Հա, էդպիսի դպրոց պետք է... Տեղադրում եմ «Արշալույս» ձեռնարկից այս հեքիաթը. 


Աշխարհի իմաստունները երբ տեսան, որ Երկիր մոլորակի բանը վատ է, որոշեցին մի ճար գտնել: Նստեցին, խելք խելքի տվեցին, բայց ճար չգտան: Որ չգտան, որոշեցին իրենցից մի քանի հոգի ուղարկել Մեծ Հայրիկի մոտ օգնություն խնդրելու:
Իմաստունները ելան, ճանապարհի պատրաստություն տեսան, գնացին ու հասան Մեծ Հայրիկի մոտ: Մեծ Հայրիկը սրանց ընդունեց, լսեց և ասաց.
— Ես Երկիր մոլորակի գործերը Մեծ Մայրիկին եմ հանձնել: Բայց նա խռովել է մարդկանցից, գնացե՛ք, ոտքերն ընկե՛ք, սիրտը շահե՛ք և ասե՛ք ձեր խնդիրքը: Թե ձեզ օգնի, Մեծ Մայրիկը օգնի:
Իմաստունները վերադարձան,նորից ճանապարհի պատրաստություն տեսան, գնացին և հասան Մեծ Մայրիկի մոտ:
Մեծ Մայրիկը երեսը շուռ էր տվել, ո՛չ Երկրագնդին էր նայում, ո՛չ մարդկանց: Իմաստունները շատ աղաչեցին, շատ պաղատեցին, մինչև Մեծ Մայրիկը կամաց–կամաց դեմքով նրանց կողմը շրջվեց և տխուր ձայնով հարցրեց.
— Ինչո՞ւ եք եկել, իմաստուննե՛ր: 
— Մեծ Մայրիկ, մի ճար արա, Երկիր մոլորակը հիվանդ է: Օգնի՛ր նրան, օգնի՛ր մարդկանց: 
Մեծ Մայրիկը երկար լռեց, ապա պատասխանեց.
— Երկիր մոլորակը իմ դուստրն է, իմ դուստրերն են մոլորակի բոլոր կանայք ու աղջիկները: Դուք հազար–հազար տարի նրանց վիրավորել եք, չարախոսել և ոտքի տակ տվել: Գնացե՛ք, ներողություն խնդրեք նրանցից: Թե իմ դուստրերը ներեցին, ես էլ ձեզ կներեմ և կբուժեմ Երկրագնդի հիվանդությունը:
Իմաստունները շնորհակալ եղան և այն է՝ ուզում էին հեռանալ, երբ Մեծ Մայրիկը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրանց:
— Իմաստուննե՛ր, մի գործ էլ կա անելու: Թե ուզում եք, որ ձեր մոլորակը բուժվի, մի դպրոց պետք է բացեք մարդկանց համար: Ահա, ձեզ եմ տալիս Ամենաբարձր դպրոցի ծրագիրն ու դասագիրքը, տարեք, մարդկանց կրթություն տվեք, որ նրանք նոր կյանք ստեղծեն Երկիր մոլորակի վրա:
Իմաստունները խոնարհվեցին Մեծ Մայրիկի առջև, առան Ամենաբարձր դպրոցի ծրագիրն ու դասագիրքը և տուն վերադարձան:

***
«Արշալույս»–ի հայրիկը, մայրիկը և տղան լսեցին, որ Ամենաբարձր դպրոցը բացվել է և գնացին, որ ընդունվեն այդ դպրոց: Գնացին, դպրոցի տնօրենի դուռը թակեցին ու ներս մտան: Ներս մտան և ի՞նչ տեսան. Ամենաբարձր դպրոցի տնօրենը մեր «Արշալույս»–ի Իմաստուն Ծերունին էր:
Նա ջերմ ողջունեց հայրիկին, մայրիկին ու տղային և հարցրեց.
— Ինչո՞ւ եք եկել, չլինի՞ ուզում եք Ամենաբարձր դպրոցում սովորել:
— Հա՛, Իմաստո՛ւն Ծերունի, ուզում ենք սովորել Ամենաբարձր դպրոցում, որ երջանիկ ապրենք մեր կյանքը,— պատասխանեց հայրիկը:
— Լավ,— ասաց Իմաստուն Ծերունին,— բայց Ամենաբարձր դպրոցը դեռ երկու դասարան ունի. մեկը երեխաների, մյուսը՝ մայրիկների համար: Հայրիկների համար դասարան դեռ չկա. ախր, նրանք ինչ սովորում են ու հասկանում՝ վերջը ամեն ինչ թարս են անում: Բայց երբ երեխաներն ու մայրիկները կրթություն ստանան, Ամենաբարձր դպրոցի ծրագիրն ու դասագիրքն անցնեն, հայրիկներն էլ նրանց աչք կտան ու խելք կհավաքեն: Այդ ժամանակ հայրիկների համար էլ դասարան կբացենք:
Իմաստուն Ծերունու այս խոսքերից հայրիկը շատ զարմացավ: Մինչ այդ նա կարծում էր, թե աշխարհի ամենախելոք մարդիկ հայրիկներն են, Ամենաբարձր դպրոցում էլ առաջինը նրանք պետք է սովորեն:
Մեր «Արշալույս»–ի տղան ու մայրիկը արդեն սովորում են Ամենաբարձր դպրոցի առաջին դասարանում: Իսկ հայրիկն ամեն օր հարցնում է, թե ի՛նչ են անցել դպրոցում, որ ինքն էլ հետ չմնա, մինչև կբացվի հայրիկների դասարանը:
Ասում են՝ աշխարհի բոլոր երկրներում շուտով Ամենաբարձր դպրոցի դասարաններ են բացվելու, որտեղ մարդիկ սովորելու են գեղեցիկ ապրել և առողջացնել մեր մոլորակը: 

Ի պատասխան այս գրառմանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել