Հեղափոխություն ասվածը Աստծո արքայության նման մի բան է: Ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա, հավանաբար մենք էլ իրենց հետ միասին հստակ գիտենք, որ այդ արքայությունը ամեն մարդու և ըստ ցանկության հենց այնպես չի տրվում, քանզի ասված է. «Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գալ: Ոչ էլ կ’ասեն, թե ահա այստեղ է կամ` այնտեղ է, որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հենց ձեր ներսումն է: /Ղուկաս 17:20, 21/: Այսինքն, ասել կուզի, թե Աստծո արքայությունում հայտնվելու բաղձանքն իր ներսում փայփայող յուրաքանչյուր մարդ, իր գործերով, իր դավանած արժեքներով, մարդկանց, աշխարհի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով, իր ապրած կյանքով վերջապես, պիտի վաստակած լինի այդ իրավունքը, այսինքն իրապես իր ներսում պիտի կառուցած լինի այդ արքայության ճշմարիտ մտապատկերը, ինքն իր մեջ պիտի ԿՌԻ այդ արքայությունը: Նույնն էլ հեղափոխության պարագայում է: Հեղափոխությունը առաջին հերթին պիտի տեղի ունենա մարդկանց հոգիներում: Եթե մարդը իրոք ձգտում է իր, հասարակության կյանքի ներդաշնակմանը, անկեղծորեն` ոչ ձևական, ոչ փարիսեցիաբար, այլ իսկսպես ամբողջ սրտով է այդ ցանկանում, ապա իրենից պիտի սկսի, իր ներսում պիտի հեղաշրջում իրականացնի, պիտի ոչնչացնի ու իր մեջ «սպանի» իր էության մաս դարձած նյութապաշտությքւնը, չարությունը, եսամոլությունը, երեսպաշտությունը, ամբարտավանությունը և այլևայլ արատները, իր հետ նույնացած երկրավոր մեղքերի դեմ մահ ու կենաց կռվի պիտի ելնի և ինքնաբերաբար նաև առ Աստված ձգտող բնավորություններ պիտի զարգացնի: Այս ամենից հետո նոր միայն իմաստ կունենա խոսել արտաքին, այսինքն՝ մարդուց դուրս կատարվելիք, հասարակության կյանքը փոխող հեղափոխության մասին: Մեծ հաշվով, եթե այս «ներքին» հեղափոխությունը մարդու մոտ իրագործվում է, իսկ դա միայն անհատից է կախված և ուրիշ ոչ ոք այստեղ ազդեցություն ունենալ չի կարող, հետևաբար և ցանկացած անհաջողության պատճառաբանություն ընդամենը … սրտի մխիթարանքի է հավասար, ապա «արտաքին» հեղափոխությունը ինքն իրեն, առանց մեծ ջանքերի, զոհողությունների ու զոհերի կիրականանա: Սակայն, հազարապատիկ ավելի բարդ է «ներքին» փոփոխություն իրականացնելը, քան «արտաքին» սուտ հեղափոխություններ սարքելը:
Այնպես որ, ինչպես կասեր հեղափոխության մեծ վարպետը. «Հեղափոխությունը մանկական խաղ չէ», կամ մի փոքր ձևափոխելով վրացի հայտնի քաղաքական գործիչ, 1991-1995թ.թ. Վրաստանի փաստացի կառավարիչ, «օրենքով գող» Ջաբա Իոսելիանու խոսքերը` «Հեղափոխությունը ձեզ համար լոբի ուտել չի»: 
Իմ խորին համոզմամբ՝ «հեղափոխական» պայքարի ելնելու` խավարի, անբարոյականության, ստորության և հասարակական այլևայլ արատների դեմ մարտնչելու անհրաժեշտությունն այսօր իհարկե առաջնային խնդիր է ոչ միայն հայերիս, այլև աշխարհի ժողովուրդների մեծ մասի համար, քանզի մարդկությունն էլ մեզ նման հոգևոր-բարոյական անկումի վիճակում է այսօր գտնվում, սակայն անհրաժեշտ է խորապես գիտակցել, որ այդ պատերազմի ՃԱԿԱՏԱՅԻՆ գիծն անցմում է մարդու, մեզանից յուրաքանչյուրի ներսով, և եթե ամեն մեկս հաղթում ենք մեր մեջ ծվարած ՀՐԵՇԻՆ, ապա մերը կլինի նաև վերջնական հաղթանակը:
ԱՄԵՆ ԲԱՆ ՍՈՒՏ Է: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՄԵԿ ԱՅԼԻ ԱՆՑՆԵԼՈՎ, ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼՈՎ ՈՒ ՆՄԱՆ ԴԱՏԱՐԿ ԲԱՆԵՐՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ: 
ՓՈԽՎԻՐ ԻՆՔԴ, ԵՎ ԴՈՒ ԿՓՈԽԵՍ ԱՇԽԱՐՀԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել