Հայաստանում նկատելի է մի բան, որը կարողանում ես տեսնել միայն օտարերկրացիների հետ շփվելուց հետո:  Զարմանալի է, բայց օտարերկրացիները, որպես կանոն,  սիրահարված են հեռանում Հայաստանից, նրանցից շատերը պատրաստ են նունիսկ մշտական կամ երկարատև բնակվել և աշխատել Հայաստանում` չնայած առկա հիմնախնդիրներին:  Մյուս կողմից այլ է պատկերը հայաստանցիների զգալի մասի դեպքում`hամատարած դժգոհություն ամեն ինչից, ամեն մեկից, ու ամենուր` քաղաքականություն, սերիալներ, ռեստորանի մենյու, պարսիկներ, տաքսիստներ, լրատվամիջոցներ, օլիգարխներ: Բոլորը դժգոհ են բոլորից` homo homini lupos est-ի նման, կամ հին անեկդոտի նման` երբ նույիսկ լավ վիճակը “լացելու նոր ձև ա”:

Իհարկե դժգոհությունը նորմալ ռեակցիա է, երբ միջավայրը, որտեղ մարդը գոյություն ունի  չի համապատասխանում նրա սպասումներին:  Բայց աննորալ է, երբ մարդն է  ստեղծում իր միջավայրը ու դժգոհում է սեփական ուժերով ստեղծված միջավայրի անկատարությունից: 

Կարդում էի էլէկտրոնային մամուլի կոմենտներից մեկը:  “Ոնց եմ զզվում էս երկրից…” գրել էր ամերիկաբնակ մի նախկին հայաստանցի:  Ինտերնետը ազատ տարածք է, ամեն ոք կարող է զզվել ամեն ինչից, բայց ցավալի է, երբ այս կոմենտը ստանում է like-եր: Ոչ, լայքողները թուրքեր կամ ազերիներ չեն, այն` հայաստանցիներ: Նրանք էլ մեզ նման բալիկ է եղել Մեզ պես պուճուրիկ, ժիր ու սիրունիկ Բռնել թիթեռներ, սիրել ծաղիկներ…   բայց արի ու տես, մեծացել են ու սկսել են զզվել “էս երկրից”:  ԶԶՎԵԼ… 

“Էս երկիրը երկիր չի”  պարադիգման մխրճվել է բնակչության մի ստվար զանգվածի գիտակցության մեջ ու դարձել է ունիվերսալ պատասխան  բոլոր  հարցերին ու մարտահրավերներին:  Այն ունիվերսալությունը զարմանալիորեն կենսունակ է և նույնիսկ կարելի է համեմատել “Աստծո կամքով է”  դոգմայի հետ:  Օրինակ.

 Վարորդների համար  փողոցային խցանումների դեպքում` “էս երկիրը երկիր չի”: 

Դասատուն երեխային ցածր գնահատական է նշանակել`” Էս երկիրը երկիր չի”: 

Աղջիկը 26 տարեկան է ու չի ամուսնացել` էս երկիրը երկիր չի:

 Փողոցում երկու հարբած իրար հայհոյում են`-էս երկիրը երկիր չի:

 Մի սրիկա տատիկի է բռնաբարել` էս երկիրը երկիր չի:

 Ընտրություններ արդյունքները չեն գոհացնում`-էս երկիրը երկիր չի:

  “Էս երկիրը երկիր չի” արտահայտությունը վերաբերվում է ոչ թե այն ֆիզիկական տարածությանը, որտեղ ապրում ենք մենք, այլ այն սոցիալական միջավայրին, որի մասն ենք կազմում բոլորս:  Երկիրը մենք  ենք, հետևաբար   ”մենք” մենք չենք:  ”Էս երկիրը երկիր չի” պարադիգմայով մարդը  իրեն առանձնացնում է մյուսներից: Դրանով մարդը վերածվում է կողքից գնահատական տվողի, հետևաբար վեր է գնահատվող երևույթից,  քանի որ արդեն իրեն “հասանելի” է իրականությունը:  Մեզ համար “էս երկիրը երկիր չի”  պատասխանը ամենահարմարն է, քանի որ դա իրավիճակի սեփական պատասխանատվությունը նետում է վերացական “երկրի” վրա:  Այդ ամենից հետո տպավորություն է ստեղծվում, որ  “երկիրը” այնքան էլ լավ բան չի:   Որպես կանոն արդյունքում սկսվում է իդեալականացվել այն ամենը ինչը կապված չէ“երկրի” հետ` “Արտասահմանը”:  Ստեղծվում է հետաքրքիր, բայց վտանգավոր երևույթ. Ամեն մի բացասականը բնակչության զգալի մասի կողմից ընկալվում է որպես “օրինաչափ” քանի որ “էս երկիրը երկիր չի”, իսկ արտասահմանում առկա բացասական երևույթները դիտարկվում են որպես պատահական բացառություններ.

Այն ամերիկաբնակ նախկին հայաստանցին, ով ունի բարձրագույն սովետական կրթություն,  ապրում է Յուտայի ինչ-որ փախած  ու պուճուրիկ քաղաքում, օրվա հացը վաստակում է  փողոցում հոթ դոգ վաճառելով, զզվում է ամբողջ հոգով ու սրտով “էս երկրից”: Նա   կոմենտներ է գրում “ինտերնետներում”  լատինատառ հայերենով ու ուզում է, որ բոլորը իմանան, թե ինչքան բռնապետական, անօրինական, կեղտոտ ու զզվելի երկիր է Հայաստանը: Միգուցե ենթագիտակցաբար ուզում է արդարացել ինքն իրեն, բայց  “ստորացնելով”  երկիրը չի ինքը չի հայտնվում վերևում, այլ ինքն էլ ստորանում է: Երևի մի օր նրան կմոտենա մի ամերիկացի և իմիջիայլոց կհարցնի.

 “Where are you from?, bro…”,

 “From Armenia, sir”,

 “AAAAa, I know,  this is very nice place…” ,

 “Noo, Noo  ինչ nice, that is very զզվելի , I love America, I love Obama…”

Հարգելի ժողովուրդ, եթե մի օր հայտնվեք Յուտա նահանգում, մի գնեք հոթ դոգ փողոցից, ախր դա ԶԶՎԵԼԻ է...’;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել