Վերնագիրը ընթերցողին սխալ հուշում կարող է լինել, քանի որ խոսքը չի գնալու կարոտախտի և սովետական շամպայնի հասցեին դրվատանքի խոսքեր ասելուն… Երբ ես փոքր էի, իսկ դա մեզ քաջածանոթ 90-ականներն էին, մեր տան փոքր սենյակի պատի խորշի վարագույրի հետևում սպիտակ և կարմիր ծաղիկներով զարդարած շամպայնի շիշ կար: Այն մութ և կասկածելի ժամանակներում դա ինձ համար լուսավոր կետ էր: Նախ, այդ գեղագիտական և աչք շոյող շամպայնի շիշը լիքն էր խորհրդային մանրադրամներով և ամենակարևորը՝ բակում միայն մենք ունեինք դրանից: Ես ամեն օր գորգի վրա շաղ էի տալիս այդ մանրադրամները, հազարերորդ անգամ հաշվում, հանում-գումարում կատարում դրանցով: Հետխորհրդային տարիներին անգամ գրոշ չարժեցող այդ մանրադրամներն իմ հարստությունն էին: Ես դրանցով երևակայական գնումներ և այլ կարևոր դրամական գործարքներ էի կատարում տիկնիկիս համար: Փաստորեն դրամի մութ աշխարհ ես մուտք գործեցի բավականին վաղ տարիքում այդ գործածությունից դուրս եկած մանրադրամներով: Բայց, այնուամենայնիվ, այդ մանրադրամներին փայլ էր հաղորդում այդ շշի փառահեղ ձևավորումը, թեև այն հիմա բավականին կոպիտ, տգեղ և անճաշակ կթվար: Այդ տարիներին մեր հարևան Համբարձում քեռին իր երկրաշարժից ավերված տունն էր կառուցում: Բակի բոլոր տղամարդիկ լծվել էին աշխատանքի, ամենքը օգնում էին՝ ինչով կարողանում էին: Մի օր մայրս ասաց, որ հին սովորույթ կա՝ տան հիմքը փորելիս այնտեղ դրամներ են լցնում, որ հաջողություն և հարտություն բերի նորակառույց տանն ու ընտանիքին: Ես ցավով հասկացա, որ իմ անպետք և սիրելի մանրադրամներին վիճակված է լքել ինձ ու թաղվել տան հիմքում: Բայց քանի որ դա բարի գործի համար էր, ես փորձեցի շատ չտխրել: Նույնիսկ հոգուս խորքում նախանձեցի, որ մենք շենքում ենք բնակվում և մեր շենքը չի փլվել երկրաշարժի ժամանակ: Մի առավոտ էլ շամպայնի շիշն ուղևորվեց Համբարձում քեռիենց տուն և վերադարձավ դատարկ… Դա էլ վատ չէր, նրանք երջանիկ ու հարուստ կլինեն, իսկ խորհրդային տարիների գեղագիտական մտքի բացականչությունը կենդանի է և չի թաղվել տան հիմքում: Բայց անցավ շատ քիչ ժամանակ, Համբարձում քեռին հիվանդացավ և շուտով մահացավ: Նրանց կիսակառույց տունը որբացավ, և որբացան նաև նրա երեք որդիները: Ես ատելությամբ էի նայում այդ սովետական շամպայնի շշին, որը հիմա այդքան անտեղի էր զարդարված տոնական: Անցան տարիներ, մինչ օրս էլ նրանց տունը մնաց այդպես կիսակառույց և անտանիք: Որդիներն էլ որոշեցին այլ երկնքի տակ ապրել: Իմ մանրադրամները չերջանկացրին երջանկությանն այդքան սպասող այս սիրելի մարդկանց: Երևի ժանգոտեցին հողի տակ ու մոռացան իրենց առաքելության մասին: Իսկ այդ արդեն անտանելիորեն անճաշակ դարձած շիշն իր հանգրվանը գտավ մոտակա աղբարկղում: