Վերջերս առիթ ունեցա դիտելու «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմը: Ասել, որ ֆիլմը ձանձրալի էր, նշանակում է ոչինչ չասել, «սարսափելի վատ» ձևակերպումը նույնպես չի բնորոշում այս ֆիլմի ամբողջ պրիմիտիվությունը։ Ֆիլմից հետո քեզ նույնիսկ վիրավորված ես զգում, որ քեզ այդքան ցածր են գնահատել՝ որպես հանդիսատեսի։
Պարզվեց՝ այս ֆիլմի բեմադրող ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը, նկարիչն ու գլխավոր դերակատարը մի մարդ է՝ Հենրի Քոչարյանը։ Պատկերացնո՞ւմ եք, որքան միատոն է ֆիլմը, առավել ևս, երբ այդ «ամենաանձը» հանճարեղ մեկը չէ։ Սրանից առաջ նա նկարահանել է «Փոքրիկ զորավարը», որը ևս չի կարելի լավ աշխատանք համարել, բայց նա այնքան գոհ էր իր աշխատանքից, որ որոշել էր նոր ֆիլմում էլ հիշեցնել այդ մասին, իսկ որ ամենաահավորն է, դա արել էր անմակարդակ «քեզ տեղ տանեմ, ցավդ տանեմ» արտահայտության միջոցով։
Անիմաստ երկար ու ձանձրալի այս ֆիլմը լի էր գռեհիկ հումորներով, պրիմիտիվ, կենցաղային դիալոգներով։ Ստեղծագործական խմբի (որը նույն ինքը՝ Հենրին է՝ ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը, նկարիչը, պրոդյուսերը, գլխավոր դերակատարը) կարիծքով՝ հանրությունն այնքան անհասկացող է, որ երբ ուզում են ցույց տալ, որ ամեն օր նոր մեքենայով շրջող «սրտակերը» դրանք վերցնում է վարձույթի սրահից, երկար-բարակ տեսարան են նկարահանել՝ ինչպես է հերոսը զանգում վարձույթի սրահ, ասում՝ ինձ նոր մեքենա կտա՞ք, դա էլ բավական չէր, հատուկ անհասկացողների համար հավելում է՝ դե ես ամեն օր մի ավտո եմ վերցնում ձեր մոտից, հիմա էլ նորն եմ ուզում։
Այս ռեժիսորին պետք է հասկացնել, որ հայտնի դերասաններին մի ֆիլմում հավաքելը դեռ շատ քիչ է, եթե ֆիլմ ես նկարահանում, պետք է ունենաս նաև լավ սցենար, ռեժիսոր։ Ոչինչ չասող դիալոգների, ծեծված հումորների ու գռեհիկ լեքսիկոնի միքսի արդյունքում անգամ տասը րոպե չես կարողանում դիտել այս ֆիլմն ու կինոդահլիճից որքան հնարավոր է հեռու փախչելու ցանություն ես ունենում։
Անդրադառնանք դերակատարներին. Մարինկա Խաչատրյանը սովորական դերասանուհի է, ով կերպարային գիծ բռնել դեռ չի կարողանում, ուղղակի փորձում է այդ պահին անել այն, ինչ ասում են՝ զարմանալ, ծիծաղել (այնքանով, որքանով ստացվում է), Հասմիկ Վերդյանը լավ դերասանուհի է, և կարողացել էր ստանալ ցնդած կնոջ կերպար, թեև այն չափազանց գրոտեսկային էր, բայց դերասանուհին ստացել էր, այն, ինչ իրենից պահանջվում էր որպես դերասանուհի, այլ հարց է, որ իր պես դերասանուհին ուղղակի չպիտի խաղար էսպիսի ֆիլմում։ Մերի Մակարյանին քյառթու կնոջ դեր տալը հետաքրքիր էր։ Թեև Մերին էլ կարողացել էր մտել քյառթու կերպարի մեջ, պարբերաբար մոռանում էր՝ որն է իր կերպարային գիծը, շեղվոիմ էր, հետո հիշում ու վերադառնում։ Հենրիի կերպարը «սրտակեր» տղա էր, որն իրականում սրտակերի ոչ մի հատկանիշ չուներ, բայց ռեժիսորը որոշել էր, որ կինոյի տղան ինքն է լինելու։