Երբ մեր քաղաքակրթական բարձունքից հանրությանը «բարբարոսների» մասին տեղեկություններ տալու համար նկարագրում են այս կամ այն երկրի, ժողովրդի, ցեղի՝ քաղաքակրթության տեսակետից բարաբարոս կամ տարօրինակ-անհեթեթ, ծիծաղելի թվացող երևույթների մասին (ասենք՝ կանանց պարանոցն են երկարացնում օղակներով, կրոնական «անհեթեթ» ծեսեր են անում, ինչպես օրինակ՝ նմանողական հմայությունների միջոցով «ապահովում են» որսի հաջողությունը, շամանական ուշաթափություններով գուշակություններ են անում, լայն տերևներով հով են անում կամ անձրևից պաշտպանում են առաջնորդներին, խնկարկում են մեռյալների հոգիները, և այլն), հաճախ եմ մտածում, թե ինչպես չենք տեսնում, որ «քաղաքակրթական» բարձունքում նույն բաները տարբեր ձևերով և մեթոդներով, լուրջ դեմքերով անում են եվրոպական կոստյում հագած և փողկապ կապած մարդիկ: Օրինակ, դպրոցական դասագրքերում մինչև այսօր մարդկության զարգացման «բարբարոսական» շրջանը ներկայացվում է մարդկանց զոհաբերելու կրոնական հայտնի ծեսերով, մինչդեռ դա շատ մարդասիրական էր քսաներորդ դարում թուրքերի և քրդերի կողմից հայերին և քրիստոնյաներին եկեղեցիներում այրելու, ֆաշիզմի կողմից միլիոնավոր մարդկանց գազով սպանելու և այրելու, բազմաթիվ հասարակություններում բանկային ստրկության մեջ հայտնված մարդկանց փողոց նետելու դատա-իրավական ծեսերից: Սրանք, սակայն, «բարբարոսական շրջաններ» չեն կոչվում և իրականացվում են «քաղաքակրթական» դարաշրջանների դրոշի տակ: Նույն բանն է նաև, օրինակ, եկեղեցական որոշ տոների ժամանակ ամպահովիանով կրոնական առաջնորդին եկեղեցի մտցնելու հայկական ծեսը, որի ընթացքում դեռ վիճարկում են ամպահովանու չորս սյուները գրկելու պատիվը, կամ քրիստոնեական մկրտության ծեսի ողջ խորհրդապաշտական արարողությունը, որից հետո դեռ պիտի չլվացվեն, կամ մեռոն եփելու ծեսը և այլն: Այս շարքում ուշագրավ է մինչև այսօր անբացատրելի համառությամբ Լենինի մումիան պահելուն ուղղված ջանքերի շարունակականությունը և դրա իմաստը որևէ կերպ բացատրելու փաստացի անկարողությունը: «Բարբարոսները» բացատրություն ունեն. նրանք հավատում են իրենց գործողությունների իմաստին, իսկ «քաղաքակրթական բարձունքում» այդ ծեսերը կատարվում են առանց հավատի կամ նույնիսկ առանց նպատակի կամ «ինքնությունը» պահելու նպատակի անիմաստ բացատրությամբ: Ասես ինքնության պահպանության համար այբուբենը, գրավոր և բանավոր լեզուն, երաժշտության լեզուն չեն առաջնայինը: Եվ սա՝ ինքնաթիռների, միջուկային զենքի, տիեզերք նվաճելու, մարդկային օրգանների պատվաստում անելու դարաշրջանում: Ինչո՞վ է քաղաքակրթությունը տարբերվում բարբարոսությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: