-Պարոն նվոր,եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամենօր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
-Զարմանքով:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
-Բացառություններ չկա՞ն:
-Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերևս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
-Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
-Ամենևին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետևաբար, քաոսից ազատվելու և երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, և եթե լիներ էլ, դա դեռևս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
-Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
-Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
- Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունեք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
-Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ` ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
-Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք` տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
-Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող գանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
-Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, և կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
-Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որևէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաև հրճվողներ ու մեծաբանողներ:
-Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները`Ձեր հակառակորդները:
-Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով` իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
-Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
-Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերին:
-Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
-Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. - Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: - Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: - Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ»:
-Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաև Ձերչառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու և հաղթելու է 80-90 տոկոսով` հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
-Նախ` ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիևից, և երկրորդ` նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որևէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
-Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
-Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:

Քրիստինե Խանումյան
«Չորրորդ ինքնիշխանություն»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել