...Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը, կարծես, չի զորել՝ ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:
Ո՞վ է կարողանալու մարմնավորել էս բոլորը: Մեր մտքից, մեր տեսադաշտից խուսափող թշնամուն, մեր մտքի եզրերին երբեմն առնչվող, բայց երբեք մեր մտքից կլանվող այս վիճակն ո՞վ է մարմնավորելու: Դավիթն է ընդգծվել, Դավիթն էր անհրաժեշտ ազգային զարթոնքի մեր իրականությանը. իրական Դավիթ, իրական թշնամի, իրական հաղթանակ: Դրանով գրականության բուն էությունից հեռացավ հայ գեղարվեստա-փիլիսոփայական միտքը, չնայած, ակնհայտորեն Մհերի վիճակն էր կրկնվում՝ և՛ առանձին, նույնիսկ խոշոր, անհատականությունների, և՛ կուսակցությունների ու ողջ հայ իրականության ճակատագրերում: Եվ «Դատավարությունը» պետք է գրվեր ոչ այստեղ և ոչ այն ժամանակ, այլ հետո և Եվրոպայում. անիրական թշնամու պես մահը կգա, ուղղակի ժպտալով քեզ մեռնելու կհրավիրի իրական աղբանոցում, իսկ դու մահվան այլ պատկերացում ունեիր: Մեկ էլ Խմբապետ Շավարշն է Մհերը՝ տիտան, քաջ, ողբերգական ու ծիծաղելի: Իմը դեռ ճանապարհին է: Ձեռագիր «Մեսրոպս»՝ տղայի իմ իսկապես հանդգնությունը, վիրավորելու չափ քաշքշեցին ու դեսուդեն արին...
Ցավալիորեն ուշ հասկացա, որ չի կարելի էդքան վավերագրող լինել։ Մեղքը մի քիչ էլ միջավայրինն էր, գրաքննադատությանը և գրչեղբայրներինը, ովքեր ամենայն լրջությամբ գրում էին բաներ, որ մեր կյանքի հետ ոչ մի կապ չունեին՝ ժամանակով և տարածությամբ հեռու, հաճախ նաև մեկ անգամ արդեն գրված բաների մասին։ Ես էլ ստիպված էի հակառակ բևեռից բռնել՝ յուրաքանչյուր կնոջ մասին պետք է էնպես գրել, որպես թե մորդ մասին ես գրում։ Եվ՝ յուրաքանչյուր մարդ արդեն աբստրակցիա է, յուրաքանչյուրն արժանի է հատուկ իր վերաբերմունքին։ Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն։
Ինձ համար դժվար է հասկանալ էն մարդկանց, ովքեր էսօրվա մասին գրում են՝ գրելով երեկվա մասին։ Նրանց միտքն ինչպե՞ս է զորում էսօրն ամայացնել, էսօրվանից վտարել, ասենք, ինձ ու քեզ, իրենք իրենց, իրենց կողքի մարդկանց, ամենքիս՝ նշանավորներիս ու հասարակներիս։
Իշխանական, բռի, տիրակալական գաղափար ես ուզում մարմնավորել՝ մարմնավորիր այսօրվա քո նախարարներից ու գողերից, քեզ մի նետիր միջնադար, այստեղ բաներ կան, որ միջնադարում չկար, իսկ միջնադարն այսօրվա մեջ չկա։
Յուրաքանչյուր անձ, ամեն մի իր սեփական իր բովանդակությունն ունի, և գրողի քո պարտականությունն է նրանից կորզել իր բովանդակությունը, բացահայտել իր բարոյականությունը։
Քո ժամանակի ծանր ճնշումը քեզ՝ մեկ և վերջին անգամ ծնվածիդ վրա, այդ սպանիչ ճնշումը գումարած թեկուզ մի եզակի գործ, ասենք, «Պղնձե հեծյալը», և գրականության մեջ երկու ելակետ ես ընդգծում, երկու սկզբունքային վերաբերմունք առ կյանքը. հովվի և հոտի, առաջնորդի և ժողովրդի, թագավորի և ժողովրդի, Աստծո և երկրի հայեցակետային գրականություն՝ մի կողմից, մյուս կողմից՝ Աստված յուրաքանչյուրիս մեջ է, բոլորիս հոգիներում ծաղիկներ կան, «Հոտն ինքդ ես», «Մենք ենք՝ մեր սարերը, դու մեր մեջ տեղ չունես», ժողովրդին չի կարելի էդքան դիմազրկել, չի կարելի ժողովրդից խլել լինելության նախաձեռնությունը, սեփական բարոյականությունից զուրկ համարել ժողովրդին և կանգնել նրա գլխին, որպես թե մարգարեի քո առաքելությամբ։ Ես էլ ասում եմ՝ եթե անբարոյական է, ինչո՛ւ չի կործանվել մինչև հիմա։ Հազար տարի, հարյուր հազար տարի մենակ է մնացել ինքը իր առաջ, ինչո՛ւ իրեն չի կերել չարիքի, քաղցկեղի պես։ Նշանակում է, որ իրեն ներդաշնակության մեջ է պահել տիեզերքի հետ։ Դեռ երեկ առաջնորդների երկրում էինք ապրում, գեներալների սրբացման, գեներալների և զորքի, առաջնորդի և ժողովրդի, կուռքերի և հասարակների երկրում, և անհրաժեշտությունն արծարծումն էր մարդ միավորի. մորդ մեջ տեսնել և՛ Թամար թագուհուն, և՛ Մարիամ Աստվածածնին։ Մեր գրականությունը կարծես վատ հովիտ չի եղել հայ կին-աղջկա համար, տես՝ ինչ խոնարհ աղջիկներ է ծաղկեցրել՝ Մակակո, Մնձուրու գրեթե ամբողջ գործը, «Պճեղ մը անուշ սիրտ», «Տիգրանուհի», «Կովկասյան էսպերանտո»...
Ամբողջատիրությանն ու դիկտատին ընդդիմադիր գրականություն մեզանում, ինչ էլ լինի, կար, որ սովետական իրականության մեջ կարողացավ գլուխգործոցներ տալ։ Տոտալիտարիզմի խարանը թող միայն մեզ վրա չդաջեն ու հարցը փակված համարեն, տոտալիտարիզմը բոլոր երկրների ու ժամանակների ցավն է, ուրեմն և՝ գրականության հավերժական նյութը։
Կողքի երկրների գրականության նկատմամբ շնորհակալության զգացում ես ունեմ, գրականություն, որ ինքնին նաև էսօրվա հեղափոխության արծարծող էր։ Մարդու ճորտաթափման, ազատության, ազգային արժանապատվության կրակը բորբոքողը։ Մեր պատանությանը, մանավանդ իմ սերնդի համար, խավարի մեջ շողք էր Արևմուտքի գրականությունը։ Նույնիսկ մեզ վրա ազդեցություն ավելի ունեցավ, քան իրենց ժողովուրդների վրա։ 300 մլնանոց տերության ժողովուրդը ծարավի էր իսկապես այլ խոսքի, այլ ձայնի, և դրսի գրականությունը եղավ հենց այդ ձայնը։ Ուրիշ հարց, որ հետո տեսար, որ դա ամենևին էլ այլ ձայն չէ, որ դա նույն քո նախնու՝ քո Չարենցի, Բակունցի և մյուս-մյուսների ձայնն է «Կիլիմանջարոյի ձյուները», «Դեպի լյառն Մասիս», «Գտիր քո կյանքը», «Տիգրանուհի»..., բայց միևնույն է՝ շնորհակալություն։
Հիմա, երբ ետ եմ նայում՝ կոսմիկական մտածողության, համատիեզերական, համերկրային, հավերժական էդ արժեքների հետ կապը նաև այստեղ չի կտրվել։ Վեհերոտ են եղել, իհարկե, ձայները։ Ասենք Պաուստովսկին, ասենք Աբիգ Ավագյանը, որ մեղմ կիսատոների գրականություն էին անում։ Այո՞։
Իրավ զորեղ ձայների լռեցումից հետո՝ Չարենցի, Բաբելի, Գորկու, լինելիք Բակունցի, էն մեծերի՝ իրական մեծերի, ովքեր հզոր արմատներով մխրճվել էին համաշխարհային գրականություն - ահա, նրանց արմատախիլ ոչնչացումից հետո, վախեցած, բայց և խիղճը չկորցրած մի գրականություն եկավ, որը դժվար էր ապրելու այսօրվա գրոտեսկային ուժի հեղինակների մեջ՝ ասենք Մարկեսի, ասենք «գուլագյան» Սոլժենիցինի։ Գրականությունն ազատությունն է. կիսազատ չեն լինում՝ ազատ են լինում կամ ստրուկ։
Այնուհանդերձ, նրանք մեր կապն էին մի այլ եզերքի հետ «Մի ուրիշ երկինք»՝ մշակույթը նաև այս անունով է կոչվել։ Հետո՝ այդքան երկար չեղավ, այսպես կոչված, գաղափարի տիրակալությունը՝ ոչ մեր, ոչ էլ ամբողջ հասարակության գլխին։ Մանավանդ իմ սերնդի համար կարող էր անուղղելի ողբերգության վերաճել, եթե մեր 15-20 տարեկանում վրա չհասներ այն բեկումը, իմպերիական մտածողության այն ջախջախումը մի, թվում է, խեղկատակի իսկապես հերոսական հեղափոխությամբ, որ էր Խրուշչևը... Ստալինյան բանտերի դռները բացեց, փորձեց մգլած այս հոգիներն ու տարածքներն օդափոխել, չոր քամի անցկացնել մեր բոլորի ու ամեն ինչի վրայով։ Եթե այսօր մեզանում արժեքավոր որևէ բան կա՝ առաջացել ու զորացել է այն օրերի թարմ շնչից։
Հետո արդեն լավ գրականություն ունենալու պայմանները կային գոնե 56-ից հետո։ Այն պայմանները, որոնց մեջ կարելի էր ստեղծել կայուն արժեքներ։ Եթե Հայաստանում չի ստեղծվել կամ քիչ է ստեղծվել՝ մեղքը հայրենիքի կիսագրագետ, կիսաքաջ, ծույլ որդիներինս է։ Կարծես թաքուն երդում կար, թե իմպերիայի համար չպիտի աշխատենք։ Սա վիճելի հարց է՝ տերերի համար լա՞վ աշխատել, թե՞ վատ։ Տերության մեջ պետք է լավ աշխատել, քանի որ վատ աշխատելով, վատ ստեղծելով փչացնում ես նախ քեզ։ Անվստահելի կամուրջ կապելուց առաջ քեզ ես փչացնում։ Քեզանից անբարո մի գոյություն է առաջանում, որը վաղվա ազատության պայմաններում նույն անբարոն է լինելու ինքը՝ իր, իր երկրի, իր որդիների առաջ։
Գրականություն ստեղծելու հնարավորությունն, ի վերջո, կար ավելի, քան եղել էր 2000-ամյա մեր պատմության ողջ ընթացքում, որովհետև, եթե պետականությունից զուրկ էինք, այդուհանդերձ մշակութային ինքնավարություն ունեինք։ Շատ տեղերում նույնիսկ կենտրոնն էր խրախուսում ազգային արժեքների ստեղծումը տեղերում։ Շատ դեպքերում նույնիսկ կենտրոնի դրած չափանիշները չէինք ապահովում։ Եթե ասեմ, որ իմոնք այստեղ՝ յուրայիններս, Մարտիրոս Սարյանին էին խժռում՝ մեղադրելով մինչև իսկ գործընկերակերության մեջ. իբր պետության հովանավորյալներից էր և «ուտում էր» գործընկերներին՝ իրենից ավելի տաղանդավորներին, որպես թե հայ գեղարվեստական միտքը նրանից ավելի պայծառ ճառագումն է ունեցել... Բայց, եթե ասեմ, որ Սարյանի պաշտպանությունը ստանձնեց Մոսկվան, հանձին Իլյա Էրենբուրգի, ինչպես նաև հիանալի Կալենցի պաշտպանությունը, հավատա, որ այդպես է։ Մինասին մենք վատ ընդունեցինք։ «Կենտրոնի» օժանդակությունը չլիներ՝ նրան էլ կհարթեցնեինք մեր միջակության քանոնով։ Մի քիչ հայացքդ բարձրացրու, Բաքվի վրայով անցիր գնա Միջին Ասիա՝ Այթմատովը Մոսկվայի կռած-կոփածն է, ամբողջ Միության մեջ հայացքդ պտտիր և տես, որ շատ դեպքերում իմպերիայի տերերը՝ ստուգապես իմանալով, որ փլուզումը գալու է գավառի դիմազրկումից, չափազանց կենտրոնացումից, իշխանական ինքնավարությունները փոխում էին կարող ենք ասել՝ նենգափոխում էին մշակութային, և ոչ միայն մշակութային, ինքնավարությամբ։ Եվ տեղական գործիչներիս համար եկել էր 2000 տարվա մեջ եզակի մի ժամանակ, երբ կարող էինք ստեղծել այն արժեքները, որ այսօր Սփյուռքից մինչև այստեղ մեր դարակներում մի 15 կինոժապավենի, մի 15-20 հատոր բանաստեղծության ու պատմվածքի ընտրանի կլինեին։ Չունենք, քիչ ենք աշխատել։ Ավաղ, մանավանդ որ մեր նոր տերերը չգիտեմ՝ լրագրողներիդ տերերն ովքեր են, գրողներիս տերերը՝ կոշկակարներն ու նավթավաճառները, երբեք մեզ համար չեն ստեղծի լուրջ պայմաններ, ինչին գրականության պես լուրջ մի գործն է արժանի։ Իսկ Մանթաշովի ժամանակները շատ են հեռու։
Պետությունը քեզ երեք ֆիլմի հնարավորություն տվել էր։ Հասցնեիր՝ կարող էիր յոթն անել, ազգային կերպարդ յոթով ու տասնյոթով պարտադրել աշխարհին ու Միությանը։ Էն ողորմելիները, որ հիմա գոյություն են քարշ տալիս, իրենց կերած հացը մինչև անգամ չեն արդարացրել։ Դրա համար ո՞ւմ մեղադրեմ. պետությա՞նը, թե՞ իրենց։ Թող գոնե արհեստավարժ լինեին՝ անեին, կարգին մարդ լինեին՝ անեին։ Երբ ուղարկում էին կենտրոն՝ սովորելու, ռուսները յուրայիններին կռում-կոփում էին, գավառից գնացածներին՝ ո՞չ։ Ազգայինի, քոնի ծարավն ունենայիր՝ ինքդ հագեցնեիր քո ծարավը՝ կռանված-կոփված վերադառնայիր, գոնե՝ արհեստավարժ...
Է, անցած ըլլա...
Էս ամեն ինչից հետո, որպես ընթերցող, որպես մարդ, կարոտ եմ մաքուր, անհավակնոտ, պարապ գեղարվեստական տեքստերի՝ հրապարակախոսական էս հիստերիայից, էս «խոհերից», էս «վերլուծություններից» ազատ շարադրանքների։ Որ էսքան կրքերից հետո մի սիրուն բնանկար գծվեր՝ գետի կամ դաշտի նկարագրություն, որ վերադարձ լիներ դեպի դասական պատմվածքի հունը։
Հակասո՞ւմ եմ ինձ։ Ըստ երևույթին, տարերքս քո նշած կետգծային պատումն է։ Իհարկե, մեծամտություն է, որ ես պունկտիրն ինձ եմ վերապահում, իսկ ուրիշներից սպասում եմ ահա խաղաղ պատումներ։ Բայց իմ էությամբ ես հենց կետգծային, պունկտիրային եմ, և խաղաղ շարադրանքն, իհարկե, ուրիշներից էի սպասելու։ Տևականորեն ես ինձ եմ մղում դեպի խաղաղ պատումի հունը, և իմ մեջ թերևս որևէ բան բեկվում, կործանվում է իմ տարերքը։ Ես գիտեմ, որ հիմա ավանգարդի, բեկումնային ժամանակների, գերռեալիստական իրականության մշակույթի մասին կհարցնես։ Ասենք՝ Սալվադոր Դալի և ոչ Մարտիրոս Սարյան։ Այո, Դալին հմայում է, դիվային հմայք ունի՝ «Ես էլ եմ ուզում Դալի լինել»։ Բայց Խորենացուց մինչև Աբովյան ու Չարենց՝ ողջ հայ մշակույթը, նույնիսկ հայի իմ ավանգարդը եթե կա այդպիսին՝ իր ճարտարապետությամբ, նկարչությամբ, բանաստեղծությամբ, արձակ շարադրանքով, կիրառական կոչված արվեստով, մի բան է փաստում. մենք, մեր մշակույթը մի քիչ այլ բնույթ ունի, քան քայքայումն արտացոլող ու քայքայումն արծարծող արվեստը։ Քո մշակութային գագաթները, խոշոր իրողությունները հարադրելով Թումանյան, Կոմիտաս, Սարյան, Խաչատրյան, Չարենց, Սարոյան, Ալան Հովհաննես... վստահանում ես ասել, թե իմոնք այլ կոչում ու այլ ուղղվածություն ունեն, Թորամանյանի խոսքով՝ անդորրող են, հանգստացնող, հայեցության տանող։ Որպես կործանված հայրենիքի զավակներ, նրանք գրականության, մշակույթի մեջ ստեղծում են այն, ինչ որ պետք է իրականության մեջ լիներ։ Մի ուրիշ անգամ, հնարավոր է, որ ասեմ՝ գուրգուրոտ, մայրական վերաբերմունք կա մեր մշակույթի մեջ առ իրականությունը։
Լավ արձակի կարողություն մեկի մեջ տեսնում եմ։ Լևոն Խեչոյանն է։ Մարմնական տվյալները նույնպես լավ էին, մարմինը ֆիզիկապես ինձ դուր եկավ. կարծես պինդ և քաջ տղա է։
Ինձ մի հարցրեք իմ ազդեցությունների մասին։ Չեմ ուզում այդ մասին խոսել։ Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։ Ում շարադրանքն ուզում է լինի՝ 15 տարեկան մի աղջկա, թե որևէ դափնեկրի, որպես աշակերտ եմ նստում տեքստերի առաջ։ Տեսնեմ ի՞նչ են ինձ սովորեցնելու։ Ինձ համար թանկ է ուսուցչի նրանց ահա այդ վիճակը։
Հիշո՞ւմ ես, կարծեմ դու էիր, հեռախոսով հարցրիր, թե 20-րդ դարի ինչ գործ եմ առանձնացնում հայ գրականության մեջ։ Դարը ետթումանյանական ժամանակներից ենք սկսում։ «Խմբապետ Շավարշը»՝ ասացի։ Խմբապետ Շավարշն է այսօր մեր հոգիներում և մեր առջև։ «Շավարշից» հետո մեզանում ստեղծվե՞լ է այն գրականությունը, որի բեմականացված տարբերակն այսօրվա մեր երկիրն ու քաղաքն է։ Իրեն հիշելու առիթ դարձյալ Շուկշինն է տալիս։ Ասում ես՝ ինչո՞ւ Շուկշինը։ Չգիտեմ։ Միասնական հայրենիքի գրականություն էր, և հարազատություն կարծես թե կա, գոյացել է, չնայած, կարող է պատահել, ես արաբներին ավելի մոտ զգամ։ Բայց 200 տարվա այս ընթացքում առաջացել էր մի բան, որ շատ էլ հարազատ չէր, բայց նաև խորթ չէր, առավել ևս՝ թշնամի։
Ահա, շուկշինյան փրկված պատկերներն են աչքիս առաջ գալիս։ Քաջ տղերք էին նույն Շուկշինը, նույն Վասիլի Բելովը, Բիտովը, Ռասպուտինը, Օկուջավան, Աստաֆևը, նորից Աստաֆևը, ուրիշ անուններ էլ կասեմ. ուկրաինացիներից՝ Տյուտյուննիկ, վրացիներից՝ Դումբաձե։ Վերջերս անընդհատ հիշում եմ Շուկշինի մի պատմվածքը՝ «Հավատում եմ»։ Գավառական հարբեցող հավատաքննիչը կասկածելի տերտերներին պատին է դեմ արել՝ դու սոցիալիզմին հավատո՞ւմ ես, Աստծուն հավատո՞ւմ ես։ Նա էլ ռուս մարդու իր էությամբ՝ սոցիալիզմն էլ է իմ մեջ, կոմունիզմն էլ, Աստված էլ, շնությունն էլ, կամ՝ ոչ մեկն էլ իմ մեջ չի, ես պիտի կքապար տամ, պիտի հարբեմ, պիտի փորսուղի ճարպ խմեմ, որովհետև ես ես եմ, ես կամ։
Քո հայ գրողը, Դեմիրճյանի «Հայը» փորձից բացի, կարողացե՞լ է այնքան խտացնել անհատականությունը, որ այսօրվա Երևանը մեզ գրականության պատկերասրահ թվար։ Իմոնք վեհերոտ են եղել... Էդ մի կողմ։ Գրական ասպարեզն ամբողջությամբ լցրինք հիմար, երկրորդական վեճերով։ Տգեղ էր, անազատների խոսք էր։ Իրար օգնելով պիտի շատացնեինք ու բարձրացնեինք մեր գրականությունը, կինոն, որ վերջապես մեկը կարողանար դառնալ բոլորի խոսքը, ինչպես որ Թումանյանը դարձավ ժողովրդի խոսքը։ Բայց դրա համար պիտի գոնե բաց ու անկեղծ լինեինք։ ...Բանաստեղծների մեջ հիմա հաճախ տեսնում եմ և՛ անկեղծություն, և՛ զգացմունք, և՛ քաջություն։ Հրաչ Սարուխանը, որ երեկվա պատանին է, նորերի մոտ արդեն կաղապարված ու գրքային է թվում, նորերն այնքան են նոր։
Իմ սերունդը, ես այսօր ստեղծվող գրականության տեքստից արդեն դուրս ենք ընկնում, արդեն լուսանցք ենք ընկնում։ Եվ մեր անձնական վիրավորանքը հաղթահարելով՝ նորերի վրա պիտի գուրգուրանք։ Ես կարծես կարողանում եմ նկատել ու ուրախանալ «իմ արձակի» նոր նշույլներով։ Երեկվա, ցավալիորեն արդեն երեկվա պոետներից նույն ջանքն եմ պահանջում։
Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։ Մի անգամ նույնիսկ վրաս ծիծաղեցին, երբ ասացի, թե մարմնավորյալ էպիզմը ինձ համար «Խմբապետ Շավարշն» է։ Աբովյան՝ դարձյալ բանաստեղծ։ Իրական արձակ կարծես թե չունենք, և մարդ ակամա մտածում է, թե գոնե արձակը հայերենի տարերքը չէ։ Այո՞։ Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։ Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ Թե չէ՝ մեր Ա. Ա.-ի արձակը։ Բոլոր պարբերությունները հիանալիորեն գլխավորի մասին են, բայց կառույց չկա՝ և ամբողջը գլխավորի մասին չէ։ Ճիշտ ես, նրա էսինչ անուրանալի շարքը չի կարելի ուրանալ, դրանք մեր ամենակայուն հաջողությունն են։ Բայց Շուկշինի «վիրավորանքը» տես. երեխայի թաթիկը բռնած գնաց խանութ, վիրավորեցին, ետ եկավ, և ընթերցողդ ուզում է վիրավորվածի հետ կախվել։ Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ Մեր «Գրական թերթը» մի ժամանակ բանավեճի պես մի բան սկսեց և չկարողացավ ծավալվել, չնպաստեցինք. կատարել ժանրը, ժանրի պահանջները բավարարել։ Ետ նայիր, հայ գրականության մեջ քանի՞ վեպ ունես, որ բավարարում է ժանրի պահանջները։ Ես միայն «Գևորգ Մարզպետունի» եմ հիշում։ Բայց տես, թե ինչ է արել Դերենիկ Դեմիրճյանը՝ շողշողուն «Քաջ Նազարի» հեղինակը «Վարդանանքում». այն է արել, որ... ֆրանսիացիները բռնեցին ու կրճատված, հավաքված տարբերակով հրատարակեցին պատանության տարիների իմ այդ պաշտամունքը, այլ խոսքով՝ նորից գրեցին։ Էլ չեմ խոսում մյուսներիս ու մյուսներիս մասին։ Էնպես դնում ու քշում ենք՝ խոհերով, հանդգնությամբ... Էդպես չի։ Չի կարելի։ Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես։ Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր։ Տիգրան Մանսուրյանից սովորիր, երաժիշտներից, Արամ Խաչատրյանից սովորիր, նկարիչներից՝ մեծ Սարյանից սովորիր, տես, ինչպես է պաուզա անում, կարմիրի համար կապույտը ինչպես է պաուզա դառնում... Չգիտեմ, ես էսօր կարոտ եմ հենց մաքուր, բնության միջով շարժվող առարկայի։ Դա պատմվածքը պիտի լիներ։
Եվ ինչքան գեղեցիկ է Կամյուի «Օտարականը». առարկայի շարժումը տարածության միջով։ Էկզիստենցի մասին բառ չկա, բայց քամվածքն էկզիստենցն է։ Եվ հիմա կամերային «Անկումը» նայիր. բոլոր խոհերը՝ փիլիսոփայություն, ամեն մի խոսքը՝ վերլուծումն... խցած, խցած, շարժում չկա, չեմ կարողանում կարդալ, չեմ կարողանում հաղթահարել. գործը դատապարտվածության մասին էր լինելու, գործն ինքն է դատապարտվում։
Զորյանի արձակն է ինձ դուր գալիս՝ «Խնձորի այգին», «Պատերազմը»... Եթե ասեմ, որ մեր արձակի լավագույն երկը «Խնձորի այգին» է, նաև «Ղաչաղանը» և էլի մի 5-6 գործ, որ երևի շատ քչերդ եք նկատել։ Առհասարակ մեր մտավորականության մի շատ զգալի մասը հայ մշակույթից օտարացված էր. երեկ մոսկվահպատակ էր, այսօր մի այլահպատակ է, վաղը մի ուրիշհպատակ կդառնա։ Դու նրան ընթացքի մեջ տես ու տես նրա վաղվա դարձը դեպի իր մայրը, որ է Հայաստանը, և նրա ագրեսիան դու տես։ Էստեղ թանկ բան չկա նրա համար։ Նա հրով ու սրով է գալու, Նարեկացի ու խաչքար է ասելու, բայց սրբություն չունի այստեղ, որպես թե մեծ գաղափարներով, բայց միայն պրովինցիալի մեծ ախորժակով է գալու «մայրաքաղաքի» վրա, և բնիկներդ ձեզ վտարված եք գտնելու ձեր իսկ երկրում։ Քանիսի ուշադրությունն եմ հրավիրել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտի» վրա. ի՜նչ այժմեական, ի՜նչ ճշմարիտ կինոնկար կլիներ։ Մեր ժամանակի մեծագույն գործն է՝ մարդու օտարումն իր երկրից։ Քաղաքակրթության անունով եկան, արևելյան քո կավի դղյակը, որ էիր դու, փլեցին, քեզ քո երկրից դուրս քշեցին, շորերդ քաղաքի գլխին մի տեղ թողիր ու վերացար։ Այսօրվա իմ վիճակն է։ Դարձյալ Մհեր, այո՞։ Գուցե թե պատահի՝ մոսկովյան մի հրեա օտարացման այս թեման ձեռին գա, ինձ էլ խորհրդատու վերցնի ու... Բայց «Պրովինցիան» այստեղ էր, չէ՞, արդեն քառասուն տարի այստեղ էր, իր բացողին ու ծավալողին էր սպասում. դու ո՞ւր էիր, ինչո՞վ էիր զբաղված, ուրի՞շն է ներկայացնելու քո վիճակը քո երկրում։

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել