Միգուցե պատճառ՝ արտաքին միջավայրում էական հաջողությունների չհասնելու համար
Ինչպես ցույց է տալիս մերօրյա Հայաստանի պատմական փորձը, մեր երկիրը միջազգային հարթակներում, մեղմ ասած չի փայլում իր մրցունակությամբ: Ի տարբերություն երկրի արտաքին քաղաքական գործընթացների, ներքին քաղաքական թաթերաբեմում արձանագրվել ու արձանագրվում է բոլորովին այլ պատկեր: Այստեղ առկա է, այսպես կոչված՝ քաղաքական գործիչների բավական պատկառելի թիվ կազմող բանակ, ովքեր զանազան մանևրների միջոցով եղել և մնում են հայկական իրականության քաղաքական թաթերաբեմի ակտիվ և գրեթե երբևէ ստվերում չհայտնված դերակատարները...
Ինչ խոսք, առաջին հայացքից կարող է թվալ, որ այսպես կոչված՝ թերացումներն արտաքին միջավայրում, պայմանավորված են զուտ աշխարհաքաղաքական իրավիճակի և գործընթացների ազդեցություններով, սակայն կա տեսակետ, որ վերոնշյալները կարող են՝ այս կամ այն կերպով ազդեցություն գործել՝ կոնկրետ ուղղվածության զարգացումների վրա: Այստեղ է, որ վերստին անգամ հարկ է նկատել, որ խոսք է գնում գլոբալ մրցունակության, այլ ոչ թե որևէ կոնկրետ ուղղվածության ձախողումների, կամ՝ ոչ արդյունավետ գործակցության մասին: Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, ապա որպես պատկերային՝ ակնհայտ տարբերության՝ ոչ երրորդական պատճառ կարելի է նշել՝ նեղ անձնական և պետության շահերի դիրքերից գործելու անհամատեղելիությունը: Քանի որ, մի դեպքում խոսքը վերաբերում է անձնական բարեկեցությանն ու առաջխաղացմանը, դրան գումարած՝ պետական մտածողության՝ մեծամասամբ թվացյալ առկայությունը, իսկ մյուս դեպքում, երբ հաջողությունը ամենևին վերապահված չէ՝ նեղ անձնական շահերին, ապա կարծեք ակնհայտ է դառնում, թե ինչ պատճառով են մտահոգությունները մնում մտահոգություններ, հետևաբար, ժամանակի ընթացքում նաև ծնում լրացուցիչ մտահոգություններ...