Այս գյուղը հազար թելով կապված է աշխարհին. հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի, մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայի խանութով, ուսուցման ծրագրերով. ակումբային ուսումնարանն այս գյուղին տալիս է թատրոնից ու գրքից հասկացող շրջանավարտներ, այս գյուղը մոտիկ ու հեռու գյուղերն է ուղարկում լխտիկ հարսներ, որոնք եղանը ձեռքից չեն գցում մինչև ընդհուպ ծննդաբերելը և դեռ չի պատահել, որ նրանցից գոնե մեկը թեկուզ մի քիչ լիրբ լինի. այս գյուղը համալսարաններին տալիս է ընդունակ աշակերտներ, բանակին՝ կենսուրախ և կարգապահ ռազմիկներ. կինոգնումների գրասենյակն այստեղ է ուղարկում ֆիլմեր, լրագրերը՝ թղթակիցներ և այլն: Եվ աշխարհի հետ շփման կետերի մարդիկ, որոնք, իրենց աշխատանքից զատ, ինքնակամ ստանձնել են շրջապատը գնահատելու պարտականությունը, այդ մարդիկ այս գյուղի մարդկանց ամեն անգամ որակում են՝ համեստ:
Հինգերորդ դասարանի երեխան լցնում է մանկական ամսագրի խաչբառը Բեթհովենով, Սերվանտեսով, Լենցով, Հիպոկրատով, Բրունոյով, Կոմիտասով, Սահարայով, Եփրատով ու կենգուրուով և պատասխանը չի ուղարկում խմբագրություն, որովհետև ուղարկելու իմաստը չի հասկանում: Խաչբառը լցնում է իր իմացությամբ, մի կողմ թողնում ամսագիրը և գնում գիրք վերցնելու գրադարանից, նորոգող վարորդին օգնելու, կալերում ճնճղապարսերի վրա կրակելու, դարբնոցում քթիկը մրոտում է, փուքս փչում՝ աչքը ծեծվող երկաթին:
Ամառվա ամիսներին գյուղի զավակները քաղաքից, սովորելու տեղից գալիս են: Գալիս են ուղիղ հանդ: Հայրերը, մեծ ընկերները նրանց ասում են.
- Եկա՞ր, բարով եկար, գերանդիդ հրեն քեզ է սպասում:
Գյուղը բանակին գեներալներ է տվել: Պատահում է, տասը տարին մեկ ամառվա մի ամիսը գալիս են գյուղ:
- Ընկեր գեներալ,- ասում են նրանց,- եղանը վերցրու, դիզվորներին հրամայիր:
- Առանց հրամանի այսքանը ո՞նց եք դիզել,- ժպտում է գեներալը:
- Շատ եք ետամնաց,- վրդովվել էր գեներալուհին,- ոչ՝ բարով եկար, ոչ՝ շնորհավորում ենք. «ընկեր գեներալ, հունձը փչանում է, եղանը վերցրու»:
- Ինչի՞ համար շնորհավորեինք,- մի անձրև օր հարցրին գեներալուհուն:
- Ահա... այդ էլ չգիտեք... ախար երկու ամիս առաջ է գեներալ դարձել:
- Իսկ դրանից առաջ ի՞նչ էր:
- Պարզ է, գնդապետ:
- Դե,- առանց ժպիտի, վստահ, լուրջ ասացին հնձվորները, դիզվորները, հերկվորները,- գնդապետից հետո գեներալ են դառնում:

Անտառամեջն օտար լեզվի մշտական ուսուցիչ չուներ: Ուղարկված աղջիկները մի քանի ամիս պարապում էին, շրթներկ քսելը մոռանում, հայելու մեջ զզվում էին իրենցից ու լաց լինելով գնում քաղաք: Քաղաքում, զզված, պատմում էին ընկերուհիներին.- Այդ ի՞նչ էր: Փափախով նստում են կինոյի, ծխում են: «Խելքը՝ խելոք աղջիկ ես, մի քիչ հաց կեր՝ մարմինդ մի քիչ տեղը բեր, տղես էս է բանակից գալիս է»:
Դպրոցի վարիչը գնաց տնտեսության հաշվետարի մոտ.
- Դու ճակատում եղել ես, ճի՞շտ է:
- Ոտս այնտեղ թողեցի:
- Այդ չեմ ասում: Գերմաներեն գիտես, ճի՞շտ է:
- Իհարկե: Երկու տարի գերի եմ եղել:
- Կարո՞ղ ես դաս տալ:
- Տառերը մոռացել եմ:
- Կսովորեցնեմ, արի:
Գենոսե Մանուկյանը տառերը վերհիշեց, և դրանից հետո դպրոցի շրջանավարտները համալսարան ընդունվելիս գերմաներենից գերազանց էին ստանում:
Հաշվետարի պաշտոնն զբաղեցրեց կալերի պահակը, որ նույնպես միոտանի էր: Նրա ու նախագահի միջև տեղի ունեցավ այսպիսի խոսակցություն.
- Կարո՞ղ ես հաշվետար աշխատել:
- Պահակ եմ, էլի:
- Հաշվետար է պետք:
- Գործ է, էլի, կանենք:
- Արի:
Պահակ դարձավ տնտեսության ամենաառաջին նախագահ Աբգարը, որ տանը թոռնիկին քնեցնում էր, պառավի հոգու հետ խաղում, պառավը կատաղում էր, իսկ ամենաառաջին նախագահն ասում էր. «Մի՛ գոռա, երեխան քնած է», և գալիս էր գյուղամեջ: Նախագահին ասում էր.
- Աշխատանք տուր:
- Գնա թոռնիկիդ քնեցրու:
- Քնեցրել եմ:
- Գնա պառավիդ հետ խաղ արա:
- Մեծացել է, էլ ինձ հետ չի ուզում խաղալ:
- Գնա՜...- մտածում էր նախագահը,- գնա, թոշակդ դուրս գրված է, գնա թոռնիկիդ համար թխվածք վերցրու խանութից:
- Թոռնիկս անատամ է:
- Պառավիդ համար:
- Երկուսն էլ անատամ են:
Եվ նախագահն ու ամենաառաջին նախագահ Աբգարը մտածկոտ լռում էին:
- Չգիտեմ,- ասում էր նախագահը:- Մի՛ խանգարիր, զբաղված եմ:
- Հիշո՞ւմ ես,- ասում էր նախագահը,- փոքրիկ տղա էիր, սապոգներիս չափ, հերդ քեզ բերում էր գյուղամեջ, էդ մեծ քիթդ էն ժամանակ քթիկ էր, քթիկդ փուչիկ էր լինում, թաշկինակս հանում էի ու սրբում:
- Հապա ի՞նչ անենք,- ասում էր նախագահը,- արտ՝ չես կարող հնձել, տավար՝ չես կարող պահել, մեղր չես կարողանում ուտել՝ որ մեղվանոցում աշխատեիր: Գիտե՞ս ինչ, արի կաղնու ճյուղից կապեր ճկիր տավարի համար:
- Երեխա ես գտել, ձեռ ես առնո՞ւմ:
- Չէ, լուրջ եմ ասում:
- Երկաթե կապեր, դե, ստացել եք:
- Կաղնունը լավ է:
- Դե սարքե՛լ եմ: Երկու հազար հատ ունեք:
- Չգիտեմ, ես չգիտեմ: Թոշակի ես անցել՝ հանգիստ թոշակիդ մնա, ինձանից ի՞նչ ես ուզում:
Ու բացվեց պահակի տեղը:
- Ուրիշի չտաս,- խառնվեց ծերունին,- պահիր մինչև հրացանս վերցնեմ:
Ծերունին նույնիսկ գայթեց սեմին: Ծերունիները սովորաբար չեն գայթում: Նրանք քայլելու մեջ հասունի փորձ և մանկան զգուշություն ունեն: Նրա գայթելով՝ ժամանակի դոնդողե հավիտենությունից խլրտալով զատվեց ու գրասենյակում հովվի պես կանգնեց մեր ապրելու ժամանակի ուժեղ, գեղեցիկ, պինդ հասակը:

Գյուղը հին է: Գյուղի վանքը հազար հինգ հարյուր տարեկան է: Վանահիմքի հեթանոսական կրակարանը ութ հազար հինգ հարյուր տարեկան է: Վանքն է գյուղում բույն դրել, թե գյուղն է փաթաթվել վանքի շուրջը՝ չգիտեն, գյուղի տարիքը չգիտեն: Քաղաքից եկածները վանքը հարստություն են համարում. «Ազգեր կան, որ չունեն գոնե երկդարյան շինություն»: Այսպես ասում են պատմաբանները: Եթե, ասում են նրանք, թուրքերը, աստուծո ու ցարի օրհնությամբ, մինչև վերջ արմատախիլ բնաջնջեին Հայաստանը, և մեզանից մնար այս գյուղը այս վանքով՝ մենք դարձյալ իրավունք կունենայինք կոչվելու բարձր քաղաքակիրթ ազգ: Գերանդին ուսին՝ Պավլեն լսում է նրանց և չի կարողանում հպարտանալ, որովհետև էն շանորդի Զավենը ահա մի ժամ է ասել է՝ սպասիր, գալիս եմ, ու մի ժամ է՝ չկա, իսկ Սևանի կողմից Զարդաքար սարի վրայով ամպեր են ելնում և ճաշվա մոտերքը անձրև կշրխկա: Վանքն արժեքավորված է նաև ճարտարապետներից. պատուհաններն այնքան նեղ են, որ կներսահեն միայն ճառագայթն ու աղավնին, կատուն չի կարող խցկվել, բայց ներսը պարզ ցերեկվա պես լույս է:
Եվ այդ ճարտարապետն ու պատմաբանը, և գեներալի կինը, և ֆինբաժնի գործակալը, և հեռախոսը, որ ընդամենը երեսուն տարվա պատմություն ունի այս գյուղի կյանքում, և բոլոր լրագրերը, շարժանկարները, շրջաբերականները, հյուրախաղերը, գովեստները, ցուցումները, կշտամբանքներն ու սպառնալիքները չեն ազդում գյուղի վրա: Լրագիրը՝ լրագիր, ցուցումը՝ ցուցում, բայց խոտը չորացնելու է արևը և ոչ թե ցուցումը, և նրանք դեմքներն արևին են պահում, և այդ պատճառով էլ կշտամբանքը չի ազդում նրանց վրա: Մի անգամ այնպես եղավ, որ կենտրոնից եկած դասախոսը մնաց մենակ, որովհետև արջը սարի գոմահանդերում մտել էր խոզանոցները: Մի անգամ էլ այնպես եղավ, որ կենտրոնից նախագահին ասացին՝ վաղը լինես այստեղ, նախագահն ասաց՝ չե՛մ կարող, և կենտրոնից չկարողացան պատասխանել, որովհետև կայծակը խփեց ու փշրեց հեռագրասյունը: Իսկ զարգանալը, դե գյուղ է, իհա՛րկե զարգացել է:
Ականջին հեռախոս է վերցրել, լրագիր է կարդում, ձեռքը լաթ է առել մեքենան սարքի գցելուց հետո մազութը մաքրելու: Այսօր անտառամեջցու և հեռախոսի հարաբերությունը նույնը չէ, ինչ երեսնական թվերին: Չկա հիմա այն ժամանակվա կասկածամտությունն ու ակնածանքը հեռախոսին. երեսնական թվերին դա մի բան էր, որով իրար կարգադրություններ էին անում ու պահանջներ դնում, հետո ընկալուչը կախում էին և մատիտով մտածկոտ թխկացնում գրասեղանի ապակուն: Այդ պահին նախագահը թվում էր նույնքան խորհրդավոր ու զորեղ, ինչքան այսօրվա անտառամեջցի հովվի համար փակի տակ պահվող հյուլեաբանը: Հետո մի անգամ եղավ այն, ինչը պիտի լիներ. նախագահից ձի ուզեցին բժշկի ետևից հարևան գյուղ գնալու՝ նախագահը ծիծաղեց:
- Ձի՞ն ինչիդ է պետք, զանգահարիր՝ կգա:
- Բա հեռախոսը մենակ շրջկենտրոնի համար չի՞:
- Զանգահարիր, զանգահարիր:
- Զանգահարեմ, ի՞նչ ասեմ:
- Ասա բժիշկ Աստաբացյանին ուղարկեք Անտառամեջ, հիվանդ երեխա կա:
- Թե որ ձեռ չես առնում, դու զանգահարիր:
Դրանից հետո նախագահին հաճախ էին անել տալիս այդպիսի մանր ծառայություններ ու այդպես էլ չէին կարողանում հատուցել նրա արած լավությունը: Մինչև որ՝ մի անգամ նա գրասենյակում չէր, ու հեռախոսը զնգզնգաց: Հովիվներն իրար անցան, ապա շվարեցին: Իսկ այդ խայտառակիչ հեռախոսը նրանցից մեկին անպայման կանչում էր ու կանչում: Հովիվներն իրար երեսի նայեցին, հետո առաջ գցեցին նրան, ում որ սարերում ամենից շատ էին ձեռ առնում:
- Սաքո, մեջներիս հասկացողը դու ես...
- Սաքո, քեզ տեսնենք...
- Սաքոյի մերը չմեռնի, մի անգամ...
- Այ, ապրի Սաքո՜ն...
Իսկ Սաքոն հեռախոսին ասաց.
- Հը՛:
Ապա հիշեց և ուղղեց.
- Ալո՜:
Ընկերները հռհռացին. «Տեսար դու Սաքոն միանգամից ոնց զարգացա՞վ, աոո՜, ալոյով է խոսում»: Խեղճ Սաքոյի անունը մնաց Հեռախոսի Սաքո:
Հեռախոսի Սաքոն ասում էր հեռախոսին.
- Ինչպե՞ս... Այո, Անտառամեջը... Ոչ, Սաքոն է...
Զանգահարողը գետամեջցի էր, ասում էր Անտառամեջի համար Գետամեջ ապրանք կա՝ օճառ, լուցկի, չիթ, նավթ, գալեթ, գերանդի, թող գնան բերեն: Հեռախոսն այնքա՛ն խորհրդավոր չէր, նրա ձայնն այնքա՛ն մարդու էր, կարծես խանութի վարիչ Խեչոն կողքին էր, և Սաքոյի համար այնքա՛ն ընտանի դարձավ հեռախոսը, որ Սաքոն ասաց.
- Խեչո՜...
- Ասա, լսում եմ:
- Խեչո՜...
- Ալո, ասա, Սաքո, Խեչոն լսում է:
- Խեչո՜...
- Հա՛, ասա՜:
- Խեչո, ասում ես գալեթ է, նավթ, մեկ էլ չի՞թ...
- Մազութ, սապոն, մեխ, գերանդի:
- Խեչո, ասում ես հաստա՞տ դու ես:
- Իհարկե, ես եմ, Խեչոն եմ:
- Մարդ ես դարձել, հեռախոսով ես խոսում, էլի, Խեչո, իբր չէիր կարող մի երեխա ուղարկել:
Մյուս հանգույցում Խեչոն բարձր ծիծաղեց:
- Խեչո,- ասաց Սաքոն,- դու շունշանորդի ես:
Դրանով Սաքոն ուզում էր ասել, որ եթե պետք լինի, ինքն էլ կզանգահարի և ոչ թե երեխա կուղարկի:
Հետո հովիվները Սաքոյի ձեռքից ընկալուչը խլեցին և ով ինչ գիտեր՝ ասաց Խեչոյի, նրա գող հոր, գող պապի, Խեչոյի գող պապի պապի մասին: Դրանով հովիվներն ուզում էին գոված լինել հեռախոս հնարողին, հնարողի հորը, պապի պապին: Եվ խանութի վարիչ Խաչիկ Պողոսյանը ճիշտ այդպես էլ հասկանում էր:
Այդպես՝ հեռախոսը մտավ կենցաղ, դարձավ մահակի, պանրի, սայլի պես մի բան: Հետո՝ էլեկտրականությունը, ռադիոն և այլք: Ի միջի այլոց, էլեկտրականությունը մուտքի օրերին և էլի մի երկու տարի խորհրդանշում էր բոլոր տեսակի նորությունները: Այնքան որ՝ մետաղե մահճակալին Սաքոն չէր կարողանում ասել պարզապես երկաթե մահճակալ, ասում էր էլեկտրական մահճակալ: Կամ գուցե հնարել են Սաքոյի վրա, որպեսզի Սաքոն չհնարի իրենց վրա:
Նորությունների էլեկտրական և ոչ էլեկտրական այդ միասնությունը գյուղն արագ յուրացրեց և, դրանով հարստացած, շարունակեց փորել Երկիր մոլորակից Անտառամեջին հատկացված տեղամասը: Եվ գեղեցիկ է այդ տեղամասը: Վանք՝ աղավնիները վրան, գերեզմանոց, ուր չի երևում թե հանգուցյալներից որի ժառանգներն են եղել աղքատ, որինը՝ հարուստ, որովհետև գյուղի քարհատներն ու քարտաշները պապեպապ ժառանգել են միայն մեկ չափսի ու մեկ ձևի քար կտրել,- ապա, գերեզմաններից դենը, արտե՜ր, որ ալիքներով ծառս են լինում սարի փեշերով վեր և, ուր արտերի ալիքը ետ է ընկրկում սարալանջի վերձիգությունից, դրանից դենն արածում է ոչխարը սպիտակ ու սև հոտերով: Իսկ ձորում, գետի ափերով վար՝ մինչև ներքևի գյուղի այգիները և ափերով վեր՝ մինչև ուր հասնում է քաղցրացնող շոգը, նեղ շերտով գնում է Անտառամեջի այգին: Այդտեղ, զովի և շոգի սահմանագլխին, գետը ծունկ է տալիս: Այդ ծունկը սեղանի պես հարթ ու բարձր մի տափարակ է, անունը Աթոռիկ, սևահողի վրա կուշտ ու փարթամ ծփացող կանաչով, որի մեջ շախմատաձև շարված են մեղվանոցի կապույտ փեթակները՝ թվակալած մեկից մինչև հինգ հարյուր երեսուն: Յոթ վերստ շառավղով կանգնած է մեղվանոցի թանձր գվվոցը, մեկ վերստ շառավղով կանգնած ծփում է մեղրի տաք բույրը: Երևի արջերը ժայռի տակ, գետի մյուս ափին պպզում են ու նայում վեր, և երևի ժայռի գլխին ժպտում է ծերունի մեղվապահը՝ ակնոցը քթին.- Արի՜, արի՜...
- Իհա՜րկե Անտառամեջն օրինա՛կ կբերեք,- շրջանային խորհրդակցություններում փնթփնթում են ուրիշ գյուղերի ղեկավարները:- Անտառամեջն իմ գյուղը լինե՜ր... Նրանց մեղվանոցը... Աստված տվել է ու չի խնայել:
Ազնիվ խոսք, աստված բոլորին է տվել: Միայն թե աստված, գետի մեջ խրված Աթոռիկ տալով, մեղվանոցը շախմատաձև չի շարել վրան: Այդքանը թողել է մարդկանց: Եթե մարդիկ հակված չեն Երկիր մոլորակի իրենց տեղամասը պարտեզ դարձնելու, ապա կամ տափարակը չեն գտնի, կամ կգտնեն՝ նրա գլխին չի լինի սաժենանոց սևահող, կամ, ով գիտե, պակաս կլինի մի ուրիշ բան:
Ես արդեն վանքի մասին ասացի: Չնայած վանքի այդքան արժեքավորությանը, ինձ համար վանքն այստեղ ոչինչ է: Ինձ համար վանքը պարզ վկայությունն է այն բանի, որ այս փոքրիկ հողակտորի վրա հազարամյա պատմություն ունի հողի ու մարդու բարեկամությունը:

2
Նախրորդ Հովհաննեսը ծնեց նախրորդ Եսայուն, նախրորդ Եսային ծնեց նախրորդ Հայկազին, նախրորդ Հայկազը ծնեց Ստեփանին, որ արդեն նախրորդ չէ, համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդության միության շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար է: Ղեկավար է և ասում է. «Մենք պետք է հարգենք հողի աշխատավորին»: Եվ այդ խոսքերի համար նրան սիրում են:
Հովհաննեսին չեմ տեսել, լսել եմ միայն, որ ապրել է հարյուր քսանյոթ տարի և վերջին երկու տարին գանգատվել է աչքերի թուլությունից: Եսայու միայն մահն եմ հիշում («Եսայուն ջուրը խեղդել է»: «Ո՞նց թե»: «Ուզեցել է ձիով անցնի, քշել է»: «Հանել ե՞ն»: «Դեռ չեն գտել»: «Թո՜ւ...»): Թաղումը չեմ հիշում: Միայն միտս է, որ շվարած թքողը փոխում էր տաբատը, ոտը խճճվել էր փողքի մեջ, ցատկոտում էր մի ոտի վրա և հայհոյում կարողին՝ կնոջը...

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել