Վերջին օրերին խոզի գրիպի և սուր շնչառական վարակների տարածման հետ կապված ինչ ասես կարելի էր կարդալ: Ամենակարևոր ու քննարկվող թեման` մեզ մոտ համաճարակ է, թե՝ ոչ: Համաճարակը որևէ տարածքում` գյուղ, քաղաք, հանրապետություն, վարակիչ հիվանդությունների կտրուկ աճն է, որի ժամանակ տվյալ տարածքի բնակչության մի զգալի տոկոսը դառնում է հիվանդ: Տարբեր վարակների համար գոյություն ունի բնակչության թվաքանակի մինիմալ շեմ, որից ավել հիվանդների առկայությունը նշանակում է համաճարակ: Վիրուսային վարակների դեպքում դա բնակչության թվի 1-5%-ն է:
ԱՆ կողմից պարբերաբար հրապարակվող թվերի հիման վրա անհնար է որոշել՝ կա Հայաստանում գրիպի համաճարակ, թե՝ ոչ: Անորոշության պատճառները երկուսն են:
1) Նշվում է սուր շնչառական վարակների մասին, սակայն սրա հարուցիչ կարող են լինել մի շարք վիրուսներ, սովորական գրիպից սկսած, վերջացրած ադենովիրուսներով: Հետևաբար անհնար է ասել՝ կա գրիպի համաճարակ, թե՝ ոչ:
2) Հրապարակվող թվերը ստացվում են բացառապես բուժհիմնարկներ դիմողների հաշվառման հիման վրա: Բայց որպես կանոն բուժհիմնարկներ դիմում է ռեալ խնդիր ունեցողների փոքր տոկոսը, ու դա ճիշտ է բոլոր հիվանդությունների համար: Թե իրականում որքան մարդ է այսօր հիվանդ, մնում է անհայտ:
Նման պարագայում ճիշտ կլիներ, որպեսզի պոլիկլինիկայի աշխատողները շրջայցերի կամ հեռախոսազանգերի միջոցով փորձեին մի քանի օրվա մեջ պարզել վարակվածների մոտավոր թիվը: Մեր նման փոքր հանրապետության համար դա մեծ դժվարություն չէ: Ճիշտ կլիներ նաև լուրջ վերահսկողության տակ առնել հասարակական վայրերում մարդկանց կուտակումների հարցը, օդանավակայաններում հսկել հանրապետություն ժամանողների առողջական վիճակը, քաղաքացիներին բաժանել անվճար շնչառական դիմակներ և այլն: Նման քայլերը միգուցե շատերին չափազանց թվան, սակայն ավելի լավ է կանխել համաճարակի առաջացումը, քան հետո պայքարել համաճարակի դեմ:
Քաղաքացիներն էլ պետք է զգոն լինեն, հետևեն մի քանի պարզ և հեշտ կանոնների: Անկախ նրանից՝ գործ ունենք գրիպի, խոզի գրիպի, թե շնչառական վիրուսային այլ վարակի հետ, պետք է հիշել, որ վիրուսը տարածվում է օդակաթիլային եղանակով: Հետևաբար, ցանկալի չէ գտնվել փակ տարածքներում, որտեղ կա շատ մարդ, կրեք դիմակներ, անպայման լվացեք ձեր ձեռքերը, քանի որ օդակաթիլային եղանակով տարածվող վիրուսները փոխանցվում են նաև իրերի միջոցով, հանրային տրանսպորտի փոխարեն ավելի լավ է շատ քայլել, հետևեք ձեր շնչառական ուղիների վիճակին և պահեք դրանք մաքսիմալ խոնավ վիճակում (հեղուկ օգտագործեք), քանի որ լորձաթաղանթի չորացումը հեշտացնում է վիրուսի ներթափանցումն օրգանիզմ: Եվ անպայման դիմեք բժշկի, եթե նկատում եք որևէ սիմպտոմ: Առողջ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել