Մարզային խնդիրներից մեկը կարելի է համարել գործազրկությունը: «Գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագիր»-ը, որը երկու տարի է, ինչ իրականացվում է Հայաստանում, միտված է ստեղծելու ժամանակավոր աշխատատեղեր, որոնք նախատեսված կլինեն սոցիալապես անապահով ընտանիքների և աշխատաշուկայում անմրցունակ անձնանց համար:
Ամենամյա ծրագիրը պայմանագիր է կնքել 4 հազար 793 հողօգտագործողների հետ, ինչի արդյունքում ծրագրում ընգրկվել է 6 հազար 285 շահառու:
Ծրագրի շրջանակում հողօգտագործողներն ամեն աշխատանքային օրվա համար ստանում են գումար: Ընդհանուր առմամբ աջակցություն է տրամադրվել ՀՀ բոլոր մարզերի 472 համայնքների գյուղացիներին:
Աջակցությունը նախատեսվում է ոչ միայն հողօգտագործողների, այլ նաև իրենց կողմից ներկայացված վարձու աշխատողների համար:
Գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիրախային երկիրը ՌԴ-ն է, որտեղ առկա են տնտեսական լուրջ խնդիրներ: Այդ կապակցությամբ սպասվում է, որ այս տարի մեկնողների թիվն այդքան էլ մեծ չի լինի: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հաղորդվում է, որ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի լրացուցիչ ընդգրկել 2-3 հազար հոգու: