Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող տնտեսական գործընթացների զարգացումը` Հայաստանը որդեգրել է արտահանումը խթանելու քաղաքականություն: Արտահանումը խթանելու նպատակով է պայմանավորված, որ գործադիրի կողմից որոշվել է ձևավորել Արտահանման աջակցման խորհուրդ: Հայրենական արտադրության կազմակերպումը և տեղական ապրանքների մրցունակությունը խթանելու համար առաջին հերթին անհրաժեշտ են պայմաններ: Հայաստանի պարագայում, տեղական արտադրությանը զարկ տալու տեսանկյունից, տնտեսվարողների համար անհրաժեշտ առաջնահերթությունների շարքում է էներգակիրների հարմար գների ապահովումը, քանի որ Էներգակիրների ներկայիս գները բացասական ազդեցություն են թողնում հայրենական արտադրողների արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա:
Օրերս՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գործարարներն իրենց մտահոգությունն են հայտնել էներգակիրների գների վերաբերյալ և ակնկալել պետության աջակցությունն իրենց մտահոգող խնդրի լուծման համար: Նրանք, ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, խնդրել են դիմել Ռուսաստանին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով:
Հարկ է նշել, որ գազի սակագնի նվազեցումը տնտեսվարողների համար ոչ միայն հնարավորություններ կստեղծի ընդլայնել իրենց արտադրույթյունը, այլև ներդրումներ ապահովել և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Արդյունքում զարգացում կապահովի նաև ՀՀ տնտեսությունը: Հուսանք, որ ռուսական կողմը դրական լուծում կտա այս հարցին: