Եվ եթե ավտոտրանսպորտի տարբերակն Ադրբեջանի համար մեծ նշանակություն չունի, ապա Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղային հնարավոր հաղորդակցությունն այդ երկրի մասնագետներն ու լրագրողները մեծ հարված են համարում Ադրբեջանի շահերին: Մանավանդ, հայկական կողմն առաջարկել է ավելի կարճ և հետևաբար էժան տարբերակ` Մեղրի-Վայոց ձոր-Երասխ: Զայրույթի մի հատուկ չափաբաժին էլ հասցեագրվում է Իրանին, որը, թոթափելով պատժամիջոցների շղթաները, հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանով անցնող ուղու հանդեպ, և ադրբեջանցիների կանխատեսմամբ այդ նախագիծը կարող է ուտոպիայից դառնալ իրականություն:
Բաքվին անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեպի Պարսից ծոց և Սև ծով հուսալի ելք ունենալու դեպքում Հայաստանը կճեղքի շրջափակումը, որին ենթարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերի «շնորհիվ» և էապես կընդլայնի իր արտաքին տնտեսական հնարավորությունները: «Ահա այսպիսի թափ է առել Երևանը»,- բացականչել է կայքերից մեկի հոդվածագիրը: Նա դարձյալ պնդում է, որ այժմ իրանական բեռներին ոչինչ չի խանգարում անարգել սևծովյան ափ հասնել գոյություն ունեցող ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհներով, որոնք ունի Ադրբեջանը: Բայց չէ` արի ու տես, Իրանը գերադասում է այլ, նոր ճանապարհներ կառուցել Հայաստանի տարածքով` հաղթահարելով ռելիեֆի հարուցած մեծ դժվարությունները:
Ադրբեջանի փորձագետներն ու լրագրողներն, այսպիսով, շատ մոտ են ճշմարտությանը, բայց չեն ուզում խոստովանել դա. ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ Իրանը պարզապես չի ուզում, նպատակահարմար չի համարում գործ բռնել Ադրբեջանի հետ: