Լինելով պատերազմի մեջ գտնվող երկիր՝ չունենք ռազմական լրագրություն որպես էդպիսին, փոխարենն ունենք պրոֆանների ու պանիկյոռների մի կուռ բանակ, ովքեր, Աստված գիտի, թե ոնց, հանդիսանում են սահմանին տիրող իրավիճակը լուսաբանող լրագրողների զգալի մասը։ Սա հերթական անգամ զռռաց Ոսկան Սարգսյանի թեթև ձեռքով, ով, պետք է խոստովանել, նախկինում էլ աչքի է ընկել նման կիքսերով, պարզապես այս անգամ քաջ Ոսկանի հերթական ապատեղեկատվությունն ասեմ, թե կիսապատեղեկատվությունը, բայց դե մի խոսքով, մեր համացանցին ակտիվորեն հետևող ադրբեջանական պատկան մարմինները ֆիքսել էին կիքսն ու դրանից իսկական մեդիա իրադարձություն սարքել։
Հիմա այս միջադեպից ոչ Երևանն է ընկել, ոչ էլ զորքերն են պատրաստվում կապիտուլյացիա անել, սակայն երևույթ կա, ու այն ավելի տարածված է, քան զուտ այս օրինակը։ Այսօր մեր լրատվամիջոցների աշխատանքին նայելիս տպավորություն կարող է ստեղծվել, որ գործ ունես մի հասարակության հետ, որ վերջին 500 տարում ո՛չ կռիվ է տեսել, ո՛չ զենք, ո՛չ էլ պատկերացնում է, թե ինչ է դա։ Մինչդեռ, կարծում եմ, բացարձակապես կարիք չկա հուշելու, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։
Ի հեճուկս մեր իրականությանն ու մեր բավականին միլիտարիզացված հասարակությանը, չգիտես ինչու, ունենք պրոֆաններով, պացեֆիստներով ու պարզապես միամիտներով գերհագեցած լրատվական դաշտ, որն, Աստված գիտի, թե ինչ սայթաքումներ թույլ կտա տեղեկատվական դաշտում, եթե վաղը սկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Ու ես միայն մասամբ եմ տեսնում հենց կիքս թույլ տվող լրագրողների պատասխանատվությունը։ Ի վերջո, լրագրողի գլխին պետք է լինի խմբագիր։ Կոնկրետ տվյալ օրինակում մենք տեսնում ենք խմբագրության պոստ ֆակտում արձագանքը, բայց դա բավական չէ բացարձակապես։ Ու խոսքը ոչ միայն տվյալ թերթին է վերաբերում։ Պետք է լինի մշտական ընթացիկ պրոֆիլակտիկա ու լինի տաբու սահմանային իրավիճակներից «սենսացիոն» նյութեր մոգոնելը կանխելու համար, որպեսզի վաղը զերծ մնանք այսպիսի իրավիճակներից։ Ու, ի սեր Աստծո, մի՛ վստահեք նման պատասխանատու գործը 20-ամյա աղջնակների ու դադարեք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած նյութերը թարգմանել։
Կից նյութն՝ այստեղ