Կալինինգրադում երկու օր բանակցեցին ՌԴ նախագահ Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը։
Հետաքրքիր են նախ մանրամասները։
Սուրկովն ինքը Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի պատճառով ԱՄՆ-ի (նաև՝ ԵՄ և Կանադայի) սահմանած պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում է, և իրավունք չուներ գնալ Լիտվա, ուր ժամանել էր Նուլանդը։ Ի վերջո, տիկնոջը ուղղաթիռով հասցրել են Պիոներսկի բնակավայրը, որտեղ գտնվում է ՌԴ նախագահի դաստակերտներից մեկը։
Փակ դռների հետևում անցկացված բանակցությունների արդյունքում պետքարտուղարության պատժամիջոցների համակարգող Դանիել Ֆրիդը հայտարարեց, թե ԱՄՆ-ը ողջունում է ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական միջոցներով կարգավորելու Ռուսաստանի ցանկությունը։ Նա հնարավոր համարեց արդեն 2016 թվականին չեղարկել ՌԴ դեմ պատժամիջոցները, եթե ռազմական գործողությունները չվերսկսվեն, Դոնբասում ընտրություններ տեղի ունենան, և վերականգնվի Ուկրաինայի վերահսկողությունը արևելյան սահմաններում։
Հունվարի 16-ի մյուս կարևոր իրադարձությունը Պեկինում Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) հանդիսավոր բացումն էր։ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը «պատմական» կոչեց պահը։
ԵՆԱԲ-ը հավակնում է մրցակցել Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ ԵՆԱԲ-ին անդամակցում է 57 երկիր. Չինաստանին պատկանում է հիմնադիր կապիտալի 25 տոկոսը, Ռուսաստանին՝ 6 տոկոսը։
Եվ վերջապես՝ դադարեցվեցին Իրանի դեմ պատժամիջոցները։
Ռուսաստանը շրջվեց Արևմուտքից դեպի Արևելք, բայց չինականից չորս անգամ պակաս մասնակցություն ունի ասիական պետությունների դինամիկ զարգացմանն ուղղված «պատմական» նախագծում։ Իրանը, որպես կարևորագույն գործոն, օրինակարգորեն վերադառնում է տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականություն ու տնտեսություն։
Այս պատկերը, և միջազգային մեկուսացման օրեցօր ծանրացող հետևանքներն էլ, ըստ ամենայնի, ստիպել են Պուտինին՝ ԱՄՆ-ին խնդրել «դիվանագիտական միջոցներով» կարգավորել ուկրաինական հակամարտությունը։
Եթե ԱՄՆ-ը շարունակի ընդառաջել, և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները բարելավվեն, արդյունքում կարող է լուծարվել կամ զուտ անվանական նշանակություն ունենալ ԵՏՄ-ը, ինչը թույլ կտա Հայաստանին վերականգնել տնտեսական ու քաղաքական գործընկերների ընտրության ազատությունը։
Իրավազոր են մտահոգությունները, որ Արևմուտքը, Պուտինի հետ հաշտվելով, կարող է աչք փակել Հայաստանի նման փոքր երկրների հանդեպ նրա ճնշումներին, բայց ուկրաինական դասերը թարմ են, և քիչ հավանական է, որ ՌԴ ագրեսիվության որևէ դրսևորում խրախուսվի։
Հրաշալի հեռանկարներ են բացվել, որ Հայաստանը կարող է օգտագործել, որպեսզի ներգրավվի, նախաձեռնի, զարգանա... Կամ... Մովսես Խորենացին նկարագրում է երկու հարևան տերությունների հետ IV դարի հայ թագավորներից մեկի՝ Տիրանի գործելակերպը. «հարկ վճարելով հույներին, մի մասնավոր բան էլ տալիս է պարսիկներին, խաղաղ ապրում է իր հոր նման, նույնպես ոչ մի քաջության գործ ցույց չտալով, նույնիսկ չհետևելով հայրենական առաքինությանը»։