Անբարոյականությունը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, ու այդ դրսևորումներից կարելի է հանդիպել տարբեր ոլորտներում։ Դրանց կարելի է մոտենալ տարբեր կերպ. ոմանք թեթև են տանում, ոմանք՝ ծանր, ոմանք էլ կուտն ուտում են։ Պատմեմ Ձեզ այդպիսի մի անբարոյականության մասին։
Օրերս Գյումրիում մի արտակարգ պատահար էր գրանցվել, որը կանտեսվեր և ուշադրության չէր արժանանա, եթե անցած տարի տականք Պերմյակովի ձեռքով կազմակերպված սպանդը չլիներ։ Խնդիրը հետևյալն է. ռազմաբազայի ինչ-որ զինծառայող փորձել է լակած մտնել ինչ-որ բնակարան ու, ինչպես հետագայում բացատրել է ոստիկանությունում, պարզապես շփոթել է շենքը, քանի որ իր համածառայակիցը բնակվում է կողքի շենքում։ Լրիվ կենցաղային իրավիճակ, որի ամենասկանդալային կողմն այն է, որ բազայում կարգապահությունը շարունակում է հարցեր առաջացնել, բայց տեսեք, թե ինչ սկանդալ են փորձում դրանից մոգոնել։
Օրինակ՝ ռուսատյացության մառազմի մեջ թաղված «Լրագիրը» միանգամից հետևություն է անում սրանից, որ Ռուսաստանը նոր ոճիր է նախապատրրաստում Գյումրիում ու մի հատ լավաշ է գրում այս առնչությամբ, որում կենցաղային այս դեպքը փորձում են մատուցել որպես գրեթե հենց Կրեմլից ղեկավարվող գործողություն։ Այս մառազմի ողջ ասելիքն էլ էս է. հանեք բազան Հայաստանից...
Սա կոչվում է անբարո լրագրություն կամ էլ լրագրողական անբարոյականություն։ Լրագրողը կամ էլ այս դեպքում գլխավոր խմբագիրը կարող է ունենալ ցանկացած տիպի քաղաքական հայացքներ, կարող է ունենալ պրոֆեսիոնալիզմի ցածր կամ գերցածր սանդղակ, ի վերջո դա իր գործն է։ Սակայն երբ լրագրողը բռնում է փուջ տեղից և ուզում է սենսացիա սարքել դրանից ու հանուն դրա շահարկում 7 անմեղ զոհերի սպանության դրվագ, դա արդեն ոչ քաղաքական հայացքների հարց է, ոչ էլ պրոֆեսիոնալիզմի պակաս, դա արդեն տվյալ մարդու բարոյական բնութագրի հարց է։