Փաստորեն ՀՅԴ-ում, մեղմ ասած, միահամուռ չեն կայացրել սեփական թեկնածու չառաջադրելու որոշումը, իսկ ընտրած գիծը, որի ջատագովը դաշնակցական ընկեր Հրանտն է եղել, և որի տրամաբանությունը հետևյալում է՝ «միևնույն է, ընտրություններին անիմաստ պարտվելով մենք ոչինչ չենք ստանա, իսկ 4-5 տոկոս հավաքելը ոչ տաք է-ոչ սառը», ընդամենը 8 ձայնով է ավել եղել հակադիր տեսակետից, որովհետև ՀՅԴ գերագույն ժողովի 80 պատվիրակներից միայն 48-ն են քվեարկել այս տեսակետի օգտին, այն էլ երկա՜ր ու բուռն քննարկումներից հետո։
Հասկանալի է, որ ՀՅԴ-ն վաղուց արդեն Հայաստանում ծավալած իր գործունեությունը շոուի է վերածել, այն էլ արտաքին լսարանի համար, որովհետև ՀՅԴ-ի ֆինանսավորման մեծ մասը գալիս է Սփյուռքից։ Հասկանալի է նաև, որ վաղուց արդեն տխուր իրողություն է, որ սփյուռքի մի զգալի հատվածի համար Հայաստանը ֆիկտիվ մի գոյացություն է, որի Հայաստան կոչվելու իրավունքն անգամ վիճարկվում է (նման տեսակետին հարում են հատկապես Սփյուռքի դաշնակցականները)։ Ըստ այդմ, հասկանալի է, որ տեղի շոումենները քաջ գիտակցում են, որ նախագահական քարոզարշավի համար միջոցներ ծախսելը իրենց համար հավասարազոր է «փողերը քամուն տալուն», որովհետև իրենց Սփյուռքի դոնորները մեծ հաշվով թքած ունեն Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Փոխարենը, այդ նույն միջոցները կարելի է ծախսել հակաթուրքական փիառ ակցիաների ու շոուների վրա, որոնց ընդհանրացված մեսսիջը «Ելնենք Մասիսի գագաթին, թքենք թուրքի ճակատին» կարգախոսն է, որը անասելի բերկրանք է պատճառում հեռավոր Լոս Անջելեսում կամ Նիցցայում նստած զառամյալ սփյուռքահային, և նա, արցունքն աչքերին, հերթական մի քանի հազար դոլարն է հանգանակում կուսակցությանը, որպեսզի հաջորդ տարի էլ լսի թուրքի ճակատին Մասիս սարի գագաթից թքելու պատրաստակամության հավաստիքները....
Մյուս կողմից, հուսադրող է, որ կա այն 32 ձայնը, որը դեմ է այս հայեցակարգին, որովհետև անկախ նրանից, թե դրանցից քանիսն են էլի շոուի մաս դիտարկում այս ամենը, բայց նրանց մեջ կա գիտակցությունը, որ ՀՅԴ-ի գլխավոր թիրախը պետք է լինի Հայաստանը և հայաստանյան լսարանը։
Կից նյութն`այստեղ