1264600_518191068268658_29207676_oԻնչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Հայաստանյան իրականությանն ընդառաջ

Հոդվածաշարը սկսելուց առաջ երկար մտածում էի, թե ինչպես ներկայացնեմ խաղաղ անհնազանդության տեսությունը ներկայումս մեր երկրում տիրող իրավիճակի տեսանկյունից: Ուստի, հոդվածաշարի այս մասում կփորձեմ ամբողջացնել մինչ այս մեր երկրում տեղի ունեցած քաղաքական շարժումների ընդհանրություններն ու դրանց այլընտրանքային միջոց հանդիսացող քաղաքական խաղաղ անհնազանդության ընձեռած հնարավորությունները:  

Բազմիցս հանդես եմ եկել մեր երկրում տիրող իրավիճակին վերաբերող հրապարակումներով: Ամեն անգամ արձանագրել եմ, որ այսօր մեր երկրին ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություն է անհրաժեշտ, որին քաղաքական համակարգի ոչ մի բևեռ չի ձգտում, և դա ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ: Ինձ համար, որպես քաղաքագետի, ամենաակնառու օբյեկտիվ պատճառներից մեկը միշտ եղել է այն պարզ հանգամանքը, որ մեր երկրի քաղաքական իրականության մեջ բացակայում է հակակշիռների մեխանիզմը: Իմ խորին համոզմամբ, ստեղծված իրավիճակի պատասխանատուն միայն իշխանությունը չէ, ինչպես ներկայացրել և ներկայացնում են բոլոր ժամանակների ընդդիմադիր ուժերը: Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն այս հարցում արջի ծառայություն է մատուցում այդ ընդդիմադիր ուժերին:

Հասկանալի է, որ հետխորհրդային Հայաստանում անկախության առաջին տարիներից ի վեր ժողովրդավարացման գործընթացը լի է եղել բազմաթիվ խոչընդոտներով, և այսօր էլ մենք բավականին հեռու ենք կոնսոլիդացված ժողովրդավարություն ունեցող երկիր ունենալուց: Բայց այս ամենի պատասխանատվությունը հավասարապես կիսում են բոլոր ժամանակների թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Գոյություն ունեն քաղաքական այնպիսի ճշմարտություններ, որոնք կիրառելի են բոլոր տեսակի հասարակությունների և քաղաքական համակարգերի պարագայում: Ի հեճուկս այս տրամաբանության՝ մեր քաղաքական համակարգում գործող գրեթե բոլոր ուժերն անընդհատ հասարակությանը կերակրում են այն մտքերով, թե իբր հայաստանյան իրավիճակը դասական քաղաքագիտության կանոններին չի ենթարկվում և քաղաքական գործընթացներն այդ դիտանկյունից դիտարկելը սխալ է: Այնինչ, համաձայն պարզագույն տրամաբանությանը, երբ որևէ իշխանություն չի վայելում հասարակության մեծամասնության վստահությունը, և այդ երկրում երկար տարիների ընթացքում քաղաքական իշխանության փոփոխություն տեղի չի ունենում դրանից հետևում է, որ տվյալ ուժին փոխարինողի հավակնություն ունեցողները կա՛մ հասարակության կողմից ավելի անընդունելի են, կա՛մ չեն տիրապետում քաղաքական գործընթացների արդյունավետ կիրառմանը:

Այն, որ Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակների ընդդիմադիր քաղաքական ուժերը հասարակության լայն զանգվածների կողմից վստահության են արժանացել (թեկուզ միայն ընտրությունների ընթացքում քվեարկելով նրանց օգտին) թերևս որևէ մեկը չի հերքի, սակայն, անհերքելի է նաև այն իրողությունը, որ այդ ուժերի կողմից հասարակական լայն շերտերի՝ իրենց հայտնած վստահությունը չի դիվերսիֆիկացվել և կարճ ժամանակ անց ժողովրդական ըմբոստությունը փոշիացվել է: Առանց երկմտելու կարելի է արձանագրել, որ վերոգրյալ բոլոր դեպքերում ընդդիմադիր քաղաքական ուժերի ընդհանրական թերացումը եղել է պայքարի միջոցների սխալ ընտրությունը: Բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ քաղաքական գործընթացներին մասնակցելիս հաշվի չեն առել մի քանի կարևոր հանգամանք, չեն ունեցել մանրամասն մշակված ընդհանուր ռազմավարություն, մարտավարական քայլերից բխող միջոցառումների հաջորդականություն: Քաղաքական գործընթացների նկատմամբ նման ոչ մասնագիտական և ոչ համակարգային մոտեցման առկայության պատճառներով անընդհատ ընդդիմադիր ուժերը ֆիասկոներ են արձանագրել և վերջնարդյունքում դրանում մեղադրել են միայն իշխանություններին: Արդյունքում, երկրի քաղաքական կյանքում ձևավորվել է մի այնպիսի իրավիճակ, երբ նույնիսկ պայքարի դուրս եկող քաղաքական ուժերը չեն հավատում իրենց հաջողությանը, իսկ քաղաքացիական լայն շրջանակներում քաղաքական զգալի փոփոխությունների միակ միջոցը համարվում է բռնությունը:

Ինչպես արձանագրեցինք, ընդդիամադիր քաղաքական ուժերն իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել մի քանի սկզբունքային սխալներով: Այդ սխալների արդյունքում նրանք գրեթե միշտ սխալ թիրախավորում են արել և գրեթե միշտ օգտագործել են պայքարի այնպիսի միջոցներ, որոնք ամբողջությամբ բխել են բոլոր ժամանակների իշխանությունների շահերից: Մասնավորապես, սխալ թիրախավորման և սխալ միջոցների ընտրության արդյունքում Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակների իշխանությունները թվացյալ անխոցելիություն են ձեռք բերել: Չնայած նրան, որ ցանկացած իշխանություն իր ունեցած վարչական լծակներով և պետությանը տրված մենաշնորհներով մի քանի անգամ ավելի մեծ ուժի աղբյուրներ ունի, այն մեր երկրի բոլոր ժամանակների ընդդիմադիրների կողմից հասարակությանը ներկայացվել է որպես «թույլ և հոգեվարքի մեջ գտնվող», սակայն ամեն անգամ ձախողվելով նրանք հասարակությանն ապացուցել են հակառակը: Այն պարագայում, երբ ցանկացած ընդդիմադիր շարժում նախ և առաջ պետք է օբյեկտիվորեն գնահատի նախ սեփական ներուժն ու խոցելի կողմերը, ապա իշխանության թե՛ ներուժը, թե՛ խոցելի կողմերը:

Չեմ ցանկանում ավելի մանրամասն անդրադառնալ ընդդիմության կողմից կիրառվող պայքարի սխալ միջոցներին, հռետորաբանությանն ու արձանագրած ձախողումներին: Փոխարենը, ստորև կանդրադառնանք խաղաղ անհնազանդության շարժում նախագծելիս անհրաժեշտ թիրախավորմանն ու իշխանությունների խոցելի կողմերին:   

Իշխանության խոցելի կողմերը

Անարդյունավետ գործող ընդդիմադիր ուժերի առկայության պարագայում ցանկացած իշխանություն հաճախ անխոցելի է թվում: Հետախուզական գործակալությունները, ոստիկանությունը, զինված ուժերը և պետական կառավարման մյուս լծակները վերահսկվում են ազդեցիկ փոքրամասնության կողմից: Երկրի ֆինանսական համակարգը, բնական ռեսուրսների տնօրինումն ամբողջությամբ գտնվում է իշխանության տրամադրության ներքո: Իշխանության համեմատ ընդդիմադիր ուժերը թույլ և անօգնական են թվում, և հաճախ ընդդիմադիրների անարդյունավետ գործունեությունը պայամանավորվում է հենց վերոգրյալ օբյեկտիվ իրողություններով: Իշխանության անխոցելիության դեմ անզորության այս ընկալումն ընդդիմության արդյունավետ գործունեության ծավալումն անհավանական է դարձնում: Բայց ինչպես ասում են՝ «սատանան այդքան վախենալու չէ, որքան մենք կարծում ենք»:

Նույնիսկ ամենաանխոցելի թվացող իշխանությունն ունի իր բազմաթիվ խոցելի կողմերը, և ցանկացած իշխանության հնարավոր է հաղթել, երբ հայտնի են նրան խոցելի կողմերը, և քաղաքական ընդդիմադիր պայքարն ուղղված է ընդդեմ այդ խոցելի կողմերի: Իշխանության բնույթից ելնելով կարելի է առանձնացնել մի քանի կարևոր խոցելի կողմեր: Պրոֆեսոր Ջին Շարփն իր «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքում առանձնացնում է հատկապես բռնապետական բնույթի իշխանությունների խոցելի կողմերը:

Մեջբերում՝

Բռնապետության խոցելի կողմերից կարելի է առանձնացնել հետևյալները.

  1. համակարգի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ մարդկանց, խմբերի և տարբեր կառույցների միջև համագործակցությունը կարող է սահմանափակվել և դադարեցվել,
  2. քաղաքական ռեժիմի` նախկինում վարած քաղաքականության պահանջները և հետևանքները հնարավոր է որոշակիորեն սահմանափակեն ներկայիս` իրար հակասող մարտավարություններ որդեգրելու և իրականացնելու հնարավորությունները,
  3. համակարգը կարող է «ավերակների» վերածվել` կորցնելով ստեղծվող նոր իրավիճակներին արագ հարմարվելու կարողությունը,
  4. կարող է նկատվել նոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ անձնակազմի և ռեսուրսների բացակայություն, քանի որ դրանք արդեն իսկ հատկացված կլինեն առկա խնդիրների լուծմանը,
  5. վախենալով չգոհացնել իրենց վերադասներին՝ ենթակաները հնարավոր է՝ չփոխանցեն որոշումներ կայացնելու համար բռնապետներին այդքան անհրաժեշտ ճշգրիտ և վերջնական տեղեկությունները,
  6. գաղափարախոսությունը կարող է արժեզրկվել, իսկ համակարգի առասպելները և խորհրդանիշները՝ փոփոխվել,
  7. եթե առկա է ուժեղ գաղափարախոսություն, որն ազդում է իրականության նկատմամբ յուրաքանչյուրի վերաբերմունքի վրա, ապա դրան ամուր կառչելու դեպքում իրական պայմաններն ու կարիքները կարող են անուշադրության մատնվել,
  8. բյուրոկրատիայի աշխատունակության և կոմպետենտության անկման կամ չափից ավելի վերահսկողության և կանոնակարգման արդյունքում համակարգի վարած քաղաքականությունը և գործունեությունը կարող է կորցնել իր արդյունավետությունը,
  9. ինստիտուցիոնալ ներքին կոնֆլիկտները և միջանձնային թշնամանքները կարող են վնասել, նույնիսկ խափանել բռնապետության կայուն գործունեությունը,
  10. մտավորականներն ու ուսանողները հնարավոր է, որ ոտքի կանգնեն՝ ի պատասխան ստեղծված պայմանների, սահմանափակումների, բռնությունների,
  11. հնարավոր է, որ ժամանակի ընթացքում հասարակության լայն զանգվածներ անտարբերությամբ, թերահավատությամբ և, նույնիսկ, թշնամանքով լցվեն առկա ռեժիմի հանդեպ,
  12. տարածաշրջանային, դասակարգային, մշակութային և ազգային տարբերությունները կարող են սրվել,
  13. բռնապետության իշխող հիերարխիան մշտապես որոշ չափով, երբեմն էլ ծայրահեղ անկայուն է: Անհատները ոչ միայն չեն մնում միևնույն դիրքում, այլ նաև կարող են ցանկացած պահի ավելի ցածր կամ բարձր պաշտոն ստանալ կամ ընդհանրապես հեռացվել և փոխարինվել նորերով,
  14. ոստիկանական բաժանմունքները կամ ռազմական ուժերը կարող են գործել հանուն սեփական նպատակների իրականացման, նույնիսկ բռնապետների կամքին հակառակ պետական հեղաշրջում իրականացնել,
  15. նորաստեղծ բռնապետությանը հաստատվելու համար ժամանակ է անհրաժետ,
  16. բռնապետության պայմաններում փոքրամասնության կողմից կայացվող մեծաթիվ որոշումները մեծացնում են արդարադատության, քաղաքականության, գործողությունների մեջ սայթաքումների հավանականությունը,
  17. եթե ռեժիմը վտանգներից խուսափելու նպատակով ապակենտրոնացնում է վերահսկողությունն ու որոշումների ընդունումը, ապա հնարավոր է, որ վերջինիս վերահսկողությունը կենտրոնական լծակների նկատմամբ ավելի կրճատվի (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 46-49 էջ):

Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակների իշխանություններին ավտորիտար կամ բռնապետական համարելն, իմ կարծիքով, սխալ է, սակայն պրոֆեսոր Շարփի գրքից արված մեջբերման մեջ առկա բռնապետական համակարգերի խոցելի կողմերը այս կամ այն չափով նույնական են ցանկացած բնույթի իշխանության ունեցած խոցելի կողմերի հետ: Ուստի, խաղաղ անհնազանդության շարժում նախագծելիս մեր ընդդիմադիրները ևս կարող են առաջնորդվել վերոգրյալով և ելնելով կոնկրետ իրավիճակից կոնկրետ ռազմավարություն և մարտավարություն մշակել:

Հ.Գ. Հոդվածաշարի հաջորդ մասում կանդրադառնանք խաղաղ պայքարի միջոցներին կամ, ինչպես ասում են,  «խաղաղ զենքերին», որոնք յուրօրինակ մարտավարական հնարքների ամբողջություն են հանդիսանում:

Նարեկ Սամսոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել