1975 թվականի մարտի 19-ին կայացած այս հանդիպումը Երևանի «Արարատի» ամենահաջողված հանդիպումներից մեկն էր: Մրցակիցը այդ տարիներին Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկն էր: Նախ հանդիպումը հատկանշական էր նրանով, որ մրցակցի կազմում հանդես էր գալիս 1974 թվականի Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի թիմի կեսից էլ ավելին: Հնչեղ անուններ՝ Ֆրանց Բեկենբաուեր, Կառլ-Հանց Ռումենիկե, Գերդ Մյուլլեր, որոնք, սակայն, ծնկի եկան «Հրազդան» մարզադաշտում: Երևանյան ակումբի կազմն էլ կարող ենք իդեալական համարել, քանի որ այնտեղ էին ընդգրկված փառահեղ «Արարատ-73»-ի առաջատար ֆուտբոլիստները: Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանն էլ «Արարատը» լավ էր սկսել՝ հաղթելով նորվեգական «Վիկինգին» (2-0,4-2) և իռլանդական «Կորկ Սելթիկին» (2-1,5-0): Հետաքրքիր մի դեպք է եղել այն ժամանակ, երբ թիմերը պատրաստվում էին դուրս գալ խաղադաշտ: Ավագներ Հովհաննես Զանազանյանը և Ֆրանց Բեկենբաուերը զրուցում էին, և մյունխենյան թիմի ավագը ձեռքերով ցույց է տալիս 0-0 հաշիվը: Այդ պահին խաղընկերոջ ուսին է ձեռքը դնում Գերմանիայի ազգային ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Գերդ Մյուլլերը և հասկացնում, որ միայն ինքը երեք գոլ է հեղինակելու… այնինչ 34-րդ րոպեին Արկադի Անդրեասյանը գլխի գեղեցիկ հարվածով բացում է հաշիվը, որն էլ հանդիպման հաղթական գնդակն էր:



