
Արկադի Անդրեասյան. Արկադի Անդրեասյանը Երևանի «Արարատի» ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նուրբ և խորամանկ փոխանցումների այս վարպետը տեղ էր զբաղեցնում դաշտի միջին գծում և դիտվում էր որպես հարձակվողներին գոլային փոխանցումներ կատարող ճկուն փլեյ-մեյքեր: Խաղի հմուտ կազմակերպիչ էր և գրեթե մշտապես իրացնում էր «Արարատի» տուգանային հարվածները: Ընդամենը 20 տարեկան հասակում նա արդեն Երևանի թիմի մշտական անդամ էր: Ժամանակի ընթացքում կատարելագործվելով և բազում գոլերով՝ Անդրեասյանը դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Հիանալի էր տեսնում դաշտը, ճիշտ ժամանակին արձագանքում պաշտպանների միացումներին: Երեք տարի հանդես գալով «Արարատի» կազմում՝ նա հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրեց 12 գոլ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: «Արարատի» շատ հանդիպումներում անգնահատելի է Անդրեասյանի տարած ահռելի ծավալով աշխատանքը խաղադաշտում: 1974 թվականին, երբ Չեմպիոնների լիգայի (այն ժամանակ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի գավաթ) շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում Երևանի «Արարատի» հետ էր մրցում իր կազմում 8 աշխարհի չեմպիոն ունեցող Մյունխենի «Բավարիան», «Արարատի» կազմից հենց Անդրեասյանը գլխի կատարած հարվածով հաղթանակ պարգևեց երևանյան թիմին: «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում՝ աչքի ընկնելով փայլուն արդյունավետությամբ՝ 61 գոլ: 31 տարեկանում ավարտվեց Արկադի Անդրեասյան ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, որից հետո հայկական ֆուտբոլում լավագույն մասնագետներից մեկը մինչ այժմ ջանասիրաբար աշխատում է ֆուտբոլում, որպես մարզիչ իր ներդրումն է ունենում հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Այս ողջ ընթացքում որոշ ընդհատումներով մարզել է հարազատ «Արարատը», եղել է նաև Երևանի «Միկա», Աբովյանի «Կոտայք» (կրկին ընդմիջումներով) ֆա-ների գլխավոր մարզիչը: