդիր է. ավելի լավ է Թուրքիան ՆԱՏՕ-ում լինի՞, թե՞ առանձնանա։ Երկրորդ դեպքում կարող է նորից մերձենալ Ռուսաստանի հետ, որը տառապում է միջազգային դաժան մեկուսացումից։ Ճիշտ նույնպիսի իրավիճակում, Առաջին աշխարհամարտի վերջին թուրք-բոլշևիկյան սիրախաղի արդյունքը եղավ հայկական ու վրացական հողերի միացումը Թուրքիային՝ Օսմանյան կայսրության մյուս սահմաններում ահռելի տարածքային կորուստներին զուգահեռ։
ՆԱՏՕ-ն զարմանալի դաշինք է, դեռ չունի «դավաճաններին» դուրս շպրտելու մեխանիզմ, այսինքն, հարցը օրերի չէ, եթե երբևէ այդ աստիճան հասունանա։ Իսկ այ Հայաստանի որպես «արբանյակ-պետության» մասին երևի թե ավելի հիմնավոր հրապարակումներ էլ լինեն, քանի որ մեր երկրի էդ կերպարի ամրապնդման գործին Պուտինից ու Շոյգուից ավելի ջերմեռանդ լծվել է հայերի մի ստվար զանգված։
Շաբաթ երեկոյան «1» հայկական ալիքը Մոսկվայից ցուցադրում էր «Արմենիա – 2016» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ էին հանձնում Ցեղասպանության թեման լավագույնս արծարծած մարդկանց։ Մրցանակ տվեցին նաև ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Սա ապշած էր թվում, շվարած։ Ինչի՞ համար իրեն պետք է մրցանակ տային։
Անցյալ տարի, ճիշտ Ցեղասպանության 100-ամյակի օրը, Ժիրինովսկին Պետդումայում կոչ արեց. «Կարիք չկա այստեղ գրել «եղբայրական Հայաստանի» մասին… 1991-ին հենց Հայաստանից են ամենաշատը ռուսների դուրս արել: Ռուսներ ամեն տեղ կան, իսկ, այ, Հայաստանում` ոչ»: «Այստեղ»-ը Ցեղասպանության մասին Պետդումայի պաշտոնական հայտարարությունն էր։
Ուրեմն, ո՞ր մի վաստակի համար էր տրվում մրցանակը։ Անցյալ տարվա աշնանը ռուսական ինքնաթիռը թուրքերի կողմից խփվելուց հետո ՌԴ-ում հակաթուրքական թունդ քարոզարշավ ծավալվեց, որի ընթացքում Ժիրինովսկին թուրքերին մի քանի անգամ սպառնաց քրդերով ու… հայերով։
Ամեոբայի խելք է պետք լուրջ ընդունելու համար մի մարդու հոխորտանքը, որն ամիսներ առաջ լկտի սուտ էր տարածել ռուսներին Հայաստանից դուրս անելու մասին, որպեսզի Ցեղասպանության մասին հայտարարության տեքստում չլինեն «եղբայրական Հայաստանը» բառերը։ Արժանապատվության առումով դժվար է նույնիսկ համեմատություն եզր գտնել։
Իսկ «Արմենիա – 2016» մրցանակաբաշխության ամենավատ կողմն այն էր, որ Ժիրինովսկու և նույն որակի ուրիշների կողքին կային նաև արժանավորներ։ Դիցուք, «Սիսթեմ օֆ ը դաունը»։
«Այդ օրը՝ ապրիլի 24-ին Հանրապետության գլխավոր հրապարակում հավաքվել էր Ոսկե երիտասարդություն, ու իսկապես ժողովուրդը տժժում էր, երիտասարդները մի այլ կերպ էին ընկալում այն ամենը, ինչ կատարվում էր»,- ասաց երեկոն վարողներից մեկը՝ Ավետ Բարսեղյանը, ինքնաբուխ, թղթից շեղվելով։
Դժվար է մի նախադասության մեջ այդքան աղավաղում թույլ տալ։ Սկսած նրանից, որ համերգը ապրիլի 24-ին չէր, 23-ին էր։ Իսկ Հանրապետության հրապարակում «Ոսկե երիտասարդություն» չէր հավաքվել, այլ ազատասեր, ակտիվ, ստեղծագործ երիտասարդություն։ «Ժողովուրդը» չէր «տժժում», երիտասարդները «մի այլ կերպ» չէին ընկալում համերգը, այլ հեղափոխության երաժշտություն էին լսում ու պարով, վանկարկումներով, տեղատարափ անձրևին դիմանալով, իրենց միասնությունը արտահայտում ընդվզման ուղերձներին։
Ուրեմն, պետք չէ, որ իսկական «Ոսկե երիտասարդության» ներկայացուցիչները քսմսվեն «Սիսթեմ օֆ ը դաունի» համերգի երիտասարդներին։ Աշոտյանն էլ փորձեց, «electric yerevan»-ի օրերին։ Երիտասարդների մաղթանքը նրան շատ միանշանակ էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել