Հայաստանում ընտրակաշառքի երևույթը աստիճանաբար դառնում է սովորական և ավանդական: Հաշվի առնելով այս կարևորագույն սոցիալ-տնտեսակն փոփոխությունը 21-րդ դարի հայ հասարակական-քաղաքական կյանքում, գտնում ենք, որ հասունացել է ընտրակաշառքի ինստիտուտն օրինականացնելու, ստվերազերծելու և հարկելու անհրաժեշտությունը:
Նախ փորձենք գնահատել գալիք ընտրություններում բաժանվելիք ընտրակաշառքի համախառն ծավալը, հիմնվելով նախորդ ընտրությունների փաստական տվյալների վրա:
Եվ այսպես, 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստացել է 458,258 քվե, ԲՀԿ-ն՝ 204,483, ՕԵԿ-ը՝ 95,324, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը ու մնացած մանր-մունրն էս պահին կարևոր չեն սույն հաշվարկի համատեքստում, որովհետև փող կամ չեն բաժանել կամ էլ...
Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կուսակցությունների ստացած քվեների առնվազն կեսից ավելին տրվել է առանց ընտրակաշառքի, բարոյահոգեբանական եզրույթների և հոգեխանգարմունքի արդյունքում, ինչպես նաև հանելով լցոնումների մասնաբաժինը, ընտրակաշառք ստացած ընտրողների թիվը կարելի է գնահատել առնվազն 250-300 հազար:
Մեծամասնական ընտրակարգով , 41 ընտրատարածքներում հաղթած թեկնածուները յուրաքանչյուր ստացել է միջինում 19,747 հազար ձայն: Հաշվի չառնելով պարտված թեկնածուների օգտին տրված քվեները, որոնց համար նույնպես շատ հաճախ ընտրակաշառք է բաժանվել, նախորդ թիվը կլորացնենք մինչև 20 հազարը, ինչը բոլոր ընտրատարածքներում միասին կազմել է 820,000: Հաշվի առնելով, որ քվեների շուրջ երեք քառորդը կրկին տրվել է բարոյահոգեբանական եզրույթներով, ստանում ենք շուրջ 200 հազար քվե:
Հաշվի առնելով նորանկախ Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տասնամյակների ընթացքում ձևավորված ընտրակաշառքի պրակտիկան, երբ համամասնական և մեծամասնական ընտրակարգով քվեարկելու համար ընտրակաշառքը տրամադրվում է առանձին, ապա ընտրակաշառքի համախառն ծավալը կկազմի 450-550 հազար քվե x միավոր ընտրակաշառք: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների պարագայում, ընտրակաշառքի միջին գումարը կազմել է 5,000 դրամ : Այսպիսով, 2007 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններում ընտրակաշառքի ազգային համախառն շրջանառության ծավալը կազմել է շուրջ՝ 2.25 միլիարդ դրամ կամ շուրջ վեց միլիոն ԱՄՆ դոլար:
2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողների թիվը և միավոր ընտրակաշառքի չափը համարելով անփոփոխ , ՀՀ ընտրողների՝ ընտրակաշառքից առաջացած եկամուտները ավելացած արժեքի հարկով և եկամտահարկով հարկելու պարագայում, պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կավելանան համապատասխանաբար. 375 միլիոն և 430 միլիոն դրամով, ինչը կկազմի ավելի քան 800 միլիոն դրամ, որը կարելի է ուղղել ՀՀ մարզերի համաչափ զարգացման խնդիրներին:
Նշված բարեփոխումը կամրապնդի քաղաքացու և պետության միջև կապը, քանի որ տրված քվեի դիմաց ստացած ընտրակաշառքի հարկման պարագայում, քաղաքացիներն ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց ընտրությանը:
Շարունակությունն՝ այստեղ