Իշխանությունը սիրում է ասել, որ հետևում է հասարակությանը նաև ինտերնետի միջոցով: Նույնիսկ քաղաքապետը հանդիպեց լավագույն բլոգերների հետ: Հիմա ուզում եմ մի խնդիր բարձրացնել, որը վերաբերվում է բոլոր ՀՀ քաղաքացիներին, որի մասին կրկին խոսելու եմ նաև գործողություններ եմ անելու: Խոսքը Կենտրոնական բանկի կողմից հաստատված կարգի մասին է: Փորձեմ մաքսիմալ ժողովրդական լեզով բացատրել: Երբ Ձեր ընկերը կամ մտերիմը վարկ է վերցնում ու Դուք հանդիսանում եք երաշխավոր և ինչ-որ պատճառով նա չի կարողանում փակել այն, Դուք դառնում եք ոչ վստահելի վարկառու: Ստացվում է, որ Դուք պիտակավորվում եք և պրոբլեմներ ունենում երկրի ֆինանսական համակարգի հետ ուրիշ մեկի պատճառով: Պարզ է, որ դա արվում է տրված գումարի վերադարձը ապահովելու համար: Բայց երաշխավորի կարգավիճակը փոխելուց առաջ բանկերը չեն տալիս նրան հնարավորություն մարել ուրիշի վերցրած գումարը, այլ ուղղակի փչացնում են նրա վարկային պատմությունը: Հաճախ հայ մարդը վստահելով իր ընկերոջը կամ բարեկամին անակնկալի է գալիս տարիներ անց, երբ նամակ է ստանում առ այն, որ իրեն դատի են տվել: Որ ինքն այսուհետ վստահելի մարդ չէ: Այս կարգը սահմանելիս հաշվի չի առնվել մի շարք կարևոր գործոններ: Նախ հայ մարդկանց ազգային առանձնահատկությունները: Յուրաքանչյուր 2-րդ ծանոթին կամ բարեկամին կարելի է համոզել դառնալ երաշխավոր: Երկրորդը՝ գումարների վերադարձվելիության թիվը կարող է աճել, եթե բանկը մինչ կարգավիճակ փոխելը դիմի երաշխավորին, որը շատ դեպքերում պատրաստ է ինքնուրույն փակել վարկը: Երրորդը՝ կիջնի անիմաստ թղթային քաշքշուկի և դատարանի ծանրաբեռնվածությունը: Չորրորդ՝ բանկերը փչացնելով երաշխավորի վարկային պատմությունը դրանով զրկում են նրան հետագայում վարկ վերցնելուց՝ ստեղծելով սխալ պատկեր հիմնականում ապահովված և բարեխիղճ մարդու մասին: Միաժամանակ զրկելով, թե իրենց բանկին, թե այլ բանկերին ֆինանսական շրջանառության իրականացումից ևս մեկ հաճախորդի հետ, որը, կրկնում եմ, իրականում անտեղյակ է և վճարունակ:Հասկանում եմ, որ գրառումս սերիալների մասին չէ կամ հայտնի մեկի սկանդալային նկարներ չի պարունակում, բայց ուզում եմ, որ այս խնդրով զբաղվեն, թե պատգամավորները, որոնք դոշ են ծեծում ժողովրդի համար, թե մտահոգ իրավաբանները, եթե այդպիսիք մնացել են, թե կենտրոնական բանկի մասնագետները: Ես իմ հերթին խոսք եմ տալիս նույնպես զբաղվել այս խնդրով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=268091016651295&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել