Կարդում ես մարդու գրառումը, իբր, նորի, ազատության, անլուծ կյանքի կողմնակից է, բայց երազանքը դարձն է սովետի «անհոգ» օրեր: Ասենք՝ խոսքի ավարտին մեղմորեն հավելում է՝
-բայց լավ բան էլ կար:
-սովետը կրթությու՜նը..
-մարդիկ աշխատանք ունեին...
-սովետի ապրանքի որակն ու հիմիկվանը...
Իհարկե, կան նաև անթաքույց քարոզիչներ, ինչպես հայտնի իգիթ ճարտարապետը, երբ ասում է՝ քանդեցիք «գյոզալ» երկիրը, հիմա եկել «սարայի» համար եք լալիս:
Ի՜նչ շուտ մոռացան հողնիխառն կարտոֆիլի հերթերը, կտրոնով կարագը, այն, որ մինչև քանդվելը զուգարանի թուղթ անգամ չկար, իսկ անձի պաշտամունքի տարիներին վախենում էին նույնիսկ «Պրավդայով» արտաքնոց գնալ, ծխախոտ փաթաթել /հանկարծ ու առաջնորդի նկարը վրան լինի, որտե՞ղ ես, Սիբիր, ընդունիր հերթական էտապը/: Շարունակե՞մ: Պատշգամբը ապակեպատելու, լողարանը սալիկապատելու, ռումինական կահույքի համար Ձեր հայրերը գիտե՞ք քանի օր են Կուրսկի կայարանում քնել ու «տակից» ինչքան վճարել, որովհետև, հազիվ կոմունիստ շեֆերին էր հերիքում, հյուրանոցն էլ, հո, անհասանելի ճոխություն էր...
Կարող եմ էլի հազար բան մտաբերել՝ նողկալի, անհատին, ազգին նսեմացնող, բայց, մեկ է, կարմիրը կարմիր կմնա:
ՀԳ – Ասվածից չի հետևում, թե հիացած եմ ներկայով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել