Ամեն օր մեր մեջ ծնվում է Քրիստոսը...ամեն օր շատերս խաչում ենք նրան մեր մեջ. փորձենք հավատարիմ մնալ Տիրոջը ամեն վայրկյան ու ամեն օր:
«Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» ( Եսայիա 9;6 )
Քրիստոսի ծննդյան օրը ամենահրաշալի օրն է քրիստոնյաների համար. Նա աշխարհ եկավ մեր հոգիների փրկության համար:
Քրիստոսի ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում հիշատակվում է հունվարի 6-ին: Այս օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22), և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ. Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում՝ որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը. այսպես է առաջացել Տնօրհնեքի սովորույթը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/545849762092653
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել