Իրանը նպատակահարմար չգտավ համաձայնել նավթի արդյունահանման ծավալների աճը սանձելու այն համատեղ առաջարկին, որը հավանության էր արժանացել նավթարդյունահանող չորս պետությունների՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի և Կատարի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Պաշտոնական Թեհրանի պահվածքը, փաստորեն, նպաստելու է նավթի գների հետագա անկմանը և, այս առումով, հակասում է Ռուսաստանի շահերին: Միաժամանակ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Իրանը Ռուսաստանից շատ շուտով կստանա հակաօդային պաշտպանության հզոր և արդիական համակարգեր, ինչպես նաև ժամանակակից ռազմական ինքնաթիռներ: Այս սպառազինությունները կարող են կարևոր դերակատարում ունենալ, եթե սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն անարդյունք լինեն ու երկար սպասված և վերջերս բանակցությունների սեղանի շուրջ զինադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն իրականություն չդառնա: Իրադարձությունների այսօրինակ զարգացումը կարող է հանգեցնել անգամ Իրանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի միջև բախումների՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Իրաքի տարածքում, ինչի հետևանքով, հավանաբար, կխախտվի նաև Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ռեժիմը և լիովին կամ մասնակիորեն կդադարի այդ գոտում արդյունահանվող նավթի արտահանումն Օրմուզի նեղուցով: Այսինքն, իրանա-սաուդական անգամ տեղային զինված բախումների արդյունքում նավագնացության համար առաջացած սպառնալիքները վստահաբար կհանգեցնեն նավթի արդյունահանման և արտահանման զգալի նվազեցման և, որպես հետևանք, կխթանեն դրա գնի կտրուկ աճը: Գործընթացների նման զարգացումը, հավանաբար, կողջունվի մերձավորարևելյան նավթարդյունահանող երկների տնտեսական ու քաղաքական մրցակիցների կողմից, սակայն դժվար թե քաջալերվի ԱՄՆ-ի և ԵՄ պետությունների ղեկավարների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: