Այն օրվանից, երբ մարդու մոտ վերադասին համր ուլի նման ենթարկվելը դարձավ ապրելակերպ, այդ օրվանից էլ պայծառ ապագայի մասին երազանքը վերածվեց անկատար միֆի: Նմանատիպ մարդիկ ձևավորեցին տեսակ: Տեսակ, ում համար շեֆը միշտ ճիշտ է, շեֆի կատարած սխալները չեն քննարկվում, շեֆի դավաճանական քայլերը միշտ արդարացի են, շեֆի կողմից հայհոյանքն օրհնանք է: Այս տենդենցը փոքր հիմնարկներից փոխանցվեց մեծերին, հետո կուսակցություններին, հետո վարակեց հասարակության հսկայական զանգվածին: Այս ֆոնի վրա համր ուլերի գործունեությունը պիտի մի փոքր վերափոխվեր, քանի որ վերադասի ազգադավ քայլերով միայն համր կարգավիճակում հպարտանալն այլևս էֆեկտիվ չէր: Այդ պատճառով էլ համր ուլերից մի քիչ ակտիվ զանգվածի համար ներդրվեց շեֆի էշություններն ամեն գնով արդարացնելու ինստիտուտը: Կազմվեցին խմբեր, որոնք պարտավոր էին շեֆի կատարած սխալները հանրությանը ներկայացնել որպես աստվածաշնչային արարքներ, բացարձակ ազնիվ մղումներով առաջնորդվող քայլեր, իմաստուն որոշումներ: Նման ինստիտուտների պայմաններում շեֆերը դարձան ավելի սանձարձակ ու ավելի անօրեն: Չէ՞ որ անխափան գործում էին համր ուլերից լաչառ ուլերի վերափոխված հետևորդները:
Այս հիվանդության դեմ խոզի կամ կոկորդիլոսի գրիպները մոծակի խայթոց են, որովհետև այս հիվանդությունն անբուժելի է և ժառանգականորեն փոխանցվում է սերունդներին:
Մածունը սպիտակ է, մածունն այնքան սպիտակ է, որ, եթե անգամ ձեզ համոզել են, որ այն սև է, միևնույն է, մածունը դրանից գույնը չի փոխում:
Դավաճանները շատ շատ են, իսկ շատերի հիշողությունները բավականին լավն են, և նրանք երբևէ դավաճանածներին չեն մոռանում և անակնկալի չեն գալիս հերթական դավաճանությունից: Շատ ավելի ցավալի է այն մարդկանց վիճակը, ովքեր, սեփական մարմնի հատվածները պատռելով, փորձում են արդարացնել դավաճաններին:
Եթե դավաճանությունն արդարացում չունի, ապա նրան սատարողն ու արդարացնողն ինձ համար որպես մարդ գոյություն չունի: Եթե ունես ակնհայտ թշնամի, ապա նրա կողքին կանգնողն ու նրան սատարողը միանշանակ իմ կողմից դիտվում է որպես թշնամի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: