898թ. Ցրոնքի կռվում զոհվեց Ախլաթի և Սասունի ազատագրական պայքարի ռահվիրաներից Գուրգենը (Բաղդասար Մալյան)։ Գուրգենը այդ տարիներին Հրայր Դժոխքի և Աղբյուր Սերոբի գործակիցն էր։ Նրա մահը զգալիորեն ազդեց ազատագրական պայքարի և Սասուն - Ախլաթի հեղափոխական կյանքի կազմակերպման վրա։ Հրայրը, որն անընդհատ աշխատում էր լրացնել Գուրգենի բացակայությունը, ծածուկ քարոզչություններով փորձում էր հուսադրել ժողովրդին։ Սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր նաև պատժել Օսմանյան կառավարության հայ լրտեսներին, քանզի Գուրգենը նույնպես մատնության զոհ էր դարձել։ Հրայրը որոշեց պատժել Ավրանցի Կարապետ վարդապետին, որը կառավարությանը բազում ծառայություններ էր մատուցել` ի վնաս հայ հեղափոխականների: Բանտերը լիքն էին վարդապետի մատնությունների պատճառով կալանված մարդկանցով, որի դիմաց նա թուրքերից ամսական ստանում էր 300 դահեկան։ Կարապետը պետքական գործիք էր կառավարության ձեռքին, ուստի նրա անվտանգությունը պահպանում էին երկու թուրք ոստիկաններ։ Կարապետի սպանության գործը Հրայրը հանձնարարում է իր գաղափարների ամենաջերմեռանդ հետևորդ և տարածող Գոմսա Իսոյին (Իսոյի Կորյուն)։ Վերջինս, գնալով Ավրան գյուղը, իբրև թե գործով, մտնում է վարդապետի տուն և փոխանակ աջը համբուրելու՝ գնդակահարում նրան։ Դեպքը տեղի է ունենում ոստիկանների ներկայությամբ, որոնք կանխարգելիչ ոչինչ չեն հասցնում ձեռնարկել։ Չնայած գյուղում կառավարությունը տեղակայել էր 50 ոստիկանի, բայց Իսոն անվնաս կարողանում է հասնել Մուշի Ղզլաղաճ գյուղ՝ Դժոխք Հրայրին տեղեկացնելու, որ հանձնարարությունը կատարված է։
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել