Իրականում ՀՅԴ կոալիցիայի մաս կազմելը լռիվ տեղավորվում է տրամաբանության մեջ: Հերթական անգամ Դաշնակցությունը ցույց է տալիս, որ արտաքուստ պաթետիզմի ու Փայտակարանն օր առաջ ազատագրելու լալահառաչ սիմֆոնիաների տակ թաքնվում է բավականին պրագմատիկ քաղաքական ուժ, ով մշտապես առաջնորդվել է միմիայն սեփական շահով:
Նկատենք, որ սեփական, այլ ոչ թե պետական: Ավելին՝ գոնե իմ ուսումնասիրությունների, կարդացածի, լսածի, ի վերջո ջուխտ աչքով տեսածի ենթադրություններից ելնելով՝ կարող եմ ասել, որ երկրի պետության համար ամենակարևոր պահերին Դաշնակցությունը խուսափել է պատասխանատվությունից (Շատ կներեք, երիցս օրհնվեն ֆիդայական շարժումները, հայդուկները, սակայն դա ինձ համար դեռ շատ քիչ է՝ իրական պետականամետ գործողություն անվանելու համար):
Սակայն կա մի նրբություն, որը մինչ հիմա կոմպեսացնում է նրանց քայլերը:
Երրրոդ հանրապետության հռչակումից ի վեր երբեք չունենալով քաղաքական Դոմինանտություն՝ 1998 թվականից ի վեր ՀՅԴ-ն մշտապես հանդիսացել է իշխանությունների համար առաջին պարտնյորը՝ նեցուկ լինելով ՀՀԿ-ին ամենդժվարին պահերին, առաջարկելով օգնություն թե՛ հրապարակային, թե՛ կուլիսային ֆորմատներում: Եվ ուրեմն, հաշվի առնելով ներկա իրողությունը, երբ Հայաստանի քաղաքական ներկապնակի հետ չի կարող համեմատվել նույնիսկ Սալվադոր Դալիի ամենահանճարեղ աբստրակտը, Դաշնակցությունն այլևս ընդդիմության մեջ անելիք չունի: Իշխանության հետ մոտ քսանամյա սիլի-բիլիի և Հայ դատի դեռևս չլուծված խնդրի պարագայում ՀՅԴ-ն, ինչպես կասեր երգիչ Հայկոն, հա էլ իշխանության միջանցքներով գնալու է ու գա: