Ադրբեջանից բռնագաղթած փախստականների մեծ մասը չուներ աշխատանքային գրքույկ, անգամ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում:
Նշված խնդրին լուծում տվեց ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 23-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշումը, որի գործողության ժամկետ էր սահմանվել մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը: Հաջորդ տարիներին այդ ժամկետը երկարաձգվել է` հասցվելով մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: 2015թ. հունվարից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունն ստացել է 75 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 7 նիստ, բավարարվել է 62 դիմում, 13-ը մերժվել է տարբեր պատճառներով:
Հանձնաժողովի գործունեության սկզբից` 2009 թվականից առ այսօր ծառայությունն ստացել է 700 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 68 նիստ, բավարարվել 451 դիմում, տարբեր պատճառներով մերժվել 225-ը, 24 դիմումատու չի ներկայացել հանձնաժողովի նիստին:
Յուրաքանչյուր դիմումի առնչությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, ընդունվում որոշում և արդյունքի մասին տեղեկացվում դիմողին: Վերոբերյալ տվյալները փաստում են, որ հանձնաժողովն օգտակար գործունեություն է ծավալել հարյուրավոր փախստականների համար, որոնց դիմումների հոսքը շարունակվում է:
Նկատի առնելով այս վերջին հանգամանքը՝ կառավարությունն իր ս.թ. հունվարի 20-ի նիստում մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի գործունեության ժամկետը, ինչի շնորհիվ դեռևս 2009-ին սկսված աշխատանքն ավարտին կհասցվի:
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է (իրավական)
ՀՀ կառավարությունն իր 2013 թ. հունիսի 20-ի նիստում հավանություն էր տվել վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրին` երկրի վերգետնյա թվային ցանցը կառուցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կողմից շահագործվող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքները` հեռուստաաշտարակները, շենք-շինությունները, էլեկտրամատակարարման համակարգերը, տրանսպորտային հաղորդակցման միջոցները, ինչը զգալի չափով կնվազեցներ կապիտալ ներդրումները:
Այդպես էլ արվեց, և ՓԲԸ-ն 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ավարտեց ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքը: Ծրագրի իրականացման ընթացքում պարզվեց, սակայն, որ ՓԲ ընկերությանը պատկանող 206 մարզային կայանների զբաղեցրած տարածքներից 148- ը չունի իրավական ձևակերպում: Այդ համայնքների ղեկավարների հետ ձեռք է բերվել կայանների կառուցման ու շահագործման համար անհրաժեշտ հողատարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելու նախնական համաձայնություն:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է` սոցիալական կամ բարեգործական կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ:
Հենց այդպիսի որոշում էլ կայացրեց գործադիրը ս.թ. հուվարի 20-ի նիստում: