Հարգելի՛ լրագրողներ, ընկերներ, խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը։
Ուրեմն, ես ապրում եմ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի վրա, ու պարզվում է՝ իմ բնակավայրից երկու շենք այն կողմ մի այսպիսի հերոս մարդ է ապրում:
Նկարում պատկերված կորացած մեջքով այս տատիկին անցած տարվա ամառվանից եմ նկատել, երբ նա մեր փողոցի տարբեր վայրերում ամեն օր մի քանի ժամերով աղբ էր հավաքում, հող փխրեցնում, ծառերի չոր ճյուղերն ու տերևները մաքրում, ծաղիկներ ցանում և մեր երկար ու լայն փողոցի բարեկարգման բազում այլ աշխատանքներ էր կատարում: Միշտ հեռվից, հատկապես պատուհանից էի հետևում ու հիանում այս տարեց կնոջ սրտացավ ու անձնվեր աշխատանքով, բայց ինչ-որ մի տեղ կարծում էի, որ երևի թե համատիրությունից են ուղարկել տիկնոջը, որ երևի թե գրանցված է որևէ տեղ ու գումար է ստանում իր այս աշխատանքի համար:
Այսօր, երբ աշխատանքից սովորականից շուտ վերադարձա, կրկին տեսա այս տիկնոջը, ով աղբամանների մոտ աղբերն էր հավաքում, մայթի ասֆալտը մաքրում ձյան հետ միախառնված չորացած խոտերից ու ցեխից և մաքրում էր ծառի չոր ճյուղերից իր կողմից պատրաստած ավելով: Չկարողացա անտարբեր անցնել, բարևեցի ու հարցրեցի, թե արդյո՞ք ինքն աշխատում է որևէ տեղ: Տատիկը պատասխանեց, որ ոչ մի տեղ էլ չի աշխատում, ուղղակի մաքրում է։ «Լավ չի՞, որ մաքուր է»,-ասաց տատիկը... Հուզմունքս չկարողանալով զսպել՝ շնորհակալություն խնդրեցի ու հարցրեցի, թե քանի տարեկան է: Պարզվեց՝ 86 տարեկան է, անունն էլ՝ Սեդա: Ավելացրեցի, որ շատ մեծ գործ է կատարում, որ բոլորիս օրինակ է ծառայում, կրկին շնորհակալություն հայտնեցի ու հեռացա: Տուն եկա, պատուհանից նայեցի, նորից աշխատում էր հերոս Սեդա տատիկը: Տանն աղբ կար թափելու, այդքան շատ չէր, բայց առիթ էր նորից իջնելու ու նրա հետ զրուցելու: Նորից անհանգստացրեցի, տատիկը բարեհամբյուր պատասխանում էր ինձ՝ ժպիտը դեմքին: Ասեցի, որ կցանկանայի լրագրողներին իր տվյալները տալ, որպեսզի վերջիններս անդրադարձ կատարեին նրա այս գործին, ինչը որպես օրինակ կներկայացվի: Սկզբից լավ չհասկացավ ասածս, բայց հետո, հասկանալով՝ ինչ եմ ասում, պատասխանեց, որ նման բաներ չի սիրում, հետո ասեց, որ ինձ իր տղային է նմանեցնում: Մի փոքր էլ խոսեցինք, ու ես հեռացա: Հիմա էլ նստած այս տողերն եմ գրում, և հենց այս պահին Սեդա տատիկը դրսում շարունակում է միլիմետրը միլիմետրի վրա մաքրել մեր փողոցը, որովհետև ինքն այլ կերպ չի կարող, որովհետև ինքը ՄԵԾ ՄԱՐԴ է, որովհետև ինքն է իմ հերոսը:

Հ.Գ. Սիրելի՛ լրագրողներ, շատ եմ խնդրում, անդրադարձեք այս տիկնոջը, համոզված եմ՝ սա այն դեպքն է, որի մասին պետք է իմանան շատ մարդիկ ու օրինակ վերցնեն: Չի բացառվում, որ միայնակ ապրող այս մեր տատիկին նյութապես օժանդակության կարիք լինի: Ովքեր ցանկանում են, թող կապվեն ինձ հետ, ես պարզել եմ նրա տան տեղը, չնայած ասեց, որ հեռախոսը չի աշխատում, բայց կգտնեմ իրեն հաստատ: Սպասում եմ ձեր արձագանքին...
Կներեք ֆոտոների որակի համար, դրանք նոր հեռախոսով եմ նկարել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել