Դու հիմա շատ հեռու ես: Չնայած դա այդքան էլ կարևոր չի, քանզի դու ինձնից բավական ժամանակ հեռու ես եղել, ու տարբերություն չկա մի քանի քայլ, թե հարյուրավոր կիլոմետրեր: Դու երևի չես էլ կարդացել բլոգս, չգիտես էլ, որ իմ փոստ արած 81 գրվածքների 71-ի հերոսը դու ես: Ու հիմա էլ չգիտես, որ կրկին քեզ եմ գրում` ամեն անգամ մտածելով, որ վերջինը կլինի: Գուցե սա էլ վերջինը չի: Գուցե ես դեռ քեզ հասցեագրված բազմաթիվ չգրված նամակներ ունեմ...
Բայց զգացի, որ ոչինչ չի փոխվել: Իմ մեջ: Չէ երազներով էլ չեմ ապրում, քո վերադարձի մասին նույնիսկ չեմ էլ մտածում: Քեզ այսքան երջանիկ տեսնելով, հավատա ուրիշ հնարավորություն չկա: Եվ գուցե ամեն անգամ` քո ու նրա էջը այցելեիս, երազում եմ մի քանի րոպեով կուրանալու մասին, որ չտեսնեմ ձեր սիրային տողերը, ամեն դեպքում հավատա, որ ես ուրախ եմ քո երջանկությամբ: 
Գիտե՞ս, գալիս է մի ժամանակ, երբ զգում ես, որ ոչինչ չի փոխվել ու երևի թե չի էլ փոխվի, քանի որ դու իմ մեջ ավելի շատ ես, քան պետք է: Ես ինքս ինձ եմ սկսում ատել նույնությանս համար, չփոխվելու ու նույնիսկ փորձ չանելու համար: Ես սովորել եմ այս կյանքին, ամեն օրս լցնելով ինչ-որ հիշողություններով, որոնք արդեն մաշվել են հիշվելուց: 
Ու գիտակցում եմ, որ երկու տարվա մեջ ես այդպես էլ չսիրահարվեցի, չասացի՝ սիրում եմ: Ես չփորձեցի նույնիսկ ինձ հնարավորություն տալ կրկին սիրելու: Որովհետև կարծում էի, որ արժանի չեմ: Ես չտվեցի ներսիս սերը ուրիշին, գուցե տալու ոչինչ էլ չունեի:
Ու ժամանակ է անցել: Շատ ժամանակ: Ես արդեն էլ չեմ արտասվում քեզ համար, բայց քեզ հիշելիս ինչ-որ բան ներսում սկսում է ցավել: Բայց ես հաշվում եմ: Օրերն եմ հաշվում: Եվ միայն ես գիտեմ, թե ինչքան երջանիկ էի երկու տարի առաջ, հենց այս օրը: Գիտեմ, որ դու նույնպես: Գիտեմ, որ գուցե այդպես էլ չսիրեմ ու շուրթերս ուրիշ մեկին չասեն՝ սիրում եմ: Գիտեմ, որ ամեն անգամ ես շրջվելու եմ քո օծանելիքի հոտը զգալիս: Գիտեմ, որ ատելու եմ աշխարհում գոյություն ունեցող բոլոր կանաչ աչքերի երանգները, բացի քո աչքերից: Գիտեմ, որ ամեն ագամ օրացույցը նայելիս նշելու եմ քեզ հետ անցկացրած օրերս: Սակայն ես գիտեմ, որ ժամանակը հետ չեմ բերի և այն, ինչ զգացել եմ, ուրիշ ոչ մեկի հետ չեմ զգա: Բայց հավատա, որ ես նույնիսկ արթուն ժամանակ հենց դա եմ երազում: Քեզ հետ: Երկու տարի առաջ: Այս օրը...
Նվիրում եմ, մեզ: Երբ դեռ մենք էիք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել