Lragir.am-ը գրում է․
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը բացասաբար է անդրադարձել նաև պանրագործության ոլորտի վրա: Ոլորտի ընկերությունները հիմնականում խուսափում են դեպի ռուսական շուկա արտահանումներ կատարելուց: Պանրի արտահանման ու նաև ներքին շուկայում իրացման ծավալների նվազում է նկատվում:

Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով արտահանում շատ քիչ են անում պանրագործները: «Կոնկրետ ես առանձնապես շատ չեմ արտահանում, միշտ տեղում եմ իրացնում: Մեր գները չեն բռնում էնտեղի գների հետ, մեզ մոտ ես պանիրը վաճառում եմ 3.5-4 դոլարով, այնտեղ որ հասցնեմ, պիտի վաճառեմ ենթադրենք 3 դոլարով, չհաշված ճանապարհածախսը»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ նաև ներքին շուկայում է պանրի իրացումը դժվարացել, պանրագործների մոտ գերարտադրություն է այսօր:

Չնայած ՀՀ կառավարությունը հայ գործարարներին, ի դեմս ԵՏՄ-ի, 170 մլն-ոց շուկա էր խոստանում, 2015 թվականին 2014 թվականի համեմատ պանրի արտահանման ծավալները Հայաստանից նվազել են: Հայաստանցիների գնողունակության անկումն էլ բերել է նրան, որ ներքին սպառման ծավալներն էլ են նվազում:

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ պանրագործությունը չէր կարող տարանջատվել մյուս ոլորտներից ու 2015-ին արտահանման աճ գրանցել: «Ինչպես բոլորն են տուժում, այնպես էլ մենք ենք տուժում: Այլ խնդիր է, թե մենք ինչպես կախվածություն ձեռք բերեցինք ռուսական շուկայից, ձվերը դրեցինք միայն մեկ զամբյուղի մեջ, այսինքն՝ ռուսական շուկայում: Ռուսական ռուբլու արժեզրկումը եթե չլիներ, մեր պանրագործների համար ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցները ձեռնտու էին, բայց ռուբլին այնքան արժեզրկվեց, որ տնտեսապես գրեթե ձեռնտու չէ արտահանելը»,- ասաց նա:

Ըստ Գիգոյանի՝ ռուսական ռուբլու արժեզրկումն այնքան բարձր տեմպերով է տեղի ունենում, որ ՌԴ-ում գների ադապտացում տեղի չի ունենում: Միության նախագահի խոսքով՝ 2016 թվականը սպասելու տարի է ոլորտի ընկերությունների համար: Ինչ վերաբերում է նոր շուկաներ փնտրելուն, ապա, Գիգոյանի խոսքով, այսօր շատ դա դժվար գործ է:

Խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում հիմա սննդամթերքի գների լուրջ անկում է տեղի ունենում, իսկ Հայաստանում արտադրվող ապրանքի ինքնարժեքը բարձր է: «Հայաստանում արտադրողին երկար ու էժան փող է պետք: Իսկ մեր ներկա ղեկավարները ոչինչ չեն անում, նախկինների քաղաքականությունն էլ այն էր, որ Հայաստանը ռիսկերից ձերբազատվելու համար պետք է ունենա ավելի ապահով բանկային մեխանիզմ: Այսինքն՝ բանկերը սարքեցին կիսալոմբարդային կառույցներ»,- ընդգծեց նա:

Այն, որ իրենց էժան տոկոսադրույքով ու երկարաժամկետ վարկեր են անհրաժեշտ, հաստատում են նաև ոլորտի ընկերությունների ղեկավարները: «Կաթնամթերք Վան» ընկերության տնօրեն Համլետ Մաթևոսյանը Lragir.am-ին ասաց, որ իրենց ֆինասնական վիճակը վատ է, նախորդ տարի շատ քիչ են արտադրել:

«Մեզ վերավարկավորում է պետք, որպեսզի կարողանանք շնչենք, բայց մեկ տարի ուշացրել են: Գյուղացին այսօր պատրաստ է կաթ տալու, միայն թե գումարի հարցը լուծվի: Գյուղացու սոցիալական վիճակն էլ լավ չի, ասում է՝ կանխավճար տուր, որ անասունիս կեր առնեմ: Մատչելի տոկոսով վարկ ենք ուզում, տեղում լինեն, նայեն ինչ է, վարկ տան մեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ արտահանում չեն կարողացել անել ռուսական շուկայի ու ռուբլու արժեզրկման պատճառով:

Արթիկի պանրի գործարանի տնօրենը նույնպես ասաց, որ ֆինանսական խնդիրներ ունեն, վարկային միջոցներ են անհրաժեշտ: Նրա խոսքով՝ այսօր տրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են, ձեռնտու չեն: «Շուկայում անցած տարի գնողության անկում է եղել տրասնֆերտների պակասի պատճառով: Պահանջարկն ավելի քիչ է, քան արտադրությունը»,- ասաց  գործարանի տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել