Օրվա խորհուրդը /15.03.2012/
Մեծ պահքի 25-րդ օր:
Ա Կորնթ. 8.5-9.23
<<Բայց մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով: Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա>>: Ս. Գիրքը մեզ վերստին խոսում է մեր ճշմարիտ հավատի` Աստծով ապրելու գիտության մասին: Սակայն հստակ է, որ բոլորը չէ, որ մեր շրջապատում տիրապետում են այդ գիտության և առավել ևս ապրում այդպես: Դրա համար էլ Ս. Պողոս առաքյալը (կուռքերին զոհաբերված միս ուտելու օրինակի միջոցով) մեզ հորդորում է, որ մեր գիտությունից բխող ազատությունից այնպես օգտվենք, պատասխանատվությամբ ընկալենք, որպեսզի այն գայթակղություն չլինի այդ գիտությունը չունեցողների համար: <<Բայց զգույշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղություն լինի տկարների համար>>: Այս օրերին, երբ պահեցողության մեջ եք և երբեմն ներքին պայքարի մեջ եք հայտնվում, հիշեք նաև ձեր կողքին գտնվողներին, որոնց համար Քրիստոս մեռավ և որոնց ձեր գիտությունը կարող է կորստաբեր լինել: Ճիշտ է ասում Ս. Պողոսը` նշելով. <<Եվ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու: Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա>>, բայց և զգուշացնում է մեզ, որ <<Եվ այսպես, հանցանք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդեպ մեղանչում եք: Ուստի, եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ>>: Հետևապես, սիրելիներ, գիտենանք, թե նախ և առաջ յուրաքանչյուրիս համար ինչում է կայանում ճշմարիտ պահեցողությունը:
Այսօրվա ընթերցումի երկրորդ խորհուրդը վերաբերում է քրիստոնյաներիս առաքելությանը` <<Աւետարանից էլ ապրել>>, <<մասնակից լինել Ավետարանին>>: Մենք պարտավորություն ունենք մեր կյանքով և գործերով ավետարանելու այն բոլոր ճշմարտությունները, որոնք Աստծու շնորհով` Ս. Գրքի գիտությամբ և հոգևոր կյանքի փորձառությամբ բացվում են մեզ: Սակայն ինչպես ասում է առաքյալը, այդ գիտությունը և առաքելությունը մեզ համար ոչ թե պարծանքի առիթ պիտի լինեն, այլ պետք է պարտավորություն նկատվեն: <<Բայց վայ է ինձ, եթե չավետարանեմ>>, - գոչում է առաքյալը: Հիրավի, այդպես է, եթե քրիստոնյա ենք համարում մեզ, ապա ամեն ինչ պարտավոր ենք անել Ավետարանի` Բարի Լուր-ի` Քրիստոսի փրկագործող կամքի ու վարդապետության տարածման ու հրաշագործման համար, որպեսզի ինքներս էլ մեր հերթին մասնակից լինենք Ավետարանին, հաղորդ դառնանք նրա կենսապարգև Խորհրդին: Այս համեստ գաղափարները առիթ թող տան Ձեզ այսօր առանձնության մեջ քննելու Ձեր ընթացքը և գտնելու Ձեր տեղը այդ կարևոր առաքելության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել