Երբ պատգամավորն ու նախարարը, անգամ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող որոշ անհատներ 'Ճշտով' են ապրում` ամեն մեկն իր տրամաչափով ու պատկերացմամբ թքած ունենալով օրենքի ու օրինականության և իրավական պետության գաղափարի վրա, Վարդգես Գասպարիի նման ‘’Հարիֆն’’ էլ պետք է ‘’Սխալ’’ հանվի ու պատժվի…
Ներողություն եմ խնդրում փոքր ինչ էմոցիոնալ շեշտադրումների համար, բայց մարդկայնորեն չեմ կարող թաքցնել իմ զայրույթը…
Որպես փաստաբան, որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացի` իմ համերաշխությունն եմ հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վարդգես Գասպարիի վերաբերյալ այսօր տարածած հայտարարությանը, ավելին, գտնում եմ, որ իրավասու մարմինները պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել Վ. Գասպարիի կողմից արված հայտարարությունները` իրեն բռնության ենթարկելու և խոշտանգելու մասին և ձեռնարկելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր գործողությունները` հնարավոր բոլոր մեղավորներին վերից վար բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հ.Գ. Անկախ Վ. Գասպարիի քաղաքացիական դիրքորոշման և հասարակական վարքագծի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից, ինձ համար պարզապես ստորացուցիչ է, որ ՀՀ քաղաքացու արժանապատվությունն այսպես նվաստացվում է:
Եթե Վարդգես Գասպարիի ասածները համապատասխանում են իրականությանը, ուրեմն մենք իսկապես ապրում ենք խորտակված հույսերի հայրենիքում և փլուզված պետության մեջ…
…Արե՛ք, ինչ ուզում եք, բայց մարդու երեխաների առաջ մի թքեք նրա արժանապատվության վրա …
Հ.գ.2. Այս հանգամանքը իսկապես լավ առիթ է` քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերի արմատական փոփոխության և հարաբերությունների կարգավորման շրջանակը բացառապես իրավական հարթության վրա դնելու համար…