Արթուրո Սայանն ընդդեմ ՔԿԱԳ /ԶԱԳՍ-ի/ Վանաձորի մասնաճյուղի...

Յուրաքանչյուր ոք օրինական կերպով իրավունք ունի փոխել իր անուն-ազգանունը, բայց  Վանաձորի ԶԱԳՍ-ը իմ հայտին տվել է անհիմն բացասական եզրակացություն եւ հայտափաթեթը ուղարկել է արդարադատության նախարարություն: 

Հայտը մերժվել է նաեւ նախարարության կողմից, որոնք, ըստ ներքին խոհանոցից ինձ հասած տեղեկությունների, ասել են. «Մենք իսկի Պարույր Սեւակի թոռինը չենք փոխել, ուր մնաց Արթուրոյինը փոխենք»: 

Ես անձնագրով՝ Արթուր Կարապետյանս, ցանկանում եմ փոխել անուն-ազգանունս եւ դառնալ Արթուրո Սայան: Այդ անուն-ազգանունը ոչ միայն իմ բեմական անունն է, այլեւ այդ կերպ ինձ ճանաչում են բոլոր ընկերներս, գործընկերներս, գործատուներս եւ այլք: Մերժման մեջ իրենք «իմ աչքն են մտցնում», որ բեմական անունը կամ գրական կեղծանունը հիմք չէ անձնագրով անվան-ազգանվան փոխման համար: Ես պնդում եմ, որ Արթուրո Սայան անունը միայն իմ բեմական անունը չէ, այլ ես այն փաստացի կրում եմ: Գործին կցված են մի շարք վկայություններ բարեկամներիս, ճանաչված եւ հայտնի անձանց կողմից, թատերական բուկլետներ, աֆիշներ, պատվոգրեր եւ մի շարք տեղեկանքներ ռադիոընկերություններից, հեռուստատեսություններից, ֆիլմարտադրող կազմակերպություններից, թատերական գործիչների միությունից եւ այլն: Այդ բոլորը վկայում են այն մասին, որ ինձ ճանաչում են Արթուրո Սայան անվամբ:

Համաձայն ՀՀ կառավորության 23.06.2005թ.-ի թիվ 941-Ն որոշմամբ հաստատված «Անվան փոխման կարգի ու պայմանների» 9-րդ կետի. «16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝ ... Թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն»:

ՀՀ կառավարության 23.06.2005թ.-ի թիվ 941-Ն որոշման 19-րդ կետում ասվում է. «Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ-ի մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքի, սույն կարգի եւ այլ իրավական ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն, ինչպես նաեւ եթե անձը այն փոխում է 2-րդ անգամ...»

Այդպիսով, դատական գործընթացն արդեն տարիուկեսից ավել շարունակվում է... Ի դեպ, դատական նիստերի միջև ինտերվալները 8 ամիս են:

Օրենքի պահպանում եմ պահանջում ՆՈՐ ՏԱՐՈւՄ...!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել