www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Կար, չկար մի ծերունի կար, և ապրում էր նա… արդեն ոչ կապույտ ծովի ափին: Արդեն տասը տարի, ամեն օր, եթե իհարկե փոթորիկ չէր լինում, նա դուրս էր գալիս ծովափ ու հավաքում այնտեղի աղբը: Նա հավաքում էր ոչ միայն ծովափին եղած աղբը, այլև մի հին ձկնորսական նավակով՝ ափամերձ ծովում: Նա դա անում էր թե՛ ամռանը, թե՛ ձմռանը՝ աշխատելով ամբողջ օրը, քանի ուժերը ներում էին: Տեղացիները նրան տարօրինակ էին համարում և արդեն վաղուց նրա վրա ուշադրություն չէին դարձնում:
Մի անգամ մի ծովանկարիչ եկավ նրանց քաղաք և ամեն օր սկսեց գնալ ծովափ: Նկարելու ընթացքում նա անմիջապես նկատեց ծերունուն և մոտենալով նրան՝ բարևեց ու հարցրեց.
— Ասեք ինձ, խնդրում եմ, ինչի՞ համար եք Դուք դա անում:
Ծերունին բարյացակամ ժպտաց և պատասխանեց.
— Ես դա երկու պատճառով եմ անում՝ ես հավատում եմ, որ բոլորս ծովից ենք եկել, սակայն այն ժամանակ, ծովը կուսական մաքուր էր: Մեկ էլ մտածում եմ, որ բոլորս էլ վերադառնալու ենք այնտեղ՝ ձնհալի ջրերի, երկրի հյութերի, գետերի ջրերի հետ: Այ այդ պատճառով էլ ես հավաքում եմ այդ աղբը: Ես պատասխանեցի՞ Ձեր հարցին:
— Ոչ, — նկարիչը հարցական նայեց ծերունուն: — Դուք ասացիք, որ երկու պատճառ կա: Ո՞րն է երկրորդը:
Ծերունին հոգոց քաշեց և ասաց.
— Ես յոթանասուն տարեկան եմ և աղբը հավաքում եմ միայն իմ հետևից: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես աղբ եմ թափել՝ սկսած իմ ծննդյան օրից, իսկ հավաքում եմ միայն վերջին տասը տարին: Այ այդ պատճառով էլ միայն իմ հետևից եմ հավաքում:
Նրանք իրար հրաժեշտ տվեցին՝ նկարիչը շարունակեց իր նկարը, իսկ ծերունին շարունակեց աղբ հավաքելը...
Ռոբ Գոնսալվես «Ակունքներ»