Վերջին տարիներին Վրաստանում բարձրունքներ նվաճած թուրք-ադրբեջանական ազդեցությունն իր բացասական հետևանքներն է ունենում այդ երկրի ֆինանսական կայունության վրա: Թվում է, թե Վրաստանին պետք է որ ձեռնտու լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը մասնավորապես՝ առևտրատնտեսական և գազամատակարարման բնագավառներում: Սակայն վերջին զարգացումները փաստեցին, որ այդչափ կախվածությունը նշված երկու հարևաններից գնալով ավելի շատ է վնասում Վրաստանին:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը վարում են Վրաստանին կլանելու քաղաքականություն, և այդ ուղղությամբ ՛՛ձեռքբերումներն՛՛ արդեն իսկ տեսանելի են: Թուրքացման վտանգի տակ հայտնված Վրաստանը շարունակում է պատանդ մնալ այդ երկրներին, իսկ այլընտրանքների փնտրտուքը դեռևս ցանկալի արդյունքներ չի տալիս:
Վրաստանի գործող իշխանությունները, կարծես հասկանալով խնդրի խորությունը, փորձում են ելքեր որոնեն, քանդեն բարդ հանգույցները, սակայն, Ադրբեջանն ու Թուրքիան շատ մոտ են և համապատասխան գործիքների գործադրմամբ խոչընդոտում են վրացական նպատակների իրագործմանը:
Ընդամենը փաստենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքական և տնտեսական անկայունության պատճառներն իրենց անմիջական ազդեցությունն ունեցան Վրաստանի ֆինանսատնտեսական ցուցանիշների աղավաղման վրա: Հիմնական գործընկեր հանդիսացող Թուրքիայում և Ադրբեջանում առաջացած ֆինանսական ճգնաժամը(առևտրաշրջանառության ցուցանիշների նվազում, զբոսաշրջության ոլորտի կրած վնասներ, ազգային արժույթի զգալի արժեզրկում, նավթի գների անկում) բացասական դերակատարություն ունեցավ նաև Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, արդյուքնում արտահանման և ներմուծման ծավալները հունվար ամսին նվազել են համապատասխանաբար 22 և 25 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Մեկ բան ևս կանխատեսելի է, որ եթե չկարգավորվեն նավթի գները և չխաղաղվեն ռուս-թուրքական կրքերը, Վրաստանը կշարունակի կրել լուրջ ֆինանսատնտեսական վնասներ: