«Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինին համարում է, որ ակումբը կորցրել է իր «կախարդական ուժը», և ինքը գիտի դրա պատճառները:

«Ինձ հաջողվել է 25 հոյակապ տարիներ անցկացնել «Միլանում,-ասել է Մալդինին «La Repubblica»-ի հետ զրույցում:-Երբ ես եկա թիմ, տեսա, որ հիանալի հիմք կա հզոր ակումբի կառուցման համար: Եկավ Սիլվիո Բերլուսկոնին և մեզ սովորեցրեց խաղալ մեծ իմաստով, իհարկե, ոչ առանց իր ներդրումների:


Այնուհետև միացավ Արիգո Սակին, և մենք ունեցանք մեր մտածելակերպը, ինչի շնորհիվ դարձանք ֆուտբոլում որոշակի ոճի խորհրդանիշ: Դա կախարդական բան էր:

Հետզհետե կախարդանքը կորավ, և «Միլանը» վերածվեց ամենասովորական ակումբի: Եվ այդ ամենն այն պատճառով, որ «Միլանը» դադարեց պահպանել իր երբեմնի մտածելակերպը, իսկ նրանք, ովքեր կերտել են ակումբի պատմությունը, այլևս չեն փոխանցում իրենց գիտելիքները հաջորդ սերունդներին»:

Մալդինին հստակեցրել է, որ ինքն անձամբ չի ցանկանում լինել ոչ մարզիչ, ոչ էլ տնօրեն, իսկ «Միլանում» խորհրդանշական պաշտոններ զբաղեցնելու մասին առաջարկները նախկինում էլ մերժել է: Այնուամենայնիվ, Պաոլոն ցանկանում է ինչ-որ կերպ նորից ծառայել իր միակ ակումբին:

«Ես ուղղակի ցանկանում եմ «Միլանին» վերադարձնել նախկին կախարդանքը,-ասել է հայտնի մարզիկը:-Նայեք «Բավարիայի» ու «Ռեալի» և նրանց տնօրենների վրա. Բեկենբաուեր, Հենես, Ռումենիգե, Բուտրագենյո, Գալյեգո և Վալդանո:

Կախարդանքը կարելի է պահպանել, դա պետք է ուսուցանեն նրանք, ովքեր իրենց վրա զգացել են այդ կախարդանքը և նույնիսկ իրենք են եղել դրա կերտողը: «Միլանն» ուներ այդ մոգականությունը 25 տարի շարունակ, բայց հետո այն կորավ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել