Մարկեսն ասել է. «Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես»:
Հունվարի 11-ը տարվա «ամենաբարեկիրթ» օրն է՝ նշվում է Շնորհակալության համաշխարհային օրը:
Եկեք շնորհակալ լինենք մարդկանց` մեզ պարգեւած ամեն մի ուրախ պահի համար:
Մենք հիանալի գիտակցում ենք գեղեցիկ ու նրբակիրթ վարվեցողության նշանակությունը, առօրյայում դրանց անհրաժեշտությունը, սակայն շատ անգամ երախտագիտություն ենք հայտնում՝ նույնիսկ չգիտակցելով դրա իմաստը: Սակայն երախտագիտություն արտահայտող բառերը մոգական մեծ հատկանիշներ ունեն: Դրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում և իրենց ուշադրությունն են արտահայտում, առանց որի մարդն ապրել չի կարող:



