Ժողովուրդ, քեզ հետ խօսողը քո հրամանատարն է, քո վիրաւոր սրտից զարնուած հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ յանուն քո ինքնապաշտպանութեան, չի հանգստացել պատեանում:
Լսիր, մի աւելորդ, գուցէ եւ վերջին անգամ նա դիմում է քեզ, խօսում քեզ հետ:
Նա ասում է.
- Քո սեւ ու նեղ օրին, երբ հայակեր Գեղուայ եւ Օխչու ձորերը, երբ Բարգուշատն ու Հաքարուն սպառնում էին քո կին ու երեխաների արիւնով քո երկիրը ներկելու - դու կանչեցիր ինձ եւ ես հասայ քո հաւարին: Ասա,ժողովուրդ, այն օրէն քո երկրում մնա± մի բարձունք, մի սար, մի քար, որի վրայ դրած չլինէի իմ յոգնած գլուխը: Ասա, դու ինձ տեսել ես մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսել ես փափուկ տեղաշորում, հարուստ սեղանների շուրջը: Դու լռում ես. քարերը, քարերը կ’աղաղակեն,կ’ասեն` ոչ: Ասա, մնաց մի բան, որ խնայէի, չզոհաբերէի քո ազատութեան,
քո փրկութեան, քո փառքի գործին: Քո դաշտերում, քո հողի վրայ իմ արիւնն է թափել: Դեռ չեն փակուել թշնամու ինձ հասցրած վէրքերը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտ մնայ ու հազար վէրքերի ցաւով պիտ մորմոքայ:
Ժողովուրդ, այսօր, երբ ադրբէյջանեան չէկերով կաշառուած ՙբոլշեւիկ՚ կոչուած սրիկաները, քո գերեզմանափորերը, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բաղխում եւ քո ձեռքով պղծած աղ ու հացիդ սպասում` դու դաւաճանաբար լքում ես, մենակ թողնում քո վիրաւոր հրամանատարին:
Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում` երեք միլիոնով Ադրբէյջանին ծախելու: Ապերախտ ժողովուրդ:
Քանի-քանի անգամ քո կինն ու երեխան կռիւներից վերադառնալիս փաթաթուել են ձիանս վզով, համբուրել ձեռներս, ՙփաշա ջան՚ կանչել: Քանի-քանի անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից,
կոտորածից:
Ինչ, մոռացար պրինց Ղաջարին, որի զօրքերին պատերիդ տակից եմ քշել: Վայ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտ տաս Աստծուդ, խղճիդ, պատմութեանը:
Ժողովուրդ, կ’անցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց ու ղեկավարներիցդ զրկելուց յետոյ, երբ այլեւս չի լսուի ՙԱժդահա փաշա՚ անունը, կը սկսուի հազար ձեւով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կը վերյիշես քո հրամանատարին, որի սուրը եօթն անգամ մեծացրել էր քո երկիրը եւ քեզ համար բացարձակ ապահովութիւն ստեղծել, այն ժամանակ հայեացքդ կը դարձնես Խուստուպին, նրա կատարին նստած սեւ ամպերին, կը նայես, կը կանչես, բայց հրամանատարիդ փոխարէն սարերիդ ու ձորերիդ թոյլ արձագանգը կը պատասխանի քեզ:
Գուցէ մի օր էլ, թշնամուց հալածական, սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ յանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրայ իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արիւն լացես:
Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դաւաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ` բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թէեւ պատմութիւնը չի ների քեզ, եւ խնդրում` երբ ինձ սպանուած գտնես, դիակս թաղիր Խուստուպի ամենաբարձր կատարին, որտեղից երեւայ ինձ եւ Ղափանը, եւ Գենուազը, եւ Գեղուաձորը, եւ Գողթանը:
Իսկ մինչ այդ, հայեացքդ մի կտրիր Խուստուպից: Որքան յաճախ, որքան շատ նայես այս սէգ ու սեւ ամպերով ծածկուած սարին, այնքան շուտ կը գայ, կը հասնի փրկութիւնդ:
Աստուած եւ իմ սէրը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:
Հրամանատար` ՆԺԴԵՀ
1920, 17 սեպտ., Խուստուպեան լեռներ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayrenater045/posts/326308374142534
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել