Այս էլ որերորդ դեպքն է՝ տեսնում եմ, որ ընդդիմադիր հայացքների տեր ազատամարտիկները, անդրադառնալով Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում ձերբակալված իրենց մարտական ընկերների հարցին, գրեթե միաբերան պնդում են, որ դա անհնար է, ու ինչ-որ սխալ կա։ Որպես հիմնավորում էլ բերում են այն փաստարկը, թե ազատամարտիկը երբեք պետական դավաճանության չէր գնա։
Սա այդքան էլ ազնիվ կեցվածք չէ ու առավել ևս՝ սպառիչ հակափաստարկ չէ։ Ամենևին չեմ ուրանում անմեղության կանխավարկածն ու չեմ պնդում, որ գործով ներգրավված անձիք, այդ թվում նաև ազատամարտիկները հաստատ մեղավոր են իրենց մեղսագրվող զանցանքներում, չնայած նրան, որ քիչ հավանական եմ համարում, որ տվյալ գործում նման անճշտություններ լինեն, քանի որ, ըստ ամենայնի, ԱԱԾ-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ցանցը, ու չի բացառվում, որ ներդրած գործակալներ է ունեցել և նոր միայն անցել է ձերբակալությունների։
Ինչևէ, վերադառնանք այն փաստարկին, թե ազատամարտիկը չի կարող վնասել սեփական արյան գնով պաշտպանված պետությանն ու պետականությանը։ Խնդիրն այն է, որ այսպիսի մտքեր արտահայտում են այնպիսի ազատամարտիկներ, ովքեր ոչ վաղ անցյալում մեղադրանքներ էին հնչեցնում իշխանական ճամբարում գտնվող իրենց մարտական ընկերների հասցեին։ Այդ ո՞նց ստացվեց, որ եթե խոսքը գնում է, ասենք, գեներալ Մանվելի մասին, ով ոչ պակաս ազատամարտիկ է, քան այս գործով ներգրավված անձանցից որևէ մեկը, անտեսվում է նույն այդ փաստարկը, որ ազատամարտիկը սեփական երկրին չի վնասի, իսկ երբ բանը հասնում է յուրայիններին, այն կրկին արդիական է դառնում։
Ուշագրավ է նաև այն պնդումը, թե ազատամարտիկը երբեք պետական դավաճանության չի գնա։ Պետական դավաճանությունն առաջին հերթին իրավական կատեգորիա է։ Ինչ-որ մի պայմանական ազատամարտիկ կարող է ամենայն անկեղծությամբ համարել, որ ինքը, զինված հեղաշրջման փորձի մասնակցելով, ոչ թե պետական դավաճանություն է գործում, այլ ընդհակառակը՝ ազգային-ազատագրական պայքար է ծավալում ու նույնիսկ կարող է ունենալ համախոհներ ու իր դիրքորոշմանը կարեկցողներ, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրա ծրագրած քայլերը չեն հանդիսանում պետական դավաճանություն։
Այնպես որ, կարծում եմ, պետք է գոնե այս գործի շրջանակներում զերծ մնալ զգայական գնահատականներից ու անզգույշ եզրակացություններից, որոնք հիմնված են զուտ «հավատում եմ-չեմ հավատում» տրամաբանության վրա։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/01/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել