Lragir.am-ը գրում է
Ռուսաստանը պարտվել է աշխարհքաղաքական դիմակայությունն Արեւմուտքին եւ հիմա փորձում է երկխոսության եզրեր գտնել:

Այն, որ Ռուսաստանը պարտվել է եւ «տեխնոլոգիապես խեղդված է», հայտարարել է Սբերբանկի նախագահ, Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Գերման Գրեֆը: Գրեֆի հայտարարությունն ընկալվել է որպես Ռուսաստանի պարտության ճանաչում, եւ դրան պետք է հաջորդեն Արեւմուտքի հետ «հաշտվելու» քայլերը:

Դրանք եղան անմիջապես: Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը Կալինինգրադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին:

Հանդիպումից հետո երկու հատկանշական հայտարարություն է հնչել: ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդն ասել է, որ հնարավոր է մինչեւ 2016 թվականի ավարտը Ռուսաստանի դեմ պատժամիջոները չեղյալ հայտարարվեն, քանի որ Մոսկվան «սկսում է պատրաստակամություն ցույց տալ Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորման գործում»:

Նույն օրը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, ոչ Վաշինգտոնը չի առարկի, եթե Սիրիայում ռուս զինվորականները սկսեն մարդասիրական օգնություն ցուցաբերել: Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Դեյր Զորում մարդասիրական օգնության առաքումը: «Մենք դեմ չենք լինի, եթե Ռուսաստանը ավելի շատ կենտրոնանա մարդասիրական օգնության տրամադրման եւ ավելի քիչ՝ ընդդիմութան ուժերին հարվածելու վրա»,- ասել է Քիրբին:

Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը փորձում է բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ Սիրիայի ու Ուկրաինայի հարցով եւ պատրաստ է զիջումների:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն օրերին, երբ Իրանի դեմ պատժամիջոցները հանվում են, իսկ նավթի գինը 29 դոլարից ցածր է: Բացի այդ, դեկտեմբերին պատմական պայմանագիր է ստորագրվել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում, որով զարգացած երկրները որոշել են հսկայական միջոցներ տրամադրել այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար: Կարճ ասած, դա նշանակում է գազից ու նավթից հրաժարում:

Աշխարհում էներգետիկ ու տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունենում, եւ դրանք կարող են ազդել աշխարհքաղաքական իրավիճակի վրա: Աշխարհում իշխանությունը հայտնվում է այնտեղ, որտեղ կենտրոնացված է նոր տեխնոլոգիաներով կառավարումը, իսկ այս պահին այդ կենտրոնն ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցներն են:

Ռուսաստանը երկար ժամանակ փորձում էր զսպել տեխնոլոգիական զարգացումը՝ ուժով շուկաներ նվաճելով իր էներգակիրների համար: Գերշահույթներ ստանալու համար Մոսկվան, գործարքի մեջ մտնելով արաբական երկրների, Արեւմուտքի նավթային ընկերութունների ու հետխորհրդային երկրների իշխանությունների հետ, մի շարք պարտավորեցնող պայմանագրեր է ստորագրել ու իշխանության պահել իրեն հավատարիմ ուժերին՝ գազ ու նավթ վաճառելով առասպելական գներով:

Այժմ Մոսկվայի եկամուտները նվազել են, եւ վտանգի տակ է այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Օրերս սպորտում դոպինգային սկանդալի շրջանակում ուղիղ մեղադրանք է հնչեցվել Վլադիմիր Պուտինի հասցեին, եւ դա Ռուսաստանում գնահատվել է որպես Արեւմուտքում Պուտինի անձի դեմ տաբուի վերացում:

Ռուսաստանում հրապարակվել է Վալերի Բալայանի «Հուիզմիստերպուտին» ֆիլմը, որում պատմվում է քրեական աշխարհի միջոցով Պուտինի եւ նրա շրջապատի իշխանության գալու մասին: Այդ ֆիլմը, ռուս փորձագետների գնահատականներով, որոշակիորեն սասանել է Պուտինի հեղինակությունը Ռուսաստանում: Իսկ Ռուսաստանի պարտության մասին Գրեֆի հայտարարությունն այդ հեղինակությանը եւս մեկ հարված է հասցրել: Եվ սկսվել է նահանջը: Շուտով կարելի է սպասել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության ճանաչումը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս ուղերձով դիմել է Կոնգրեսին, որում սակրալ արտահայտություն է հնչեցրել՝ ԱՄՆ-ի համաշխարհայի առաջնորդությունը չպետք է անտեսի այլ երկրների շահերը: Օբամայի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը լուծել է Կուբայի, Իրանի, Վենեսուելայի հարցը, հիմա էլ, ըստ երեւույթին, ավարտվում են գործընթացները Ռուսաստանի հետ կապված գործընթացները:

Դա անխուսափելիերոն հանգեցնում է աշխարհքաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն փոփոխությունների: Երկրները, որտեղ զգացվում է Ռուսաստանի բռնի գերիշխանությունը, հնարավորութուն կստանան դուրս գալ այդ ճնշումից, եթե դրանց  իշխանությունները չեն կորցրել հոտառութունը եւ կարող են զգալ նոր փոփոխությունների բույրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել