Երգացանկ՝

1.Люди(Полный Вперёд)
2.Безопасность
3.Запой
4.Он был старше её
5.Ранняя Тишина
6.Водопадом
7.Лондон(дуэт с Тимати)
8.Я счастливый
9.Где-то за тучами
10.Судьба-зима
11.Се ля ви
Ժանր՝Pop,pop/rock


Վերջերս ռուս հայտնի եւ սիրված երգիչ Գրիգորի Լեպսը թողարկեց իր՝ թվով 11-րդ ձայնասկավառակը: Այն իր մեջ ընդգրկում է 11 երգ, որոնցից երկուսը cover տարբերակներ են: Ձայնասկավառակում ընդգրկված գրեթե բոլոր երգերը միատիպ են եւ միմյանցից չտարբերվող: Հարկ է նշել, որ երգերի գործիքավորումներում առկա են միայն «կենդանի» գործիքներ, հիմնականում՝ հարվածային, եւ համակարգչային տեխնիկայի առկայությունն այս դեպքում գրեթե չկա: Գովելի է այն փաստը, որ տեքստային կառուցվածքին տրվել է յուրահատուկ եւ պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են որոշակի կիսափիլիսոփայություն եւ «մտածելու տեղիք» տվող արտահայտություններ:
     «Водопадом» եւ «Лондон» երգերն արդեն Ռուսաստանում ճանաչվել են որպես հիթեր եւ բոլոր հիթ-շքերթներում զբաղեցնում են առաջատար հորիզոնականներ: Ինձ համար ես կառանձնացնեմ «Я счастливый» երգը. այն բավականին պոզիտիվ եւ դրական լիցքեր պարունակող երգ է, որում առկա է մեսսիջ (հաղորդագրություն), այն է՝ կենսասիրությունը, քեզ երջանիկ մարդ զգալու կարողությունն ու ցանկությունը: Հատկապես ոգեշնող է սաքսոֆոնի եւ կիթառի գեղեցիկ համադրությունը, որը Լեպսի ձայնի հետ այնքան համահունչ է եւ հաղորդում է երգին առանձնահատուկ փայլ եւ հմայք:
      Ինձ համար մինչեւ հիմա անհասկանալի է թվում «Лондон» երգում «ռեպեր» (ավելի ճիշտ՝ իրեն ռեպեր համարող) Տիմատիի մասնակցությունը: Երգը, միանշանակ, հիթ է, սակայն Տիմատիի մասնակցությամբ այն որակազրկվում է եւ կորցնում իր նշանակությունը: Ծիծաղելի է թվում այն, որ «Давай до свидания» երգող եւ «клёвый паренёк»-ի կերպարով հանդես եկող տղան փորձում է դուետ կազմել այնպիսի լուրջ եւ ծանրակշիռ արտիստի հետ, ինչպիսին Գրիգորի Լեպսն է: Ըստ իս՝ ոչ համահունչ եւ որոշ չափով զավեշտալի «դուետ» է:
       Ձայնասկավառակի թերություններից է նաեւ մեր հայրենակիցների՝ Սիրուշոյի եւ Ավետ Բարսեղյանի գրած «Судьба-зима» երգը: Ինձ համար շատ զարմանալի թվաց, թե ինչո՞ւ Լեպսն ընդգրկեց այս երգն իր ձայնասկավառակում: Նախ ասեմ, որ ալբոմի մյուս երգերի կողքին այն համահունչ չէ, ձայնասկավառակին հաղորդում է գորշություն եւ մռայլություն: «Сплошной депресняк». այսպես կարելի է բնութագրել այս երգը: Հասարակությանն անհրաժեշտ չեն սթրեսներ եւ դեպրեսիաներ, հասարակությանն անհրաժեշտ է հավատ եւ լավատեսություն, ուստի նման երգերն էլ ավելի են տխրեցնում եւ կոտրում մարդկանց: Լեպսի կողմից ձայնասկավառակում այս երգն ընդգրկելն ինձ համար պարզապես անմտություն է:
   Ինչպես արդեն նշեցի, ալբոմում ընդգրկված են 2 cover տարբերակներ: «Машина Времени» խմբի «Он был старше её» եւ Վալերի Մելաձեի «Се ля ви» երգերը կատարված են գրեթե անթերի, ճիշտ երաժշտական շեշտադրությամբ եւ տեխնիկայով:
        Ինչպիսին էլ լինի ձայնասկավառակի հաջողությունը (ի դեպ ռուսական itunes կայքում այն ամենավաճառվածն է համարվում), ինչպես միշտ Գրիգորի Լեպսն աշխատել է պրոֆեսիոնալ թիմի հետ՝ սկսած երգահաններից ու երաժշտական պրոդյուսերներից մինչեւ գործիքավորողներ:

ԱԼԲՈՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝6
ՁԱՅՆ՝10
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝9
ՏԵՔՍՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝9
ԳՈՐԾԻՔԱՎՈՐՈՒՄ՝10
ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝8,8

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել